Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մթնեց։ Գյուղում կատարյալ հանգստություն էր տիրում։ Երկնափեշյանը գիտեր, որ աշխատավոր մարդը շուտ քնում է, որ շուտ, աքլորականչի հետ արդեն վեր կացած, աշխատելիս լինի։ Ոչ մի շշուկ չկար։ Ժամանակ առ ժամանակ այստեղ-այնտեղ շներն էին հաչոցներով՝ այս կամ այն պատահած անցորդի մասին իրար լուր տալիս։ Գևորգը Երկնափեշյանին մեքենայով բերեց ու այգու դռան մոտ իջեցրեց։ Երկնափեշյանը բարի գիշեր մաղթեց ու մտավ բակ։ Տան դռան առջև դրված սեղանի մոտ Ավոն էր նստել, գլուխը դրել սեղանի վրա ծալած ձեռքերին ու մանկան պես քնել։ Զինվորական երկարաճիտ կոշիկները մաշել էին, հագուստը պատառոտված։ Երկնափեշյանը տուն մտավ, մի ծածկոց վերցրեց ու գցեց նրա ուսերին, ինքն էլ նստեց կողքին ու սկսեց ցածրաձայն խոսել նրա հետ, առանց քնից հանելու։
— Ի՞նչ կա չկա, տղաս։ Վաղուց է՝ չեմ տեսել քեզ,— մեղմ, հայրաբար հարցրեց նա։ Ավոն աչքերը սեղմեց այնպես, ասես՝ ցավից լարվեց։
— Բան չկա, Երկնափեշյան ջան,— քնի մեջ պատասխանեց նա,— նույնն է, էլի:
— Ի՞նչն է նույնը։
—Ամեն տեղ նույն աշխարհն է, նույն ձորը, նույն՝ ձորը գլորվող մարդը,— կարծես թե, Շաշ Ավոն չէր պատասխանողը, այլ երբեմնի խոստումնալից երիտասարդ՝ Ավետիս Դարբինյանը։
— Բայց դու աշխարհի մի ծայրում ապրելով, ինչպե՞ս ես տեսնում ամբողջի գլորվելը։
— Շատ եմ ման գալիս, ֆիզիկոս ջան, ոտքով գյուղից գյուղ, քաղաքից քաղաք եմ գնում, տեսնում եմ, էլի։ Մեկ էլ՝ խոպանից եկածներն են պատմում։ Հիմա էլ, ասում են համավարակ է տիրում աշխարհում։ Ասում են՝ քարերը հավաքելու ժամանակն է եկել։ Ես նրանց պատմածը լսում եմ և հասկանում, որ մեր գյուղը ամենալավն է,—մի տեսակ ծանր, կոպերը սեղմելով ու դժվար պատասխանեց Ավոն։ Կարծես գլխի մեջ արճիճ լիներ լցրած, այնքան անօգնական էր թվում նա քնի մեջ։
— Ի՞նչ ես զգում, նորից ցավեր ունե՞ս։
— Ասա՝ կտրում է՞ էդ անտեր ցավը։ Անընդհատ կա։ Է՜հ։ Հոգնել եմ ապրելուց։ Ուզում եմ, որ ինձ տանես քեզ մոտ։
— Չէ, սպասիր։ Գնալու ժամանակը չի։ Չես կարո՞ղ չճամփորդել, մնա Իծաքարում, Դու իմ աչքերն ես այստեղ, երբ ես չկամ։ Աշխարհի համար քո սրտի ցավելը քո հիմնական հատկանիշն է, որ երկինքներից ես ժառանգել, ոչինչ չեմ կարող անել այդ ցավի հետ, որը քեզ, նաև զարդարում է, բայց գլխացավդ ես հիմա իսպառ կհանեմ։
