Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովրդագրական զարգացում» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Վանիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եվ, այսպես, մայիսի 11-ին Ազգային ժողովը հավանություն տվեց Լանզարոտի կոնվենցիային։ Այն կատարվեց արտակարգ դրության պայմաններում, առանց հանրային լսումների և քննարկումների։ Այսքանից հետո որքան էլ փորձեն սույն կոնվենցիայի ընդունման և ներդրման կողմնակիցները խոսեն դրա վառ ու լավ կողմերի մասին, միևնույն է՝ հասարակության մի ստվար հատված դեմ է լինելու, նույնիսկ նրանք, ովքեր չեն ծանոթացել նրա դրույթներին։
Հաջորդը, ամենայն հավանականությամբ, ստամբուլյան կոնվենցիան է լինելու՝ Լանզարոտի կոնվենցիայի տրամաբանական շարունակությունը։ Հիշեցնեմ, որ այն ստորագրվել է 2011 թվականի մայիսի 11-ին Ստամբուլում և պաշտոնապես կոչվում է «Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին»։
Այս կոնվենցիան նույնպես փաթեթավորված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման գեղեցիկ ձևակերպումներով, սակայն նրա առանձին դրույթներ նույնպես պարունակում են խնդրահարույց դրույթներ։
Այսպես՝ կոնվենցիայի «Հոդված 3 – Սահմանումների» «գ» պարբերությունում կարդում ենք. «գենդերային պատկանելություն» նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար»:
Հարց՝ ինչ է ասել սոցիալական դեր, վարքագծի տիպ, գործունեության տեսակ և հատկություն: Մարդ արարածի պատկանելությունը ըստ սեռի, հայտի է նախքան նրա ծնունդը, այն է՝ արական կամ իգական: Իսկ զանազան այլ ձևակերպումները՝ վարքագծի կանոններ, դերեր, հատկություններ և այլն, միտված են մեզանում զանազան արատավոր երևույթների արմատավորմանը: Օրինակ, ավանդական սեռական կողմնորոշում չունեցող արական սեռի երկու ներկայացուցիչ հնարավորություն կստանան ձևավորելու ընտանիք, որտեղ կողմերից մեկը կհամաձայնի ստանձնել իգական սեռին հատուկ դեր: Այդպիսիններին մեր ժողովուրդը դարեդար կոչել է իգացող:
Նման ընտանիքում, միևնույն է, երեխա/ներ չի/չեն ծնվում, ինչը լուրջ վտանգ է առանց այն էլ ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունեցող մեր պետության համար:
Հաջորդը՝ «Հոդված 42 –ի մաս 1. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու համար, որպեսզի սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության որևէ գործողության առթիվ հարուցված վարույթի ընթացքում՝ մշակույթը, սովորույթը, կրոնը, ավանդույթը կամ այսպես կոչված «պատիվը» չդիտվեն որպես նման գործողությունների արդարացում: Սա վերաբերում է, մասնավորապես, այն պնդումներին, որ տուժողի կողմից խախտվել են պատշաճ վարքագծի մշակութային, կրոնական, սոցիալական կամ ավանդութային նորմերը կամ սովորույթները»:
Պնդում՝ հայ ընտանիքը, մշակույթը և հավատքը առ Հայ առաքելական եկեղեցին դարեդար եղել են, կան և կլինեն մեր ժողովրդի գոյության և միասնության հիմնական կռվանները, որոնց համար իրենց կյանքը չեն խնայել մեր նախնիների հարյուրավոր սերունդներ: Ընտանիքի, մշակույթի և հավատքի դերն ու նշանակությունն անքննելի են: Դրանք անանց արժեքներ են:
Հայ կինն ու երեխան նույնպես անքննելի արժեքներ են: Հայ տղամարդն իր հավաքական կերպարի մեջ մշտապես եղել է կնամեծար, ընտանիք ու երեխա սիրող, թասիբով, իսկ մեր արժեքները, մշակույթն ու հավատքը երբեք էլ չեն քարոզել ընտանեկան՝ կանանց ու երեխաների նկատմամբ բռնությունները: Բացի այդ, այսօր ՀՀ օրենսդրությունը, առանց վերոնշյալ կոնվենցիայի վավերացման էլ դատապարտում է բռնության այդ տեսակները մասնավորապես, և բռնությունը՝ ընդհանրապես:
Չենք թաքցնում, բազմաթիվ ընտանիքներում առկա են բռնություններ, անհամաձայնություն, սակայն դրանց կարգավորումը դուրս է խնդրո առարկա կոնվենցիայի շրջանակներից և խնդիրը բնավ էլ մեր ավանդական արժեքների մեջ չէ: Եվ ընդամենը մի կոնվենցիայով նրանց պարտադրել վերոնշյալ դրույթները, հնարավոր չէ: Այսպես կոչված «կարծրատիպերը» փոփոխվում են կյանքի երկաթե կանոններով և հասարակական ծանրակշիռ պահանջներով: Երկուսն էլ այսօր առկա չեն, և փառք Աստծո:
Ինչ վերաբերում է «գենդերային» խտրականությանն ու անհավասարությանը, ապա կարծում ենք, որ ավելի ճիշտ, ընկալելի և ընդունելի է այն կոչել «սեռով պայմանավորված խտրականություն ու անհավասարություն», իսկ քաղաքականությունն ու նախատեսվող միջոցառումները ուղղել՝
• սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը,
• հասարակական կյանքում և աշխատաշուկայում սեռով պայմանավորված անհավասարությունների հաղթահարմանը: Օրինակ, աշխատաշուկայում կանանց որոշակի խմբերի՝ աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ կանայք և մայրեր, հղի և երեխայի խնամք իրականացնող կանայք, 45 տարեկանից բարձր տարիք ունեցող կանայք, մրցունակության բարձրացում և այլն:
Վստահաբար կարող ենք պնդել, որ կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման կարևորագույն միջոցառումներից մեկն էլ հանդիսանում է նրանց տնտեսական ակտիվության և նյութական ինքնաբավության խրախուսումը:
Սեռով պայմանավորված խտրական մոտեցման բացառման, հատկապես կանանց իրավունքների գիտակցման և պահպանման ուղղությամբ հայ հասարակությունը մինչ այժմ էլ կատարել է արժանահիշատակ քայլեր, երբ դրանք նույնիսկ եվրոպական շատ երկրներում ընդունված չեն եղել: Այսպես, 1919թ., ՀՀ խորհրդարանական ընտրություններին, օրենքով սահմանված կարգով, ընտրելու և ընտրվելու իրավունք ուներ 20 տարին լրացած յուրաքանչյուր ոք, անկախ սեռից, կրոնական համոզմունքներից և սոցիալական վիճակից, իսկ ընտրված խորհրդարանն ունեցավ 3 կին պատգամավոր: Համեմատության համար նշենք, որ պառլամենտարիզմի հայրենիք Անգլիայում կանայք ընտրելու իրավունք ստացան միայն 1918թ., այն էլ 30 տարին լրացած:
Ամփոփելով վերլուծությունը՝ փաստենք, որ կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելումը պահանջում է այլ թիրախներ և նպատակային գործողություններ, որոնց մի մասն արդեն թվարկվեց։
Առայժմ այսքանը։ Առողջ եղեք։
Աստված պահապան մեր Ընտանիքներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»: