կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 14:35
Մշակույթ

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)

Ամբողջ գյուղը ջուր էր։ Ինչքան երիտասարդ ու մանուկ կային՝ թրջված։ Համոն արդեն լքել էր հայրական տունը և ուղևորվել մայրաքաղաք, ապա՝ օդանավակայան։ Արմենի ուրախությանը չափ չկար, որովհետև Գևորգին շատ էր սիրում, ու նրա հետ զբաղված էր բակում Վարդավառի սեղանի պատրաստությամբ։ Հյուրեր պիտի լինեին, այդ թվում՝ նաև  Երկնափեշյանը։ Արմենը վերևում՝ պատշգամբին, մի դույլ ջուր ծածուկ հարմարեցրել էր այնպես, որ եթե հարմար լինի, ջրի Գևորգին։ Վարդավառ էր, ոչ ոք նեղանալու իրավունք չուներ։ Երկնափեշյանն էլ էր հրավիրված, նա կամաց մոտենում էր ու հետևում իրերի ընթացքին։ Մեկ էլ այն տեսավ, որ Գայանեն, իր նոր շրջազգեստը հագին, դուրս եկավ պատշգամբ, հենց այդ պահին ներքևում Գևորգն ինչ-որ փայտե սեպ էր սրում, երևի սաղանի ոտքի համար։ Երկնափեշյանը զգուշորեն փակեց աչքերը, Գայանեն ոտքով անսպասելի դիպավ դույլին։ Դույլն իր ողջ պարունակությամբ թափվեց Գևորգի վրա։ Արմենը ծիծաղից թուլացավ։ Գևորգը վերև նայեց, տեսավ Գայանեին։ Մի ակնթարթում ներքևից մի լիքը դույլ ջուր վերցրեց ու վիրավոր գազանի նման բարձրացավ երկրորդ հարկ՝ անասելի վճռականությամբ լցված, և ուր որ է՝ պիտի ջուրը պարպվեր Գայանեի վրա․․․

— Գևո՛րգ ջան, շորս, երկու ամիս է կարում եմ, Գևո՛րգ ջան, պատահական էր, Գևո՛րգ ջան, ես մեղավոր չեմ։

Ինչքա՜ն սեր կար Գևորգի աչքերում, ինչպիսի գորովանքով նա հանդարտվեց. Աստված մնացել էր զարմացած։

— Լավ, Գայանե՛ ջան, կամաց-կամաց իջեք, սեղանը շուտով պատրաստ կլինի,—ասաց Գևորգն ու գնաց հագուստը փոխելու։

20

Ծննդյան տոներ էին, երբ Երկնափեշյանը վերադարձավ գյուղ։ Ու հիմա՝ Վարդավառից հետո, Գևորգի ու Գայանեի հարցը դեռ չէր լուծվել։ Երկուսն էլ, փոխանակ ավելի ջերմ լինելու, իրար տեսնում, կարմրում, ամաչում, բարևում, անցնում էին։ Ընդհանրապես Աստծո համար հեշտ է միջամտելը, ու մի մատի շարժումով իրերի ընթացքը փոխելը, բայց դժվար է դա անել այնպես, որ ուրիշների կյանքում շղթայական փոփոխություններ չսկսվեն, և այդպիսի աստվածային ներգործության համար աշխարհից կտրված, աշխարհի ծայրին գտնվող դրախտային Իծաքարը նրան իդեալական վայր էր թվում։

Այս անգամ, Գևորգի անճարության վրա փոքր ինչ բարկացած նա բոլորի ու Գայանեի տան խողովակները սառեցրեց՝ երեսուն աստիճանի սառնամանիքի մեջ քաշելով ամբողջ երկրամասը։  Ձյունը նստած էր, սարով մայրաքաղաք տանող ճանապարհը՝ փակ, մարզկենտրոն տանողն էլ։ Միայն նախկին շրջկենտրոն կարելի էր գնալ, եթե, Աստված չանի, դեպք պատահեր։ Էլեկտրական լարերն անգամ կտրվում էին սառցակալումից։ Գայանեն անելանելիությունից դրդված, դուրս եկավ փողոց  ու կանչեց Գևորգին․

