կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 16:24
Առանց Կատեգորիա

Հայկական հարցի բուն էությունը հայոց պետականության վերականգնումն է Հայկական բարձրավանդակում. Ռ. Սաֆրաստյան

Հայկական հարցի բուն էությունը հայոց պետականության վերականգնումն է Հայկական բարձրավանդակում. Ռ. Սաֆրաստյան

Yerkir.am-ը ներկայացնում է ակադեմիկոս,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հարցազրույցը։ 

- Հարգելի պարո՛ն Սաֆրաստյան, Հայոց ցեղասպանության մասին խոսելիս ընդունված է ասել, որ այն հնարավոր դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում, բայց արդյոք, այսպես ասած, նպաստող հանգամանքնե՞րն էին, որ նաև մղիչ պատճառ հանդիսացան  մեծ ոճրագործության համար: Մյուս կողմից՝ հատկապես թուրքական  քարոզչության կողմից մեղադրանքներ են հնչում հայության դեմ` իբր ողբերգության դրդապատճառը ռուսների հետ գործակցությունն էր, կամավորական շարժումը և այլն:

- Ես համոզված եմ, որ այդ կարծիքները միանշանակորեն հիմնավորված չեն: Դրանց քննադատությունը և իմ մոտեցման հիմնավորումը ես տվել եմ  մենագրության մեջ, որտեղ ես քննարկում եմ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը և փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ ցեղասպանական առաջին ծրագիրը օսմանյան կառավարությունը ստեղծել էր դեռևս 1876 թվականի մայիսին, և այն ուղղված էր բուլղարների դեմ: Դրանից հետո էլի եղան ցեղասպանական ծրագրեր. մեկը՝ 1890-ական թվականներին՝ ուղղված հայ ժողովրդի դեմ, մյուսը՝ 1915 թվականին՝ Հայոց մեծ եղեռնը, ցեղասպանությունը, և մյուս ցեղասպանական ծրագիրն արդեն 1920 թվականին էր ստեղծվել՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ: Այսինքն՝ ցեղասպանական ծրագրերն Օսմանյան կայսրությունում նրա գոյության վերջին տասնամյակներում բազմաթիվ են եղել: Սկզբից եղել է բուլղար ժողովրդի դեմ, հետո երեք ծրագիր ստեղծվել է հայ ժողովրդի դեմ: Սա վկայում է այն մասին, որ Օսմանյան կայսրությունն իր գոյության այդ վերջին փուլում դարձել էր ցեղասպան պետություն, որովհետև իշխող վերնախավը, իսկ դրանք տարբեր սերնդի վերնախավեր էին` 1870-ական, 1890-ական, 1910-ական թվականների, քեմալականները, ազգային հարցի լուծումը տեսնում էին ցեղասպանության մեջ, այսինքն՝ այդ ժողովրդի իսպառ բնաջնջման մեջ: Իսկ ինչ վերաբերում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, ապա կարելի է ասել, որ առաջին անգամ, ըստ էության, ցեղասպանության նախապատրաստումն սկսվել էր 1910 թվականից: 1910 թվականին երիտթուրքական կուսակցության մի կարևոր խորհրդակցություն տեղի ունեցավ, որից հետո տեղի ունեցավ նրանց հերթական համագումարը: Այդ երկու կարևոր խորհրդակցությունների ընթացքում քայլեր կատարվեցին, որոնք տարան դեպի Հայոց ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը, գենեզիսը: Վերջնական ծրագիրը պատրաստ էր 1914 թվականի վերջին ամիսներին: Ցեղասպանությունը պետք է անպայման ունենա նպատակադրվածություն, կանխամտածվածություն, ինչը հաստատվում է ծրագրի գոյությամբ:  Իսկ ցեղասպանության ծրագիրն ամենակարևոր հանգամանքն է, որը հնարավորություն է տալիս ցեղասպանությունը տարանջատելու, ասենք, սովորական կոտորածից կամ էթնիկ զտումից և այլն: Այնպես որ դա մի շարունակական գործընթաց էր, իսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ծրագիրը և բուն ցեղասպանությունն այդ ընդհանուր գործընթացի հանգրվանային երևույթներից մեկն էին: Կան վկայություններ, որ խորհրդակցությունները երիտթուրքական կուսակցության վերնախավի նեղ շրջանակներում, կապված Հայկական հարցի լուծման հետ, արդեն տեղի էին ունենում 1912, 1913, 1914 թվականներին` մինչև պատերազմը: Այստեղ շատ կարևոր հանգամանք է 1912-1914 թվականների հայկական ճգնաժամը, ինչի արդյունքում ընդունվեց համաձայնագիր, որն Օսմանյան կայսրությունն ստիպված էր ստորագրել եվրոպական հինգ ամենակարևոր երկրների հետ: Դրանով նա համաձայնեց, որ Արևմտյան Հայաստանը կամաց-կամաց դուրս է բերվում Օսմանյան կայսրության իշխանությունից: Դրա հետևանքով Արևմտյան Հայաստանի վիլայեթները բաժանվեցին երկու մասի, երկու արտասահմանցի նշանակվեցին կառավարիչներ և այլն: Ցավոք, այդ ծրագիրը չիրականացվեց, քանի որ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Ես կարծում եմ, որ այդ բոլոր ծրագրերը, քննարկումները, որոնք սկսեցին ձեռք բերել ավելի կոնկրետ բնույթ, կապված էին ամենակարևոր հանգամանքի հետ: Երիտթուրքական կուսակցության և օսմանյան պետության վերնախավերը հասկացան, որ արդեն սկսվում էր Արևմտյան Հայաստանի ինքնորոշման հնարավորություններ ստեղծելու գործընթացը: Դրա համար նրանք ավանդույթը, այսպես ասած, շարունակեցին և հասցրին «կատարելության», որովհետև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենադաժան իրադարձություններից է:

