Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկուշաբթի էր։ Երկնափեշյանն այդտեղից ուղղվեց տոհմապետ - ծերունիների հետ պատի տակ նստելու, տիեզերքի գաղտնիքներն Իծաքարից լուռ ընկալելու։ Ծերերին բարևեց ըստ տարիքի ու կարգի, նստեց նրանց կողքին և տեսավ, որ Օհան դային չկա։ Երբ հարցրեց, նրան ասացին, որ մի քիչ հիվանդ է։ Երկնափեշյանը հասարակ մահկանացուի նման երկինք նայեց ու մտքում առողջություն ցանկացավ Օհան դայուն, հետո մտածեց, որ բարդ է մարդու համար, երբ նայում է երկինք, աղոթում, խնդրում է, բայց ցավերի ծովում մնում է մենակ։ Նա, նորից մտածեց հիվանդ ծերունու մասին, իսկ Օհան դային տանը, անկողնում պառկած՝ թեթևություն զգաց, և անսպասելի վեր կացավ թախտից ու նստեց։
Ապա, Երկնափեշյանը վեր կացավ և ճանապարհվեց դեպի դպրոց, որտեղ, կեսօրին, իրեն անհայտ՝ հասարակագիտության մեկ ժամ ուներ։ ընդամենը երկու քայլ էր արել, երբ երևացին Հայկն ու Արփիկը, ովքեր ուղորդված գալիս էին դեպի Երկնափեշյանը։ Նա հասկացավ, որ ամուսինները քննարկելու բան ունեն, և կանգ առավ, սպասեց նրանց մոտենալուն։
— Երկնափեշյան ջան, բարև Ձեզ,— սկսեց Հայկը, Արփիկն էլ գլխի թեթև խոնարհումով այնպես բարևեց, որ Երկնափեշյանը տեսավ արցունքներից ուռած աչքերը, փքված շրթունքները, հասկացավ, որ վրդովված է, եկել է կռվելու։
Գեղեցիկ կին էր Արփիկը, բարձրահասակ, գլուխը գլխաշորով կապած, խնամված վարսերը կիսով չափ թաքցրած, մեջքը ուղիղ, խռով, ասես իշխանուհի լիներ։ Ստեփանավանի գյուղերից էր նա։ Հայկը շատ էր սիրում Արփիկին։ Մինչ ամուսնանալը ընկերները վրան ծիծաղում էին, ասում էին՝ Դու դժվար ամուսնանաս, բծախնդիր ես ու անտանելի։ Ինքն էլ էր հույսը կտրել, բայց Աստված ժպտաց, երբ մի անգամ իր բանակի ընկերոջը հյուր էր գնացել Ստեփանավանի Գյուլագարակ գյուղ ու էնտեղ, ծննդյան օրվա սեղանի շուրջ տեսել նրան։
Կենսուրախ, ինքնաբավ, իր արժեքն իմացող մի անծանոթուհի կախարդում էր ընկերոջ տան խոհանոցում, նրա հղի կնոջն օգնելով։ Հետո մտածեց, որ երևի պատահականություն չի սա, երբ հայտնվել է այստեղ։ Որ ճակատագիր է։ Հարցրեց՝ Ո՞վ է։ Ընկերն ասաց, որ բարեկամուհին է, հորեղբոր աղջիկը կամ քույրը, որ հիանալի մարդ է, մենակ է, ընկեր չունի։ Հայկին էլ ոչինչ հետաքրքիր չէր։ Առաջին անգամ տեսնելով՝ մտքում արդեն ամուսնացել էր նրա հետ, ու էլ ոչ ոք չէր կարող բաժանել նրանց։
— Չպարե՞նք,— հանկարծակի մոտեցավ և ինքնավստահորեն հարցրեց Հայկը։
— Բայց ոչ ոք չի պարում, ու երաժշտություն չկա, հետո գյուղացիք ի՞նչ կասեն։ Չէէէ․․․
— Մենք որ սկսենք, Արմենը կմիացնի երաժշտությունը։
Արփիկը կարմրել էր, բայց մտածում էր, որ կյանքը կողքով կանցնի, եթե իրեն սխալ պահի։
— Ուրեմն պարենք,— հանկարծ ասաց նա ու թեթև վեր կացավ տեղից, շրջազգեստն ուղղեց ու ձեռքը դրեց Հայկի ուսին, թույլ տվեց Հայկն էլ ափը տեղավորի իր մեջքին, ու սկսեցին պարել առանց երաժշտության։