Երկնափեշյանը վեր կացավ, կանգնեց քնած Ավոյի ուսերի ետևում, ձեռքի ափերով գրկեց նրա գլուխն ու նայեց երկնքին։ Ավոյի մարմնով ասես բարձր լարման էլեկտրական հոսանք անցավ։ Եղունքներով՝ նա այնպես քերեց սեղանի տախտակը, որ հետքերը մնացին փայտի վրա, ապա հանդարտվեց ու դիմագծերը ուղղվեցին։ Մետաֆիզիկոսը մտավ տուն ու վերադարձավ լավաշ պանիրով, կանաչիներով, աղով, լոլիկով ու կաթով։ Սեղանի վրա մի թերթ փռեց, պանիրն ու լոլիկը դանակով կտրեց, աղը դրեց կողքին, ճաշի խորը ափսեի մեջ կաթ լցրեց, մի գդալ շաքար կաթի մեջ, խառնեց, հացը իր ձեռքով բրդեց, գդալը դրեց ափսեի պռունկին և քնից վեր կացրեց Ավետիս Դարբինյանին։ Քնից արթնացավ Շաշ Ավոն ու ժպտաց․
— Գնդակս բերե՞լ ես, Երկնափեշյան։
—Հաց կեր, Ավետիս ջան։ Ես Մխիթարյանին չեմ ճանաչում, չգիտեմ որտե՞ղ է ապրում, ինչպե՞ս քեզ խոսք տամ։ Բայց մեկ էլ տեսար, ինքը եկավ Իծաքարի դպրոցի աշակերտների հետ հանդիպման, դու կմոտենաս նրան քո գնդակով, նա էլ կստորագրի վրան։ Կամ գուցե ինքը քեզ նոր գնդակ նվիրի՞, հը՞։ Այ սա ավելի հավանական է, որ դասավորվի, քան, եթե ես գնամ հասնեմ իտալական ափերը՝ գնդակ ուզելու։
Ավոն չէր լսում։ Մի ձեռքով պանիրն ու լոլիկը վերցրեց, մյուսով սամիթն ու լավաշը ու սկսեց ագահորեն ուտել։ Հետո՝ մեծ ախորժակով, անցավ կաթին։
— Դու Գևորգին ու Գայանեին ճանաչու՞մ ես,— անսպասելի հարցրեց Երկնափեշյանը։
—Հա, շաշ են, սիրում են իրար, ասել չեն կարողանում,— շատ կտրուկ պատասխանեց Ավոն և շարունակեց դատարկել կաթի ափսեն,— ես լինեի, ամեն օր ասելու էի։
—Մի շտապիր, հանգիստ կեր։ Իսկ Հայկին ու Արփիկին։
—Հա․ մեղք են, Երեխա չեն ունենում։
—Լավ, այսօր ինձ մոտ կմնաս, թախտին տեղ կգցեմ քեզ։
—Չէ, ես, ես գը-գնացի, Երկնափեշյան ջան։ Էս գլխացավս էլ անցավ։ Երևի եղնիկի կը-կաթ էր էս կաթը։ Չորաթան գո-գործ ունեմ։ Ոչ Գև Գևորգը, ոչ, ոչ էլ Հայկը ֆու-ֆուտբոլ խաղալ չը-չգիտեն։ Գն-գննդակս չմոռանաս,— ու վեր կացավ Ավոն։
Երկնափեշյանը գիտեր, որ Ավոն կակազում է, երբ հուզվում է։ Ինքն էլ բաժանումից հուզվեց ու աչքերը լցվեցին։ Արցունքները մաքրեց ու զարմացավ ինքն իրենից։ Մարդն ինչքան մեծ սիրտ ունի, որ մեկ ուրիշի համար լացում է, տառապում, կամ ուրախանում՝ մտածեց նա․
— Էս ժամին ի՞նչ գործ, Այ տղա,—կանչեց ետևից,— վաղը նորից արի, եղա՞վ։
Ավոն չպատասխանեց։ Գնդակը թևի տակ դրեց ու մի փայտ ձեռքին, թակթակելով հեռացավ։