 - Մուստաֆա Քեմալը արդյո՞ք հայությանն ու Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու երիտթուրքական ծրագրերի շարունակողը  չէր: 

- Այդ խմբավորման, որն անվանվում էր երիտթուրքական կուսակցություն, բացարձակ մեծամասնությունը հանցագործ էր, և նրանց ձեռքերը շաղախված էին հայ ժողովրդի արյամբ: Նրանց մի մասն իրեն հայտարարեց Քեմալի գործի շարունակող կամ քեմալական: Ինքը՝ Քեմալը, երիտթուրքական հայտնի ու կարևոր գործիչներից էր: Կան տվյալներ, որ ժամանակին Կենտկոմի անդամ էր եղել, բայց հետո գժտվել էր Էնվերի հետ և դուրս մնացել կառավարող շրջանակից: Նա իրեն շրջապատել էր այնպիսի մարդկանցով, որոնք ոչ միայն երիտթուրք էին, ինչպես ինքը, այլ նաև ուղղակի պատասխանատվություն էին կրում հայ ժողովրդի ջարդերի համար: Կան հաշվարկներ (իմ գրքում դրանք նշված են), թե քանի հոգի էին նրանք, թե ինչպես Էրզրումի, Կարինի իրենց խորհրդակցության մասնակիցների և ղեկավար կազմի բացարձակ մեծամասնությունը երիտթուրքեր էին և այլն: Մյուս հանգամանքն այն է, որ 1920 թվականի նոյեմբերի 6-ին Անկարայից (այդ ժամանակ քեմալականների ղեկավարությունը տեղափոխվել էր Անկարա և այնտեղ էր գտնվում) Կարաբեքիր փաշային գաղտնի հրաման է գալիս, որում գրված էր, որ Հայաստանը պետք է ոչնչացվեր նյութապես կամ իրապես և քաղաքականապես: Եվ ոչ միայն այդ հրամանն էր տրվում, այլև այդ տեքստում նշվում էին այն ճանապարհները, թե ինչպես պետք է դա իրականացվեր, ինչ պետք է արվեր, որ աշխարհը դրա մասին չիմանար, որ կոծկվեր այդ հանցագործությունը: Կարելի է շատ հստակ պնդել, որ քեմալականները նպատակ ունեին ավարտելու այն գործը, որը սկսել էին էլի իրենք երիտթուրքի անվան տակ, բայց դա ուղղակի քաղաքական զարգացումների բերումով իրականություն չդարձավ:    