Արմենն ու կինը զարմանքից քարացել էին։ Հետո Արմենը մոտեցավ հեռուստացույցի մոտ, հատակին դրված երեժշտական կենտրոնին, մի սկավառակ դրեց, Չելենտանոյի երգն էր, ու հղի կնոջը հրավիրեց պարի՝ նախօրոք ստանալով նրա համաձայնությունը։ Գեղեցիկ օր էր։ Բնակարանը լցվել էր սիրո բոլոր գույներով։ Գյուղացիներից մի երկու համարձակներ էլ հայտնվեցին ու միացան տանգո պարողներին։ Մի ամիս էլ չէր անցել այդ օրից, Հայկը ետ եկավ, մատանի դրեց Արփիկի մատին ու տարավ։ Հիմա տասը տարի է անցել։ Երկուսն էլ լուռ, նայում էին Երկնափեշյանի դեմքին, մեկն արջի պես հանգիստ, մյուսը՝ եղնիկի պես՝ վախեցած, փոթորկված ու ալեկոծված։
— Պատմեցեք, սիրելի Արփիկ, ուշադիր լսում եմ Ձեզ։
— Պարոն Երկնափեշյան, — Արփիկը սկսեց խոսել շատ զսպանակված, ցածրաձայն, սակայն լարված ու ձգված,— թույլ տվեք՝ ասեմ։ Ես շատ վրդովված եմ։ Ես Ձեզ շատ հարգում եմ։ Մենք Ձեր առաջարկած թուրմը, իհարկե, խմեցինք, այսօրվա ու վաղվա համար էլ արդեն դեղաբույսերը հավաքել եմ,— մետաֆիզիկոսը գոհունակությամբ գլխով արեց,— բայց ինձ զանգահարեցին այդ բժշկական կենտրոնից, ասացին, որ եթե մեկ շաբաթվա մեջ չներկայանանք, մեր հերթը կտան ուրիշին, որ սպսողներ շատ կան, որ սա երեխա ունենալու մեր վերջին հնարավորությունն է։ Իսկ այդ կենտրոնը, ասում են, որ լավ համբավ ունի, եթե հրաժարվենք, մենք շատ ժամանակ կկորցնենք, հասկանու՞մ եք։
Արփիկը լռեց։ Երկնափեշյանն արդեն ուզում էր պատասխանել, նա նորից սկսեց խոսել։
—Հասկանում ե՞ք։ Ես ուզում եմ հղիանալ, իսկ Դուք քսանմեկերորդ դարում պապենական մեթոդներից եք խոսում,— Արփիկը շատ ցածր էր խոսում, որպեսզի պատի տակ նստած ծերունիներին մասնակից չդարձնի իր ընտանիքի հարցերին, և Երկնափեշյանը զգում էր այն հուզմունքի հուժկու ալիքները, որ գալիս էին Արփիկի բառերից,— Ես մեղավո՞ր եմ, որ այստեղ եմ հարս եկել։ Բժիշկ Գասպարյանին ասացի Ձեր մեթոդի մասին, սկզբից ծիծաղեց, հետո բարկացավ ու սպառնաց, որ կանգ չի առնի մեր վրա, եթե մինչև շաբաթվա վերջը չներկայանանք։
Արփիկը նորից լռեց։ Նորից Երնափեշյանը պատրաստվում էր խոսել․․․
— Ախր, որտեղի՞ց հայտնվեցիք մեր գլխին, մարդ Աստծո։ Ախր, ինչու՞ մարդուս ետ շրջեցիք իր որոշումից։ Ախր, զոռով էի համոզել, որ գնանք Երևան ստուգվելու, հիմա էլ՝ բուժվելու։ Մեզ համար ամեն մի օրը թանկ է։ մենք մի կյանք ենք ապրում, հասկանու՞մ եք, ընդամենը մի մարդկային կյանք։ Ես որ հիմա չունենամ, ե՞րբ եմ ունենալու, արդեն երեսունհինգ տարեկան եմ։ Հասկանում ե՞ք․․․
Երկնափեշյանն իր աստվածային լայնախոհ ժպիտը դեմքին ասաց․
— Արփիկ ջան, մի հուզվեք, իմ բուժումը փորձված բուժում է, բայց Դուք շաբաթվա վերջում գնացեք։ Մթերումն էլ, եթե հարկ լինի, այս չէ, մյուս շաբաթ կկազմակերպեք։ Նրանք այդ կենտրոնում կսպասեն Ձեր վճարումին, հավատացած եղեք, չեն կարող չսպասել։ Միայն մի խնդրանք ունեմ։ Չդադարեք շարունակել ընդունել նշանակածս դեղաբույսերը։ Տասը օր։
— Շատ լավ,— պատասխանեց Հայկը, փորձելով շտկել իրավիճակը։
— Իսկ հիմա այդ մասին մի մտածեք, հանեցեք այդ հարցը Ձեր մտայնությունից, անհոգ եղեք, որպեսզի հղիանաք, որովհետև անհոգության մեջ է արարվում ու աշխարհ գալիս ազատ մարդը։