Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամառը մեր թաղում՝ ՓՈՍ-ՓԱՐԻԶՈՒՄ, անտանելի շոգ էր լինում: Սառնարաններն անգամ չէին դիմանում տապին ու խանութպան Աբոն գարեջրի շշերը սառեցնելու համար հի՜ն, ավանդական ձևին էր անցնում։ Խանութի բակում, մի մեծ տաշտի մեջ խնամքով շարած գարեջրի շշերի վրա պաղ աղբյուրի ջուրն էր կապում ու Գառնո քաղցրահամ սառը, սրսուռ ջուրը առավոտից մինչ ուշ երեկո հոսում էր անխնա։ Է՜ն տարիներին ջուրն անարժեք բարիք էր, թեկուզ Գառնո անմահական ջուրը։ Է՜ն տարիներին ջուրը էժանության չափանիշն էր. ասում էին՝ հե՜չ, ջրի գին է, կամ էլ՝ ջրի գնով ծախեցի, ջրի գնով առա։
Միայն մեր թաղեցի եգիպտահայ Ահարոնն էր ցավով ու ափսոսանքով ասել.
- Պուտ մը ջրի համար Թուրք ժանդարմը հինգ ոսկի պահանջեց։
Բայց այս պատմությունը Դեր-Զորով անցած եգիպտահայ Ահարոնի մասին չէ, ոչ էլ խանութպան Աբոյի, այլ պաղպաղակ ծախող Մամիկոնի, անմարդ Հեղուշի ու նրա «ԶԻԼ» մակնիշի անխափան աշխատող սառնարանի մասին է։
Ամառը խանութպան Աբոյի համար ամենաեկամտաբեր շրջանն էր՝ պաղ, սառը գարեջուրը սովորականից թանկ էր վաճառվում, մինչև անգամ քծիպ Գուրգենը պաղ գարեջրի համար ավելին էր տալիս․ շոգ էր։ Պաղպաղակ ծախող Մամիկոնի գործերն էլ վատ չէին ամռան ամիսներին. հենց որ թաղ էր մտնում ճերմակ խալաթը հագին, պաղպաղակների տեսականիով լեցուն սայլակը քշող Արտոյի հետ, չորս կողմից վրա էին տալիս։ Մամիկոնը օգնական Արտոյին, որը մեր հասակակիցն էր, զգուշացնում էր.
- Աչքդ վրեն պահի չթռցնեն...
Որքան էլ ուշիմ ու զգույշ էր Արտոն, մեկ է, պաղպաղակ թռցնողներ լինում էին... Կյաժ Սամոն կար ու կար... Արտոն Մամիկոնի անպաշտոն օգնականն էր։ Զիլ ձայն ուներ ու կանչում էր.
- Մառոժնի՜, մառոժնի՜... էսկիմո՜՝... պլոմբիր՜...
Այսպես, փողոցից-փողոց, բակից-բակ կանչելով որքան հեռվանում՝ այնքան մարում էր նրա ձայնը... Մտածում էինք, որ արդեն բոշի թաղ են հասել... Ոմանք նախանձում էին Արտոյին, որ Մամիկոնի օգնականն է։ Սայլակը քշելու և զիլ ձայնով կանչելու դիմաց, օրվա վերջին մի պլոմբիր, մի էսկիմո էր Արտոյի վարձը... Ոմանք էլ, էլի նախանձից դրդված, ասում էին.
- Էրկու մառոժնու համար համբալություն ա անում․․․։
Պաղպաղակներից բացի, սառույցների տակ Մամիկոնը մի քանի շիշ գարեջուր էր թաքցնում ու ձեռքի հետ մի քանի կոպեկ ավելիով վաճառում։ Գարեջրի հաճախորդները բոշի թաղում էին։
Թաղի փողոցներվ, բակերով պտտելուց հետո կրկին լսվում էր Արտոյի արդեն հոգնած ձայնը.
- Տաք-տաք մառոժնի՜... տաք-տաք մառոժնի՜...
Դրանք սայլակում մնացած, հալոցքն ընկած պաղպաղակներն էին, որի մի մասը Մամիկոնը օգնականին էր տալիս, մի մասն էլ անմարդ Հեղուշին, իբր «ԶԻԼ» սառնարանում պահելու։ Այս անգամ «տաք-տաք» պաղպաղակները Հեղուշին տալուց հետո Մամիկոնի աչքից չէր վրիպել թափանցիկ խալաթի տակից կանչող մերկ թրթռացող մարմինը։ Շոգ էր։ Մամիկոնը շշուկով ասել էր.
- Գիշերը դուռդ բաց կպահես...
Արտոյին այս անգամ բաժին չէր հասել․ որքան էլ թաքուն, շշուկով էր ասել՝ դուռդ բաց կպահես-ը թաղի ականջն ընկավ ու ամենակարևորը՝ տիկին Լուսիկին էր հասել ամուսնու շշուկով ասածը....
Մամիկոնը արդեն մենակ էր ամռան տապին ու շոգին քափ ու քրտինք մտած փողոցից-փողոց, բակից-բակ, մինչ բոշի թաղ ծանր սայլակը քշում ու էստի համեցեք կանչում։ ՈՒ՞մ ասեր՝ աչքդ վրեն պահի չթռցնեն ..․ Վերջը, նոր օգնական գտավ՝ Համբիկն էր, որը Արտոյի համար ասել էր՝ Էրկու մառոժնու համար համբալություն ա անում։
Ճիշտ է, Համբիկը Արտոյի պես զիլ ձայն չուներ, բայց աչքաբաց էր ու ամենակարևորը՝ գաղտնապահ։
Աշխատանքային օրն ավարտվել էր։ Գրեթե դատարկ պաղպաղակի սայլակը կանգ էր առել Համբիկենց տան առաջ։ Մամիկոնը օգնականին ասել էր.
- Գնա մի աման բեր, էս տաք-տաք մառոժնին ձեր տուն տար... Մինչ Համբիկը ետ կգար, Մամիկոնը դատարկել էր ճերմակ խալաթ ի գրպաններն ու թղթադրամները առանձին, մանրադրամները առանձին սկսել հաշվել օրվա եկամուտը։ Այդ պահին թաղեցիներից մեկը, որն անցնում էր կողքով, խայթող հեգնանքով ասել է.
- Հը՜, Մամիկոն, Հեղուշի խալադելնիկը (սառնարանը) փչացե՞լ ա...
Մամիկոնը չլսելու է տվել, արհամահրել, ու առանց աչքը թարթելու շարունակել հաշվելը... Խայթողը, ինչպես եգիպտացի Ահարոնը կասեր, փարայի արժեք չունեցող քծիպ Գուրգենն է եղել...
Անմարդ Հեղուշի «ԶԻԼ» սառնարանը այդ ընթացքում էլ դատարկ չի մնացել, խանութպան Աբոյի գարեջրերը վկա...»: