Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկնափեշյանն իր մտքերով տարված, չնկատեց, թե ինչպես իրեն սրտին սիրելի դպրոց հասավ։ Նա միշտ մտածում էր, որ հավերժ ուսուցիչ կլիներ, ու չէր հագենա այդ աշխատանքից։ Այս մտքերով տարված, սկզբից ուսուցչանոց այցելեց, բարևեց բոլորին։ Տնօրեն Թադևոսյանը նրան ընդառաջ եկավ, ողջագուրվեց։ Ուսուցիչները նրան շատ ջերմ ընդունեցին, վայրի մեղրով թեյ տվեցին ապա միասին ուղղվեցին դեպի դասարաններ։ Ուղիղ զանգը տալուն պես նա էլ մտավ լսարան։ Գյուղական դպրոցի տասնհինգ տասներորդ դասարանցիներ ակնածանքով ոտքի ելան։ Նրանք Երկնափեշյանին շատ էին սիրում և ամեն անգամ համոզում էին մնալ ու մշտական դասավանդել։
— Բարև Ձեզ, սիրելի աշակերտներ։ Զբաղեցրեք Ձեր տեղերը, խնդրեմ։ Այս անգամ ես Ձեզ «Հասարակագիտություն» եմ դասավանդելու, որովհետև, այս անգամ հասարակագիտության ուսուցչի պակաս կա։
— Ընկեր Երկնափեշյան, Դուք գիտե՞ք, որ Դպրոցում ամեն ուսուցիչ երկրորդ անուն ունի, և որ Ձեր անունը դրել ենք «Փոխարինող»,— հարցրեց առաջին շարքում նստած մի ժիր աղջնակ։
— Լավ եք արել, սիրելի Սոնա, ամեն մարդ պիտի պատրաստ լինի հասարակությանը պիտանի լինել, և եթե հարկն է, լրացնել պակասը։ Հասարակագիտությունն էլ երևի նաև դա՞ է ուսումնասիրում, այսինքն՝ մարդկային փոխհարաբերությունները։ Թե՞ սխալվում եմ,— հարցրեց Երկնափեշյանը, որպեսզի, ինքն իր համար ընդգծի քննարկումների շրջանակը, քանի որ առաջին անգամն էր դասավանդելու այս առարկան։
— Հասարակագիտությունը գիտություն է հասարակության մասին,— տեղից վեր կենալով ու ժպտալով ասաց Սոնան։
— Կեցցես,— ծիծաղելով ասաց Երկնափեշյանը,— բառագիտությունից՝ հինգ։ Նստիր, խնդրեմ: Իսկ ի՞նչ է փոխվել Իծաքարում, մեր բաժանման պահից։ Մի բան փոխվե՞լ է։
— Մեր գյուղը աշխարհի իրադարձություններից այնքա՜ն հեռու է, այստեղ ոչ մի բան չի փոխվում,— Երկնափեշյանի ծիծաղով ոգևորված, ասաց Արշակը, Երկնափեշյանի հարևան Մանվելի ավագ որդին,— հա, մեր նախագահի կովը ծնել է։ Կարող է ուրիշ կով էլ է ծնել, չգիտեմ, բայց նախագահի կովի դեպքում սա մեր գյուղի նորությունն է։
Արդեն՝ բոլորը լիաթոք ծիծաղեցին։
—Չէ, փոխվել է, ընկեր Երկնափեշյան,— տեղից վեր կենալով ասաց վերջում նստած, գանգուր մազերով մի պատանի՝ Արմենը, ով դասարանի գերազանց սովորողներից էր ու բոլորին տնային աշխատանքներում օգնողը,— մեր գյուղում ձեռքի հեռախոսների կապ է հայտնվել։ Հիմա բոլորս արտագրում ենք, բոլոր լուծումները համացանցում կան, ոչ ոք չի ուզում մտածել։ Մեր փոխարեն հեռախոսի համակարգիչն է մտածում։
— Այդ պատճառո՞վ ես անցել վերջին դարակին, Արմեն,— հարցրեց Երկնափեշյանը։
Արմենը կարմրեց ու մնաց կանգնած։ Բառեր չէր գտնում։ Կարծես մեղք գործած լիներ։
—Այո, ընկեր Երկնափեշյան։ Արմենը ամբողջ օրը հեռախոսի մեջ է, մեզ էլ է ուզում վարակել։ Կգա ժամանակ, կասեն «Հեռախոսները կերան մարդկանց», ինչպես Անգլիայի պարագայում ասում էին ոչխարների մասին,— տեղից ասաց Լիլիթը, դպրոցական համազգեստով ու վարսերը ժապավենով կապած մի աղջիկ։
Դասարանը դարձյալ ծիծաղեց, մինչդեռ Երկնափեշյանը տխրեց, սակայն ցույց չտվեց։
— Դուք պիտի հաղթահարեք այդ նոր փորձությունը։ Հիմա, նա, ով իր մեջ կդաստիարակի այն ուժեղ մարդուն, ով հանգամանքներից բարձր կլինի, առողջ ձկան պես հիվանդագին հոսանքներին հակառակվել կիմանա, հինն ու ավանդականը կպաշտպանի, առանձնահատուկ կլինի, լավ կսովորի, կսերտի իր դասը, ստեղծագործել կիմանա, նա էլ վաղն անխոցելի ու ավելի բարձր կլինի, քան աշխարհին սպառնացող մեքենաների ու դրանց տերերի գերակայությունը,— երկնափեշյանը կանգնեց ու մոտեցավ առաջին շարքին, ձեռքը հայրաբար դրեց Սոնայի, ապա շարժվելով առաջ՝ մյուսների գլուխներին ու շարունակեց․
— Նա էլ՝ աշխարհի բազմահազար գույներին նոր երանգներ կավելացնի իր գոյությամբ, ինչին մեքենաները երբեք հասու չեն լինի, քանզի մարդուն աշխարհից տարբերողը՝ նրա մեջ ապրող աստվածայինն է, նրա արարելու հատկանիշն է, հիշեք ասածս։
Լռություն տիրեց։ Ոչ մի ծպտուն չկար դասարանում։ Մեկ էլ մի մեղու տզզալով խախտեց այդ լռությունը։
— Բայց, օրինակ այս մեղուն, ընկեր Երկնափեշյան, ազնվորեն կատարում է իր ամենօրյա աշխատանքը, նա նեկտար է տանում, մեղր է ստեղծում, մենք էլ օգտվում ենք նրա ստեղծածից։ Մի՞թե նա գույներ չի՞ ավելացնում աշխարհին,— հարցրեց Արմենը։
— Ոչ, աշխարհի կարպետի գունավոր թելերից մեկն է հանդիսանում մեղուն, սակայն չի ավելացնում, անսեռ անծագում ճորտ է կամ ստրուկ, իր աշխատանքը պարտաճանաչ կատարող, իր վիճակը չգիտակցող կենդանի, իսկ մենք մարդ ենք, ազատատենչ կամքի տեր, անասելի ուժեղ ու բարի։ Աշխարհին գույներ ավելացնելու մենաշնորհը մեզ է տվել Աստված։ Հիշեք, իմ սիրելիներ, որ վատը, չարիքը, հիվանդությունը վարակիչ են լինում, համաճարակի աստիճանի վարակիչ։ Եվ եթե մենք, անկախ ազգությունից, ծագումից, ունեցվածքից, բոլորս միասին՝ չկանգնեցնենք աշխարհի բարոյազրկումն ու դարավոր արժեքների սղաճը, չար մարդիկ այդ նույն աշխարհը փեթակ կդարձնեն, մարդկանց էլ, յուրաքանչյուրին այդ փեթակը մղելով՝ նեկտարաբեր, անսեռ մեղու։
— Որքա՞ն ժամանակ է պետք նրանց դա անելու համար,— հարցրեց Աստղիկը, կապույտ աչքերով մի խոհեմ, բայց համարձակ աղջնակ։
— Նրանք դա արդեն փորձում են անել, բայց մենք թույլ չենք տա, որ այդպես լինի։ Դուք արդեն մեծ եք, ես էլ Ձեզ հետ այսօր մի քիչ մեծավարի խոսեցի։ Դուք արդեն գիտեք, թե ինչպես է համավարակը տարածվում աշխարհում, և հարցը ոչ միայն նրա մեջ է, թե ինչպես կկանգնեցնենք այս աղետը, այլև նրա՝ թե ինչպես կանգնեցնենք՝ ի օգուտ սեփական շահի, այս աղետը շահագործող մարդկանց,— Երկնափեշյանն այնպես հպարտ էր խոսում, կարծես միջնադարյան օրդենի խաչակիր Ասպետ լիներ, վստահ՝ որ թիկունքում՝ վտանգված արժեքների համար անձնազոհության պատրաստ ասպետների մի գունդ այրուձի կա կանգնած։
— Ընկեր Երկնափեշյան, իսկ միգուցե գյուղխորհրդի նիստով արգելեն հեռախոսները,— հարցրեց Արշակը։
— Մենք գյուղխորհուրդ արդեն չունենք, խոշորացրել, վերացրել են, նախագահն էլ, որի կովը ծնել է, նախկին է այլևս։ Եվ ես կարծում եմ արգելելով չի լինի,— միջամտեց Արմենը,— Ուղղակի պիտի այն ամենը, ինչ մարդն ստեղծել է, ծառայեն նրա բարօրությանն ու բարի գործերի տարածմանը։ Ես հեռախոսն այսօրվանից մի կողմ կդնեմ, ընկեր Երկնափեշյան։ Երևի, մարդուն փեթակներ մղելու մի միջոց էլ այս համացանցն է։ Խոսք եմ տալիս՝ առնվազն դպրոցում չօգտագործել։ Ես հասկանում եմ, որ սա կարող է կլանել, տանել մարդուն, իսկ իրական կյանքը խաղ չի, ի վերջո։
Աշակերտներն այնքան տարված էին զրույցով, որ նրանց համար անսպասելի հնչեց զանգը։
—Եկեք այսպես պայմանավորվենք։ Երեկ զբոսնելիս, ես տեսա, որ ձորի կամրջի կողքին աղբ է հավաքվել։ Գետն է բերե՞լ, թե մարդը, չգիտեմ, բայց դասերից հետո իջեք այնտեղ, ես Ձեզ կսպասեմ, կհավաքենք ու կշարունակենք մեր զրույցը, լա՞վ։
—Այո,—միաբերան կանչեցին պատանիները,— բոլորս կգանք։