կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-30 13:20
Աշխարհ

Ապրիլի 24-ին Բոսնիան իր աջակցությունն է հայտնել Թուրքիային

Ապրիլի 24-ին Բոսնիան իր աջակցությունն է հայտնել Թուրքիային

Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյի քաղաքապետարանի շենքը, որը կառուցվել է 1896 թ., Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը ներկվել է թուրքական դրոշի գույներով. հայտնում է Regionmonitor.com կայքը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս քայլը նվիրված է եղել Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի կազմավորման օրվան, որը նշվում է ապրիլի 23-ին։ Այդ օրը Թուրքիայում նշում են որպես «Ազգային անկախության և երեխաների տոն»։

Սակայն ապրիլի 24-ին՝ հայերի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման օրը,  Սարաևոյի նման քայլը պատահական չէ։ Նման կարծիքին են նաև տեղական մի քանի լրարտվամիջոցներ։ Dnevnik.ba կայքը Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդված էր հրապարակել՝ «Ինչո՞ւ է բազմէթնիկ Սարաևոն ժխտում ցեղասպանությունը» վերնագրով։ Կայքը համարվում է Բոսնիայի խորվաթների շահերը պաշտպանող ռեսուրս։

Հոդվածի սկզբում կայքը մի շարք նկարներ և փաստեր է ցուցադրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հետո անդրադառնում թուրքական դրոշի գույներով պատմական շենքի գունավորմանը։ «Այս նշանակալի օրը Սարաևոն որոշել է ամենաբաց ձևով արժանին մատուցել թուրք եղբայրներին»,- նշվում է հոդվածում։

Բոսնիական ԶԼՄ-ներից շատերը գրում են, որ թուրքական դրոշի գույներով ներկվելը վերաբերում է Թուրքիայում նշվող վերոնշյալ տոնին, որոշներն էլ ասում են, որ այդ կերպ Բոսնիան իր աջակցությունն է հայտնում Թուրքիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։

Թուրքիան շաբաթներ առաջ էր օգնություն ուղարկել Բոսնիային և սակայն քաղաքապետարանը որոշել էր ոչ թե ապրիլի 20-ին շենքը գունավորվել թուրքական դրոշի գույներով, այլ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը։