Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առաջին անհրաժեշտության ապրանքների գների կայունությունը կամ գնանկումն, իհարկե, սոցիալական դրական ազդեցություն ունեն, սակայն կարևոր է նաև փաստել, որ առաջին անհրաժեշտության ապրանքները միայն մեկ-երկուսը չեն, այդ զամբյուղում մտնում են նաև պարենային ու ոչ պարենային ապրանքներ։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով վարչապետի ասուլիսի ժամանակ կարագի և շաքարավազի շուկայի վերաբերյալ հայտարարությանը, նշեց, որ այստեղ գործ ունենք դրվագային մոտեցման հետ. «Առանձնացվում է մեկ-երկու ապրանք, որն ունեցել է գնի կայունություն և չեն վերցնում այդ նույն զամբյուղում մյուս ապրանքները, որոնք օրինակ 10-20 տոկոս գնաճ են ունեցել։ Ստացվում է՝ մի մասը վերցնում է այն ապրանքները, որոնք թանկացել են, իսկ մյուս մասը՝ իր քաղաքական շահից ելնելով ներկայացնում է այն ապրանքները, որոնց գները կայուն են կամ էժանացել են։ Երկու պարագայում էլ ծայրահեղություն է և օբյեկտիվ պատկերը չենք տեսնում»,-ասաց տնտեսագետը։
Վերջինս գտնում է, որ օբյեկտիվ պատկերը ստանալու համար պետք է դիտարկենք, թե որքանով է աճում կենսապահովման բյուջեն և այն պետք է համեմատել իրեն համարժեք եկամուտ ապահովող մյուս ցուցանիշների հետ, այդ թվում նվազագույն և միջին աշխատավարձի հետ։ Իհարկե, ավելի դրական կլինի, եթե կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքն ավելի դանդաղ աճի, քան եկամուտները, սակայն նախորդ տարի միջին աշխատավարձը բարձրացել է 5-ից 6 տոկոս, որի վրա էապես ազդել է պետական համարագի վարձատրության բարձրացումը, ընդ որում նաև բարձրաստիճանների պարգևատրումներով պայմանավորված. «Այսինքն 5-6 տոկոս բարձրացման առյուծի բաժինն ընկնում է հենց այս պետական հատվածի վրա։ Մասնավոր հատվածում ցածր եկամուտների առաջանցիկ աճ չենք ունեցել և սա է խնդիրը»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Ըստ նրա, երբ միտումնավոր, այս կամ այն շահից ելնելով իրավիճակը գնահատում ենք ոչ ամբողջական ու համարժեք, ապա դրա հետևանքով կարող ենք ունենալ դեֆորմացված պատկեր, ինչի արդյունքում պետական ծրագրերը կդառնան ոչ արդյունավետ և ոչ հասցեական. «Դրա համար կարևորում ենք օրեցօր խորացող սոցիալական, տնտեսական խնդիրների կանխարգելումը։ Կանխարգելման թիվ մեկ պայմանն իրավիճակի համարժեք, ամբողջական և առարկայական գնահատումը պետք է լինի։ Սխալ էր միայն կարագի ու շաքարավազի շուկաներին անդրադառնալը, կարելի էր օրինակներ նշել, թե որտեղ ունենք բարձրացում, որտեղ՝ նվազում։ Ապրանքատեսակ կա, որ շատ չնչին տեսակարար կշիռ ունի ընդհանուր կենսապահովման զամբյուղում։ Հնարավոր է այդ ապրանքատեսակի գինը նվազել կամ աճել է, սակայն ազդեցությունը փոքր է։ Դրա համար կա հավաքական ցուցանիշ։ Այսինքն եթե ուզում ենք իրականում հասկանալ կյանքը թանկացել է, թե էժանացել մեր երկրում, միայն կարագով, շաքարավազով կամ մեկ-երկու ապրանքատեսակով չենք կարող հավաքական, իրական կարծիք կազմել։ Իսկ այդ թվերը մեր երկրում հաշվարկվում են և դրանք պետք է ուշադրության կենտրոնում լինեն»,-հավելեց Թադևոս Ավետիսյանը։
Նշենք, որ մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կարագի և շաքարավազի շուկաներում գնանկման մասին։ Նա մասնավորապես նշել էր, որ 2018 թվականի համեմատ կարագի շուկայում 16 տոկոսով է գնանկում տեղի ունեցել, իսկ շաքարավազի շուկայում՝ 24 տոկոս. «Այժմ՝ ճգնաժամային պայմաններում, ինչքան էլ թանկանա, մի 5 ամիս պետք է թանկանա, որ հասնի 2018-ի առաջին եռամսյակի չափանիշներին»,-ասել էր վարչապետը։