կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-01 15:20
Քաղաքական

Չեղած հեռագրի ուրվականը. Վանիկ Բաբաջանյան

Չեղած հեռագրի ուրվականը. Վանիկ Բաբաջանյան

«Ժողովրդագրական զարգացում» ՀԿ նախագահ Վանիկ Բաբաջանյանը գրում է.

1965թ․ նշանավոր պատմաբան Ջոն Կիրակոսյանի կողմից «Առաջին համաշխարհային պատերազմը և հայերը» աշխատության մեջ շրջանառության մեջ դրվեց մի հեռագիր, ըստ որի Հայաստանի առաջին Հանրապետության երեք ղեկավար գործիչներ, իբր, թուրքական կողմին տեղեկացրել են զորավար Անդրանիկի գտնվելու տեղը։ Հեռագրի մասին «հիշում են» որոշակի պարբերականությամբ, պատեհ ու անպատեհ, իմացող ու չիմացող, մասնագետ ու ոչ մասնագետ, որից հետո կրկին ծավալվում են անիմաստ քննարկումներ չեղած երևույթի վերաբերյալ։

ԵՎ, ԱՅՍՊԵՍ՝

1․ այս հեռագրի իսկությունը չի հաստատվել ո՛չ արխիվային փաստաթղթերով, ո՛չ զորավար Անդրանիկի կենսագիրների գրքերով,
2․․ հեռագիրը թվագրված է 1918թ․ հուլիսի 17-ով, իսկ այդ օրը վարչապետ Հ․ Քաջազնունին, կառավարության և Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի անդամները, բացի Արամից, նոր միայն դուրս էին եկել Թիֆլիսից ու ճանապարհվում էին Երևան։ Հասան միայն հուլիսի 19-ին։ Նրանց հատկացված երկաթգծային վագոնը անմխիթար վիճակում էր, զուրկ տարրական հարմարությունից, ուր մնաց հեռագիր տալու հնարավորություն ունենար,
3․ Արամ Մանուկյանը երբեք չի եղել զինվորական մինիստր,
4․ Ա․ Սահակյանը երբեք չի եղել կառավարության խորհրդի նախագահ այն պարզ պատճառով, որ նման պաշտոն ուղղակի գոյություն չի ունեցել։

Հ․Գ․ 1․ Հարց է առաջանում, Ջոն Կիրակոսյանը չգիտե՞ր արդյոք այդ տարրական բաները (օրինակ Արամի և Ա․ Սահակյանի զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ), որ գիտի դպրոցում միջին առաջադիմությամբ «Հայոց պատմություն» առարկա սովորող աշակերտը։ Իհարկե գիտեր։ ՈՒշադրություն դարձնենք Ջոն Կիրակոսյանի աշխատության հրատարակվելու ժամանակաշրջանին՝ եզրակացությունը թողնելով ընթերցողին։
Հ․Գ․ 2․ Հայաստանի անկախության վերաբերյալ 1918թ․ մայիսին քաղաքական ուժերի դիրքորոշումները պահպանված են։ Դրանք առկա են ինչպես Ազգային արխիվում, այնպես էլ բազմաթիվ հեղինակների աշխատություններում։ Հետաքրքրվողն ու կարդացողը լավ գիտի։