— Գևո՛րգ ջան, տա՞նն ես։

Գևորգը, որ զբաղված էր իր ջրի խողովակներով, մի վայրկյանում ամեն ինչ թողեց, դուրս եկավ նկուղից ու․

— Տանն եմ, Գայանե՛ ջան։ Բարև։ Ի՞նչ կա,— ասաց  նա։

— Ասում եմ՝ զուլում է։ Կտուրում ջուրը սառել է, չպայթի, երկու տոննա ջուր է, կնայե՞ս։

— Ես եմ սարքել, չիգիտե՞մ քանի տոննա է, չի պայթի, բայց կնայեմ, բա ի՞նչ կանեմ։

Գևորգին մայրը կանգնեցրեց, Աշխենը․

— Այ տղա, Աստված կնեղանա, Գայանեին ինձ հարս բեր, պրծնենք։ Տեսնում եմ՝ հալվում ես։ Տանը մենակ է։ Գնա առաջարկություն արա։

— Այ մամ, գործիդ կաց,— ասաց ու գնաց։

Ի՞նչ անես։ Աստված Գևորգին ձեռքի շնորհք էր տվել, բայց խոսելու, արտահայտվելու՝ ոչ։ Ու հիմա, կտուրում կռացած, խողովակներն ուզում էր դանդաղ տաքացնել, որ երկար մնա հարևանուհու տանը, բայց Աստծո առաքած սառնամանիքը ստիպում էր արագ աշխատել։ Ի վերջո, ավարտեց, փաթաթեց հատուկ ծածկոցով, որ այլևս չսառչեն, կամաց իջավ, ուզում էր աննկատ հեռանալ, հանկարծ աչքերի առաջ հայտնվեց Գայանեն՝ շալն ուսերին գցած, տաք ու բնական ժպիտով․

— Գևո՛րգ ջան, թեյ եմ դրել, գաթա եմ թխել, մուրաբայով, կխմե՞ս, հետո կգնաս։

— Չէ, պետք չէ, որ բան պատահի, ասա։

— Գևո՛րգ, արդեն պատահել է, էլ ի՞նչ պիտի պատահի, այդ ի՞նչ պիտի պատահի, որ քեզ մի քիչ փոխի։ Մնա, թեյ կխմես՝ կգնաս։

— Չէ, Գայանե՛ ջան, մեր ջրերն էլ են սառել, գնամ, սարքեմ։

— Չէ, Գևո՛րգ տղա, ես քեզ ասացի, կխմես, հետո կսարքես,— նրբորեն հրամայեց Գայանեն։

— Լավ, Գայանե՛ ջան, կխմեմ,— ասաց Գևորգն ու նստեց բազկաթոռներից մեկին։

Ձմեռվա օրերն էլ կարճ էին։ Արդեն մթնում էր։ Գայանեի հայրը գիշերակաց  պահակ էր ջրամաբարում, ու թոռանն էլ էր վերցրել իր հետ, և հիմա եղանակի պատճառով զանգել ասել էր, որ թոռը իր մոտ՝ պահակատանը կմնա գիշերը։ Լռություն էր շուրջը, և ժամանակ առ ժամանակ քամին էր սաստկանում ու թափահարում ծառերը։ Երկնափեշյանը, հեռվից դիտելով, հիացել էր թե իր մտահղացումով ու սառնամանիքի բերած անբիծ ճերմակությամբ, թե Գայանեով։ Գևորգն էլ էր հիացած Գայանեով, բայց, կոկորդը վառելով, մի շնչում խմեց, հրաժեշտ տվեց ու վեր կացավ, որ գնա, Գայանեն թե․

