Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գևորգն ու Գայանեն ծնված օրից ու դպրոցական դարակից միասին էին մեծացել։ Նրանց տները դեմ դիմաց էին՝ գյուղի միակ փողոցի տարբեր կողմերում։ Ծնողները, ինչպես երբեմն լինում է, ուսանողուհի դարձած Գայանեին ամուսնացրին տասնութ տարեկանում, և այդ օրը Գևորգը միանգամից հասունացավ, հասկացավ, որ շատ էր սիրում նրան։ Կարծես կայծակը հարվածեց իր գլխում ծավալված մտքերի ծառին։ Չդիմացավ այդ անարդարությանը. գնաց զինկոմիսարիատ ու թե՝ ինձ բանակ տարեք։ Ծառայությունից հետո մնաց զորամասում, ծառայեց, չէր ուզում վերադառնալ հայրենի տուն, որտեղ աչքերի առջև Գայանեի հայրական տունն էր լինելու։ Հետո իմացավ, որ Գայանեի ամուսինը վթարից մահացել է, Գայանեն էլ քաղաքի տունը վաճառել է, տղայի՝ Արմենի հետ վերադարձել գյուղ, և հիմա ապրում են այնտեղ երեքով՝ ծեր հոր հետ միասին։ Գևորգը նույնիսկ ուրախացավ այդ լուրից, հետո ամաչեց իր ուրախությունից ու չգիտեր թե ինչպե՞ս աչքերը թաքցնի երկնքից։ Բայց կարծես Երկինքն էլ էր այդ երեկո կարմրել։
Լավն էր Գայանեն, կյանքով լի, երիտասարդ կին էր ու գեղեցկուհի։ Այսպիսի շքեղ կանայք հարյուր տարին մեկ են ծնվում՝ մտածում էր Գևորգը: Պայմանագրային ծառայության ժամկետն ավարտվելուց հետո վերադարձավ Իծաքար ու, լուռ սիրահարված, ապրում էր Գայանեի հարևանությամբ։ Նրա պահապան հրեշտակն էր ու օգնականը, ցանկությունները կռահողն ու կատարողը, նրա որդուն տղամարդ դարձնողն ու դաստիարակողը, բայց սիրտը տանջող զգացմունքի մասին ոչ մի բառ չէր կարողանում արտահայտել։ Ի՞նչ աներ։ Լեզուն կապվում էր ու վերջ։
Քարաղբյուրի հովտում կայացած հանդիպումից հետո Երկնափեշյանը որոշեց ուշադիր աչքերով նայել Գևորգին ու ծանոթանալ Գայանեի հետ։ Առավոտյան վեր կացավ ու դպրոցի ճանապարհը՝ նրանց տների կողքով բռնեց։ Գայանեն կարպետ էր հանել, գցել պատշգամբի բազրիքին ու, ձեռքին մի ճիպոտ, թեքված դեպի կարպետը, ուժգին հարվածներ էր հասցնում՝ փոշեհան անելու նպատակով։ Երկնափեշյանը անցնելիս նայեց, տեսավ, որ առանձնապես փոշի էլ չկա։ Մտածեց, որ մաքրասեր է։ Հետո աչքերով փնտրեց ու իր տան անկյունում տեսավ Գևորգին, ով կարծես շնչում էր այդ հարվածների պարբերությամբ, սակայն հայացքով ինչ-որ գործի մեջ էր։ Նորից շրջվեց դեպի Գայանեն։ Նա արդեն վերջացրել էր, ուղղել մեջքը ու փորձում էր ծանր կարպետը հավաքել։ Մեկ ակնթարթը հերիք էր, որ մետաֆիզիկոսը տեսնի նրա վարսերի խաղը քամու հետ, կիսաբաց ուսերն ու աչքերի խենթացնող արտահայտությունը։
— Գևո՛րգ ջան, օգնիր,— կանչեց Գայանեն։
Գևորգը հասավ, մի վայրկյան անց կարպետը մի ձեռքով հավաքեց, ներս տարավ, դուրս եկավ ու գնաց։ Երկնափեշյանը քարացել էր Գայանեի գեղեցկությունից։ Նա զգաց իր սրտի թակոցը, հիշեց, թե ինչպես մեկ դար առաջ մոլորվել էր այս կողմերում ու իրեն, իր Աստվածային սրտին թույլ էր տվել փոքր ինչ խենթանալ, սակայն դա վաղուց էր, ու կարծես չէր էլ եղել։ Իսկ հիմա, այս պահին նա տարվեց Գևորգի ու Գայանեի սիրով։ Նրանց ապրածով հիանում էր, նրանց արածով՝ լուռ զմայլվում։ Մի քանի ակնթարթում տեսավ նաև, որ երկուսն էլ սիրում են իրար, տառապում թաքուն։ Շատ սիրեց նրանց, ուստի վերջնականորեն որոշեց ամուսնանալու հարցում իր աստվածային ներգործությամբ օգնել նրանց։
Իրականում բարդ էր Աստծո կողմից իր իսկ առջև դրված խնդիրը։ Այդ ինչպե՞ս պիտի խոսեցներ արհեստավոր ու ձկնորս՝ «համր» Գևորգին, բացատրեր, որ երջանիկ լինելու համար հարևան Գայանեին թաքուն սիրելը քիչ է, որ նրա հանդեպ համարձակ ուշադրություն է պետք։ Գայանեն էլ՝ մենակ, անամուսին, Իծաքարում սարերի սառնաշունչ հովին ապավինած, իր կյանքն էր ապրում՝ ու սիրելով զայրանում Գևորգի վրա։