 - Հայտնի է նաև, որ հայության մնացորդացի, ինչպես և Թուրքիայի մյուս փոքրամասնությունների նկատմամբ հալածանքներն ու ջարդերը, նրանց նյութական ու հոգևոր հետքերը վերացնելու քաղաքականությունը շարունակվեցին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տասնամյակների ընթացքում: Մի՞թե թուրքական հաջորդական կառավարությունների օրոք չփոխվեցին այդ երկրի պետական գաղափարախոսությունն ու ռազմավարական ծրագրերը:

 - Մինչև այդ հարցին պատասխանելը ես ուզում եմ անդրադառնալ Էսատուրասի անձին: Նա հայտնի է նրանով, որ 1951 թվականին հրատարակեց մի ստվար հատոր, որը թարգմանաբար կոչվում է «Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը»: Այդտեղ տրված է թուրքական պաշտոնական տեսակետը Հայոց ցեղասպանության ժխտման և կեղծման ուղղությամբ: Այդ մարդը, փաստորեն, վերցնելով Քեմալից, վերցնելով դեռևս երիտթուրքական շրջանից, ձևակերպել է ժխտման և կեղծիքների այն հայեցակարգը, որը հիմա թուրքերն ամեն կերպ արտահայտում են: Այդ մարդը եղել է թուրքական գաղտնի ծառայությունների աշխատակից, իմացել է հայերեն և զբաղվել է հայերենով: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ գաղտնի ծառայությունների աշխատակիցը գիրք է գրել և այնտեղ ձևակերպել է պետական մոտեցումը Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ: Նա գաղտնի ծառայություններում աշխատել է հենց հայերի և մյուս փոքրամասնությունների դեմ: Այդ մարդը մարմնավորում է թուրքական, այսպես ասած, պետականության էությունը, քաղաքականության էությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Այդ քաղաքականությունը շարունակվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ընդ որում, 1946 թվականին արդեն հրատարակվեցին Թալեաթի հուշերը, որոնք մինչ այդ չէին հրատարակվել և ձեռագիր էին պահվում: Այնտեղ հատուկ գլուխ կա Հայոց ցեղասպանության մասին: Այդ գլուխը ոչ միայն Թալեաթի անձնական կեղծիքների շարանն է, այլ նաև ընդհանուր թուրքական պետականության մոտեցումն է ցեղասպանության քաղաքականության մասին: Ակնհայտ է, որ այս քաղաքականությունը շարունակվեց և´ հայերի, և´ հույների նկատմամբ Թուրքիայի Հանրապետությունում: Մասնավորապես կարելի է հիշել Ստամբուլում 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները, երբ տեղի ունեցան ծանրագույն հանցագործություններ, տասնյակ մարդկանց սպանություններ միայն այն բանի համար, որ նրանք հույն կամ հայ էին: Սրանք նույնպես ցեղասպանական արարքներ էին, որոնք տեղի ունեցան այդ երկրի ամենակարևոր