— Գևո՛րգ ջան, սպասիր։ Հիշու՞մ ես, ոտս որ ոլորվեց։ Ես ոչ մի բան չեմ հիշում, թե ոնց ես ինձ բերել, նստացրել այս բազկաթոռին։ Շատ շնորհակալ եմ քեզանից։ Շատ բարի մարդ ես։ Դպրոցում էլ էիր այդպիսին։ Հիշում եմ՝ շաբաթօրյակներին միշտ բաճկոնդ ուսերիս էիր գցում, երբ ցուրտ էր լինում,— Գևորգի այտերը կարմրել էին։ Հուզմունքից ինքն իրեն չէր գտնում։

— Իսկ հիշու՞մ ես, մի անգամ, շաբաթօրյակ էր։ Տանձուտում, դասարանցի տղաներով, սարի փեշով բաց ընկաք, խաշամի միջով սահելով իջաք, ու Ձեր ետևից, աղջիկներից միայն ես եկա, ու դու ինձ պահեցիր որ էն աղբյուրի մոտի մեծ հաճարի ծառին չխփեմ։

Գևորգը ժպտաց։ Ամբողջ կյանքում հիշել էր իրենց՝ այդ ստիպողաբար գրկախառնվելը, իրենց մարմինների հպումը։ Նա նկատել էր, որ Գայանեն ուղիղ ծառի վրա է իջնում, վազել ու բռնել էր նրան, ինքն էլ հետը՝ գրկախառնվելով, ոտքերով արգելակելով իջել, սակայն կոտրել նրա արագությունը։

— Շնորհակալ եմ նաև տղայիս՝ Արմենի դաստիարակության համար, որ այդքան ուշադիր ես։

— Լավ էլի, Գայանե՛ ջան։ Մի ամաչեցրու, ես գնացի — Ասաց Գևորգն ու հրաշեժտ տալու նման մի բան ասելով վեր կացավ, փորձեց դուրս գնալ։

— Սպասի՛ր,— ասաց Գայանեն,— ոչ մի տեղ էլ չես գնա, այսօր կմնաս ինձ մոտ, ու թող ով ինչ ուզում է՝ ասի, ու այլևս ես քո կինն եմ լինելու դու իմ ամուսինը, հասկանու՞մ ես, ի՞նչ եմ ասում, դե բավական է ես քեզանից վճռականություն սպասեմ։ Ես որ սպասեմ, կյանքս կանցնի կգնա։

Գևորգը նստեց բազկաթոռին։ Գայանեն վեր կացավ, եկավ նստեց նրա գոգին։

— Հասկանում եմ, ես համաձայն եմ, ես երազում եմ մնալ այստեղ ու էլ ոչ մի տեղ չգնալ,— ասաց նա, կարմրեց ու Գայանեի ձեռքերն առավ իր ափերի մեջ։ Գայանեն գգվեց, սեղմվեց նրան ու հայտնվեց գրկում։

Առավոտ էր։ Երկնափեշյանը կանգնեց դահուկներին, զմայլվեց նրանց համբույրով, ուսապարկն առավ ուսերին ու սահեց ներքև՝ շրջկենտրոնի ուղղությամբ։ Փորը՝ փոքր ինչ կլորացած Արփիկը ձեռքի ափով շոյեց իր չծնված բալիկին ու սրբիչի ծայրով մաքրեց ուրախության արտասուքները, երբ նկատեց սրընթաց դահուկորդի անցնելը։ Իսկ գյուղ ժամանած մի մեծ, ռազմական զրահամեքենայից, որը, անանցնելի ձմռան ու շտապ պատահարների պայմաններում էր ամենագնաց շտապ օգնության դեր կատարում, դուրս եկավ ինքը՝ Հենրիկ Մխիթարյանն ու մի երկու տասնյակ գնդակ պարկերի մեջ, դպրոցի տնօրեն Արտակ Թադևոսյանի ուղեկցությամբ, ով նրան դիմավորում էր, քայլեց դեպի դպրոց՝  աշակերտների հետ հանդիպելու, որտեղ, մուտքի մոտ, իր մաշված գնդակը թևի տակ, յոթ համարի սպորտային հագուստը հագին, սրտատրոփ նրան էր սպասում Շաշ Ավոն։