Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետերբուրգից Ռուսաստանի ՆԳՆ սպա, բանաստեղծ Վիկտոր Ալեքսանդրովը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրիում կատարված ոճրագործությանը.
«Գյումրիում հայկական ընտանիքի գազանային ու անմարդկային սպանությունը հնարավոր չէ ընկալել և հասկանալ: Դրան որևէ ներում չի կարող լինել:
Միայն թե տարօրինակ է Ռուսաստանի ղեկավարության պահվածքը: Արված են պաշտոնական ցավակցություններ: Հե՞տո:
Մարդասպանը մեր բանակի զինվոր է, իսկ նախագահն այդ նույն բանակի գերագույն հրամանատարն է: Նա պաշտոնական հայտարարություն արե՞լ է: Ռուսաստանը միջոցներ հատկացրե՞լ է մի ակնթարթում որբացած հայ մանչուկի բուժման համար:
Այդ զազրելի արարքից հետո Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանում պետք է սուգ հայտարարվեր, Ավետիսյանների թաղման օրը պետք է արգելվեին զվարճանքի բոլոր ծրագրերն ու միջոցառումները, որովհետև տեղի ունեցածը թե՛ ռուսների, թե՛ հայերի ցավն է:
Եկեք` մի պահ պատկերացնենք, որ հայի ձեռքով նույն Մոսկվայում մի ողջ ընտանիք է զոհվել: Հավատացնում եմ` այդ նորությունը մի ամբողջ ամիս չէր իջնի մամուլի առաջին էջերից, բազմաթիվ ժուռնալիստներ ու թոք-շոուներ, բոլոր ծակուծուկերից դուրս կպրծնեին «հայրենասերները», ու փետուրները քամուն կտրվեին:
Իսկ հիմա բոլորը լռում են: Չէ՞ որ ոչ հայկական ընտանիք են սպանել եւ ոչ Ռուսաստանում:
Ես սպա եմ եւ միշտ ճիշտն եմ ասում ու պատրաստ եմ պատասխան տալ յուրաքանչյուր բառիս համար: Հիմա ինձ համար ամոթալի և վիրավորական է: Հայ ժողովուրդը քի՞չ բան է արել Ռուսաստանի համար: Մի՞թե 19 դարում այսպիսի Ռուսաստան են կամավոր մտել Արևելյան Հայաստանն ու նրա ժողովուրդը` մնալու առաջարկ արած Պարսկաստանին պատասխանելով. «Լավ է քրիստոնեական հողում խոտ ուտել, քան հաց՝ Պարսկաստանում»: Մի՞թե այսպիսի երկիր էր ձգտում, փրկություն փնտրելով, Արևմտյան Հայաստանի ժողովուրդը` զոհաբերվելով Ռուսաստանի հանդեպ սիրո ու նախընտրության համար:
Հիմա մենք ձեզ հետ միասին դառնում ենք ահռելի անարդարության վկաներ: Մարդասպանին չեն ուզում հանձնել հայկական կողմին: Որևէ մեկը կարո՞ղ է ինձ երաշխիք տալ, որ այստեղ նրան ապուշ չեն համարի և չեն թաքցնի գժանոցում, որտեղից յոթ-ութ տարի անց դուրս կգա: Ոչ ոք:
Ես հիստերիա չեմ հրահրում, այլ սովորական քրիստոնեական ցավակցության կոչ եմ անում: Դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ ռուսներիս: Մենք թուրքեր չենք, ովքեր իրենց այլանդակներին հովանավորում, հետո հերոսացնում են: Մենք ավելի, քան հայերը պիտի պահանջենք, որ այդ գարշանքը իր օրերն ավարտի աղբափոսում: Իմ ընկերներին ու ծանոթներին ես խնդրում եմ միայն` Ավետիսյանների թաղման օրը զերծ մնացեք ծիծաղից ու զվարճանքից, եկեք հայկական եկեղեցի, հայկական դեսպանատուն, հայկական հյուպատոսարան, խաչքարի մոտ, պարզապես ծաղիկներ բերեք ու աղոթեք անմեղ զոհերի համար:
Հասարակական գործիչնե'ր, ժուռնալիստնե'ր, բլոգերնե'ր, այդ ամենից նյութեր պատրաստեք և հաճախ բարձրացրեք այս հարցը, որպեսզի այդ մասին իմանա Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ, որովհետև պարզ երևում է, որ այդ գործն արդեն արգելակվում է: Այլապես որևէ դաշնակցության, բարեկամության ու եղբայրության մասին խոսք չի կարող լինել: Եվ թույլ մի' տվեք, որ այս հունվարը դառնա մեր ժողովուրդների միջև հարաբերությունների վերջի սկիզբը:
Հայե'ր, մենք ողբում ենք ձեզ հետ միասին»: