|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջապահության 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնների կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են 5,1-ական մլրդ դրամ գնահատվող ծրագրերի մրցույթների կազմակերպման աշխատանքները, որոնց ավարտից հետո բուն շինարարությունը կմեկնարկի:
Բացի այդ, ևս 12 բժշկական կենտրոնների վերանորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրեր են իրականացվում հանրապետության տարբեր քաղաքներում և համայնքներում: Աշխատանքները գտնվում են տարբեր փուլերում: Այս օբյեկտների շինաշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 18,5 մլրդ դրամ, ևս 3,8 մլրդ դրամ նախատեսվում է հատկացնել անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետներում իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կապիտալ ծախսային ծրագրերը պետք է ապահովեն կապիտալ արդյունք և ստեղծեն նոր աշխատատեղեր, հատկապես շինարարության ոլորտում: