Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին:
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, այս մասին որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները:
Արդեն հայտնի է Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսումից հետո կայանալիք առաջին՝ թվով 18-րդ մրցափուլի խաղացանկը: Հետագա մրցափուլերի խաղացանկը կկազմվի 18-րդ տուրի ավարտից հետո՝ ելնելով մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորությունից: ՀՖՖ գործադիր մարմինն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություններ մտցնել խաղացանկի մեջ՝ ելնելով հանրապետությունում այդ պահին տիրող իրավիճակից, կառավարության որոշումներից և պարետատան ցուցումներից: