Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ճանապարհը ծանր էր։ Հայկը, որ մեկ ուրիշ անգամ կխոսեր ու կատակ կաներ, կարծես ձուլվել էր մեքենայի ղեկին ու ոչինչ չէր ասում։ Արփիկն էր ժամանակ առ ժամանակ փորձում ճեղքել լռության շղթան, բայց ապարդյուն։ Ոլորանները անցնում էին կապույտ երկնքի ու աշնանային սառը սարերի արանքով։ Վերևում մի չտաքացնող արև էր, ներքևի ձորում մառախուղի մի ահռելի զանգված Թթու ջուր գյուղն էր առել իր մեջ, ու միայն տեղանքին ծանոթներն էին հասկանում, որ ամպերից ներքև կյանք կա, սեր ու ծնունդ կա, մահ կա։
— Ի՞նչ բան է մարդը,— ասաց Հայկը,— մի տեղ Աստծո բարի հանճարի արտահայտումն է, մի տեղ՝ ամենանենգ արարածը։ Հետն էլ՝ անվերահսկելի շատանում է բնության հաշվին, ամեն ինչ բետոն ու ապակի է դարձնում։ Երևի Աստված է էս համաճարակը ուղարկել, որ կանգ առնենք, սթափվենք։ Թե չէ այսպես ո՞նց կլինի։
— Ինչու՞ ես այդքան վատ մտածում,— առարկեց Արփիկը,— լավ մտածիր, որ լավ լինի ու մի անհանգստացիր։ Մարդկային կյանքը ի ծնե երջանկություն է, Մարդն էլ՝ աշխարհը բարի պահողն է։ Այ, որ բալիկ ունենանք, դու կզգաս, թե ինչ քաղցր բան է մարդը։ Պատկերացնու՞մ ես նրա թաթիկը քո տորք անգեղի կոպիտ ձեռքի մեջ։
—Ո՞նց չանհանգստանամ, — ժպտալով ասաց Հայկը,— ո՞վ կմտածեր որ ես Երևան կգնամ նման հարցով։ Ամոթ էլ է։
— Դե՝ անլուծելի հարցեր չեն լինում։ Երկնափեշյանն էլ ասաց։ Իսկ դու նրան հավատում ես։ Արի մենք երեխա ունենանք, աշխարհի մասին դրանով մտածենք։ Գուցե մեր ապագա բալիկն էլ աշխարհի ծուռը կուղղի։
— Լավ ես ասում, թող քո ասածով լինի, բայց արի ներքևի հանքային աղբյուրից ջուր խմենք։
— Չէ, մեզ չի կարելի խմել, միայն հասարակ ջուր կարելի է, Թթու ջուրը ետ դառնալիս կխմենք։ Միայն թե մի քիչ արագ քշիր, կարծես դիտավորյալ դանդաղում ես։
Հայկը թաքուն ժպտաց։ Կինը իրեն անգիր գիտեր, մինչդեռ ինքը անընդհատ անսպասելի հայտագործություններ էր անում նրա բնավորության մեջ՝ նրա հետ ապրելով, ։
— Ո՞նց է Աստված մեզ բաժանել սեռերի, որ իրարով հիանանք, չէ՞։ Չկշտանանք։ Խաբեության ձև է էլի։ Ու երևի էս ձևն էլ կոչվում է կյանք։
— Նորից սկսեցի՞ր բացասական խոսել, Հայկ։ Դե եթե չես կշտանում, կոչվում է կյանք, իսկ հակառակը՝ պատիժ։ Աստված գիտի ինչ է անում, նա որոշում է, մենք ապրում ենք,— ասաց Արփիկը,— դու արագ քշիր, խնդրում եմ, կամ տուր ես քշեմ։
Հայկը գիտեր, որ կինն ավելի արագ կտանի էլ, կբերի էլ։ Ինքն էր մեքենա վարել սովորեցրել ու հետը գնացել շրջկենտրոնի ավտոդպրոց, քննություն հանձնելու։ Բայց նա իր ձեռագիրն ուներ՝ Ամեն բան անել հանգիստ, առանց շտապելու։
— Դու քշել չգիտես,— ժպտալով ասաց Հայկը ու համբուրեց կնոջը։