քաղաքում, պետության ուշադրության կենտրոնում: Սա վկայում է այն մասին, որ դա պետական քաղաքականության մասն է կազմում: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի պետական քաղաքականությունն ունի երկու բաղադրիչ. մի կողմից՝ ճնշումներն են իրավական հարթության վրա, որոնք արտահայտվում են նաև առօրյա կյանքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ, մյուս կողմից՝ ժամանակ առ ժամանակ կիրառվում են զանգվածային բռնարարքներ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, որ նրանք իրենց «խելոք պահեն»: Այդ քաղաքականության վերջին օրինակը Հրանտ Դինքի սպանությունն էր: Սա, թվում է, մի անհատի սպանություն էր, չնայած խոշոր անհատի, բայց, ըստ էության, այստեղ մի քանի կարևոր հանգամանք կա: Առաջինն այն էր, որ սպանվեց մի անհատ, որը իրադարձություններով հագեցած կենսագրություն էր ունեցել և դեր էր խաղացել նաև թուրքական հասարակական գործունեության մեջ` որպես ձախակողմյան գործիչ, և հեղինակությոն ուներ Թուրքիայի մտավորականության շրջանում: Նա այն ճանապարհն անցավ, որը վերջիվերջո հանգեցրեց այն բանին, որ նա դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Սկզբից նա այդ հարցերով չէր հետաքրքրվում: Այսինքն՝ դա թուրքական մտավորականության համար մի ճանապարհ էր, որ անցավ Հրանտ Դինքը: Ես կասեի, որ փրկության ճանապարհ էր, որ նրանք հասկանային, թե ինչ էր տեղի ունեցել, և դատապարտեին: Եվ տեղի ունեցավ այդ անհատի սպանությունը: Ես կարծում եմ, որ դա ուղղված էր ողջ թուրք մտավորականությանը: Մենք տեսնում էինք, որ առանձին մարդիկ, ներկայացուցիչներ կամաց-կամաց գալիս էին դեպի ճշմարտություն, ապաշխարում էին որոշ չափով: Եվ այդ սպանությունը կանգնեցրեց այդ գործընթացը: Սա շատ կարևոր է: Եվ դրա համար որպես թիրախ նա էր ընտրվել: Երկրորդ հանգամանքն այն էր, որ, ինչպես բացահայտեց դատական գործընթացը, այստեղ ներգրավված էին հիմնականում ոստիկանության աշխատակիցներ, գաղտնի ծառայության գործակալներ, «գորշ գայլեր», այսինքն՝ թուրքական հասարակության հենց այդ հատվածը: Տեսեք, թե ինչ ճանապարհ է: Էսատուրասի մասին ես պատահաբար չխոսեցի: Նա նույնպես այդ միջավայրից էր: Եվ վերջում հասանք նրան, որ այդ ոլորտի` ավելի ցածր աստիճանով աշխատակիցները սպանեցին Հրանտ Դինքին` այդպիսի դեմքին: Սա այն իրողությունն է, որ Թուրքիայում կա: Պատահական չէ, որ տասնամյակներ շարունակ քուրդ ժողովրդի նկատմամբ են տեղի ունենում զանգվածային կոտորածներ:Ե´վ հույներն են զգում դա անընդհատ, և´ հրեաները՝ ժամանակ առ ժամանակ:  

- Կարո՞ղ ենք ասել, որ այսօր էլ կենսունակ են պանթուրքիզմի գաղափարները, և նեոօսմանիզմի կամ այլ տեսությունների ու ծրագրերի  արդյունք է այսօրվա թուրքական ագրեսիվ ներքին ու արտաքին քաղաքականությունը: Այս պետությունը մի կողմից խեղդում է իր երկրի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` քրդերի ազատասիրական, անկախական նկրտումները, մյուս կողմից ձգտում է գերիշխանություն հաստատելու շրջապատող երկրների վրա, յուրացնել նորանոր տարածքներ, բնական պաշարներ, թելադրել քաղաքականություն, վասալական կախման մեջ գցել և այլն:

- Ես ուզում եմ ընդգծել մի քանի փաստ: Առաջինն այն է, որ ներկայիս կառավարող «Արդարություն, զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-ն) երկիրը կառավարում է՝ կոալիցիա կազմելով «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, որը Թուրքիայում պանթուրքիստական կուսակցություն է: ԱԶԿ-ն, որն  սկզբից ներկայանում էր իբրև մեղմ, դեմոկրատական, իսլամիստական ուղղության ներկայացուցիչ, ոչ միայն հետագայում գնալով ավելի ուժեղ իսլամիստ դարձավ և համագործակցեց տարբեր տեսակի ջիհադիստական կազմակերպությունների, մասնավորապես` Իսլամիստական պետության հետ (դրա մասին կան բազմաթիվ փաստեր), այլ նաև ուղղակի քաղաքական դաշինք ստեղծեց Պանթուրքիստական կուսակցության հետ: Սա վկայում է այն մասին, որ պանթուրքիզմը հիմա Թուրքիայում, կարելի է ասել, պետական ոլորտում գաղափարախոսությունների մեջ ընդունելիներից մեկն է: Սա երկրի ներսում՝ գաղափարական առումով: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա մի փաստ էլ արձանագրենք, որը հետևյալն է: Ներկա պահին թուրքական զինված ուժերը գտնվում են Թուրքիայից դուրս մի քանի երկրում: Դրանք մասնավորապես տեղակայված են Սիրիայում, Լիբիայում: Քառասունհազարանոց թուրքական բանակ տեղակայված է Կիպրոսում: Թուրքական զինված ուժերը շատ հանգիստ մտնում և դուրս են գալիս Իրաքի տարածքից: Բացի դրանից՝ Թուրքիան իր զինված ուժերն օգտագործում է իր երկրի ներսում իր քաղաքացիների դեմ: Թուրքիան պատմական առումով եղել է ռազմականացված պետություն, և պատահական չէ, որ դեռևս Մարքսը 19-րդ դարում Թուրքիան անվանել է միջնադարի իրական միակ ռազմականացված պետությունը: Այդ ավանդույթը պահպանվել է, և այն շարունակել են Մուստաֆա Քեմալը և նրա խմբակը, որի մեծ մասը զինվորականներ էին: Նրանք հիմնադրեցին Թուրքիայի Հանրապետությունը: Հիմա արդեն մի փուլ է եկել, որ Թուրքիան իր զինված ուժերն օգտագործում է իր երկրի սահմաններից դուրս: Սրանք վերջին տարիների փաստեր են: Մինչ այդ հիմնականում խուսափում էին երկրից դուրս օգտագործել իրենց զինված ուժերը: Սա վկայում է այն մասին, որ Թուրքիայի քաղաքականությունն իր հարևանների և նույնիսկ ոչ հարևանների, օրինակ՝ Լիբիայի համար դարձել է վտանգավոր և նրանց գոյության համար վտանգ է ներկայացնում: Փորձեցին նրանք դա Սիրիայում իրականացնել, բայց տեսնում ենք, որ չի հաջողվում: Հիմա Լիբիա են տեղափոխել իրենց զինված ուժերը: Ենթադրվում է, որ այնտեղ մի քանի հազար թուրք զինյալ կա, հատուկ ուժերի ներկայացուցիչներ: Թուրքերը պատրաստում են ռազմական բազա Տրիպոլիի մերձակայքում: Երկրորդ փաստն այն է, որ կոնկրետ մեր տարածաշրջանում տեսնում ենք, որ Թուրքիան չափազանց մեծ ռազմական ակտիվություն է ցուցաբերում Նախիջևանի ուղղությամբ: Ես կարող եմ այստեղ մեջբերում անել թուրքական մամուլի մի հաղորդագրությունից, որը հետևյալն է: Անկարայի քաղաքական կուլիսներում քննարկվում է Նախիջևանում ռազմական բազա ստեղծելու խնդիրը: Ոչ միայն քննարկվում է, այլ նաև մենք քայլեր ենք արդեն տեսնում. այստեղ թուրք սպաներ են գտնվում, համատեղ զորավարժություններ են ադրբեջանցիների հետ և այլն: Այսինքն՝ Նախիջևանում սկսվել է թուրքական ռազմական բազայի հիմնադրման գործընթացը: Թուրքիան ունի իր երկրից դուրս նաև ռազմական բազաներ և´ Աֆրիկայում, և´ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Քաթարում ունի ռազմական բազա:

