կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 17:41
Աշխարհ

ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերն ավարտվում են մայիսի 12-ին

ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերն ավարտվում են մայիսի 12-ին

Ռուսաստանում ոչ աշխատանքային ժամանակահատվածը ավարտվում է մայիսի 12-ին. այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հանդիպման ժամանակ: Նա նշել է՝ տնտեսության բոլոր ոլորտների համար ավարտվում են ոչ աշխատանքային օրերը, բայց համաճարակի դեմ պայքարը կշարունակվի. գրում է Vesti.ru-ն, հայտնում է Yerkir.am-ը։

Սահմանափակումները չեղարկվելու են փուլերով` կախված կոնկրետ տարածաշրջանում առկա իրավիճակից: «Անշուշտ, ամբողջ երկրում դեռևս բացառվում է ցանկացած զանգվածային միջոցառում: Եվ, իհարկե, բոլորը պետք է կատարեն սանիտարական կանոնները: Դա վերաբերում է կազմակերպությունների, ձեռնարկությունների, խանութների, ծառայությունների ոլորտի, տրանսպորտի աշխատանքին»,- ընդգծել է Պուտինը:

65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար պետք է պահպանվի բարձրակարգ անվտանգության ռեժիմ: Պուտինը առանձնապես դիմել է թոշակառուներին և խնդրել նրանց «դեռ համբերատար լինել»: Նա շեշտել է, որ «դա կյանքի հարց է», ոչ թե դատարկ խոսքեր, և սահմանափակումների ռեժիմը մնում է, քանի որ «մենք անհանգստանում ենք ձեզ համար և ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեզ պաշտպանենք վիրուսի սպառնալիքից»:

Նա նաև հայտարարել է պետական աջակցության մասին, առաջին հերթին` երեխաներ ունեցող ընտանիքներին, նաև` ամենատուժած ոլորտների ձեռնարկություններին, որոնց համար հատուկ վարկային ծրագրեր են մշակվել: Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ աջակցության նման ծրագրեր երբևէ չեն եղել, և շատ կարևոր է, որ դրանք հասնեն շահառուներին:

Պուտինը նաև հավելել է, որ ստորագրվել է հրամանագիր, որը կդառնա օրինական հիմք`կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար։

Այնուամենայնիվ, նախագահի խոսքով, ինքնամեկուսացան ռեժիմը թուլացնելը միաժամանակ չի լինի: «Դուք պետք է դա անեք հետևողականորեն, ուշադիր, քայլ առ քայլ և սանիտարական պայմանների խստորեն պահպանմամբ»,- եզրափակել է նա: