Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հաջորդ առավոտյան Գայանեն որդուն դպրոց ճանապարհեց, նստեց մորից մնացած կարի մեքենայի մոտ, ոտքը դրեց սեղմակին, մի երկու կար դրեց Վարդաավառի համար ձևած իր՝ կապույտ ծաղիկներով շրջազգեստին, ապա մոտեցավ պատուհանին, Գևորգին տեսավ. ինչ-որ փայտե շրջանակ էր սարքում կամ նման մի բան։ Էհ, բերեմ սուրճ դնեմ՝ մտածեց նա։ Դրեց։ Վարագույրների միջով աչքը բակում էր։ Խմում էր իր դառը սուրճը, նայում Գևորգի լայն թիկունքին ու մտածում, որ կյանքն անարդար է, ու վերջ։ Գևորգն անլեզու, սիրում էր ու տառապում, Գայանեն էլ տանջվում էր իր սրտում բորբոքված հրաբուխից։ Վեր կացավ, հայելու առաջ իրեն կարգի բերեց ու դուրս եկավ խանութ, մտածելով՝ ճանապարհին կորոշի ինչ-որ բան գնել։ Երբ դուրս եկավ պատշգամբ, բարևեց Գևորգին։
— Բարև, Գայանե ջան,— պատասխանեց Գևորգը, մի պահ վերև նայեց, ապա նորից անցավ իր գործին։ Ճանապարհի վերևում Գայանեին թվաց՝ Երկնափեշյանին տեսավ, ում չհասցրեց անգամ բարևել, այնքան արագ անցավ Գևորգի տան պատի ետևը։ Սկզբում զարմանալի թվաց։ Հետո մտածեց, որ դպրոց է գնում։
— Գնում եմ խանութ, բան ունե՞ս առնելու,— հարցրեց Գայանեն ու գիտեր, որ պատասխանը գրեթե միշտ բացասական է լինում։
Գայանեն, առանց պատասխանի սպասելու՝ հազիվ էր երկու քայլ արել դեպի փողոց, մետաֆիզիկոսը ձեռքի փայտով ոչ ուժեղ՝ խփեց գետնին և ուղիղ Գևորգի աչքի առաջ երիտասարդ կնոջ ոտքը այնպես ոլորվեց, որ Գայանեն չհասցրած անգամ ճչալ՝ վայր ընկավ։ Երկնափեշյանը շարունակեց իր ճանապարհը։ Գևորգը վազելով հասավ։ Գայանեի սպիտակ, գեղեցիկ ազդրերը, որ կարծես դիտավորյալ բաց էին մնացել, լույս էին ճառագում նահապետական գյուղի երկնքում։ Նա մի պահ շփոթվեց այդ գեղեցկությունից, ապա շրջազգեստով ծածկեց, շուրջը նայեց. կարծես ոչ ոք չկար։ Գայանեին առավ ամուր ձեռքերի վրա. շունչը կտրվում էր իրենց մարմինների հպումից, և իրեն թվաց՝ սիրտը կանգ կառնի, մինչև այդ թանկարժեք մարմինը կբարձրացնի երկրորդ հարկ։ Տարավ տուն, տեղավորեց բազկաթոռին։ Բացի իրենցից՝ ոչ ոք չկար։
Այդքանը։ Ոչ համբուրեց, ոչ էլ ինչ-որ բան ասաց։ Աստված մնացել էր զարմացած ու մտածեց, որ մարդն ինչքան համեստ ու պատվելի լինի, այնքան դժվար կլինի նրա երջանկության հարցը, իսկ եթե հետն էլ խիղճ ունեցավ, ուրեմն նրա բանը Աստծո արարած աշխարհում, որտեղ բուրգի գագաթին աներեսն է ու անաստվածը, բուրդ է։ Այնպես չէր, որ նա էլ բան ու գործ չուներ։ Ժողովուրդներ ու աշխարհամասեր էին սպասում նրա դատին, իսկ նա, ասես ամեն ինչ թողած, մոլորվել էր Տավուշի կողմերում՝ իր ստեղծած մարդկանցով տարված, նրանց երջանկության դասավորությամբ զբաղված։