- Թուրքիան այսօր թշնամական հարաբերությունների մեջ է բոլոր հարևանների հետ`բնականաբար բացառությամբ Ադրբեջանի: Թուրքիան փորձում է գերհզոր տերությունների հետ մրցակցության ասպարեզ խցկվելով իր կամքը թելադրել, շահաբաժիններ ստանալ: Ի վերջո Թուրքիան հիմնավորապես զզվեցրել է Եվրոպային և ոչ միայն Եվրոպային իր պահանջներով, շանտաժներով պայմանավորվածությունների խախտումներով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հետևություններ են արվում սրանից, ՆԱՏՕ-ի անդամ, Ամերիկայի դաշնակից լինելը կամ այլ հանգամանքներ մի՞թե կարող են մշտապես նպաստել սեփական  հավակնություններն  անպատիժ  իրագործելուն:

- Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիան Եվրոպայի նկատմամբ քաղաքականության մեկ այլ պարադիգմ է օգտագործում: Եթե իր մերձավորարևելյան հարևանների դեմ ուղղակի զինված ուժեր է կիրառում  ժամանակ առ ժամանակ կամ մշտապես պահում է, ապա Եվրոպայի դեմ այս քաղաքականությունը մի քիչ ավելի «մեղմ» է և շանտաժի բնույթ ունի, ոչ թե զինված ուժերի կիրառման: Դա տեղի է ունենում փախստականների հոսքերը կառավարելով: Մենք դա ակնհայտորեն տեսանք վերջերս, երբ Թուրքիան սահմանները բացեց, և հարյուր հազարից ավելի փախստական մտավ Եվրամիության սահմաններից ներս: Սա հարցի մի կողմն է: Թուրքիան օգտագործում է այս խնդիրը` շանտաժ անելու համար եվրոպացիներին՝ ոչ միայն փող կորզելու, այլև իր օգտին նրանց քաղաքական որոշումներն ապահովելու համար: Մի հանգամանք էլ կա: Վկայություններ և ուսումնասիրություններ կան, որոնք հիմնավոր ապացուցում են, որ Թուրքիայից Եվրամիության սահմաններ մտած փախստականների մեջ կան հատուկ պատրաստված ջիհադիստների խմբեր: Թուրքիան ոչ միայն բացահայտ ճնշում է իրականացնում, այլ նաև տեղադրում է Եվրոպայում քնեցրած այդ խմբավորումները, որոնք, եթե պետք լինի, կակտիվացվեն, կսկսեն իրենց ահաբեկչական գործողությունները եվրոպական տարբեր երկրներում: Սա էլ թուրքական վտանգի ավելի սուր արտահայտումն է Եվրոպայի նկատմամբ: Եվ պատահական չէ, որ Եվրոպան, ըստ էության, փակել է Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրամիություն, որովհետև շատ հեռու է Եվրամիության չափանիշներից: Վերջին շրջանում Թուրքիայի նկատմամբ հետաքրքիր փոփոխություն է տեղի ունենում եվրոպացիների աշխարհաքաղաքական գործողությունների մեջ: Պարզ է, որ եվրոպական մայրաքաղաքներում Էրդողանին չեն սիրում, քննադատում են, թեև Ֆրանսիան վերջին շրջանում սկսում է ցուցաբերել ակտիվություն Մերձավոր Արևելքում, ինչն ուղղված է Թուրքիայի դեմ: Այնտեղ տեղակայում է իր ռազմական նավերը, համապատասխան հայտարարություններ են հնչում Ֆրանսիայից: Այսինքն՝ եվրոպական երկրները փորձում են արդեն ոչ միայն խոսքերով քննադատել Թուրքիային և նրա ճանապարհը փակել դեպի Եվրամիություն, այլև իրենց գործողություններով ուղղակի սահմանափակել Թուրքիային: Ես կարծում են, որ Ֆրանսիայի այս նոր ռազմավարությունը, որն ամիսների խնդիր է, հետագայում իր շարունակությունը կունենա: Ինչ վերաբերում է Թուրքիայի «անպատժելիության» բարդ խնդրին, ապա դրա ամենապարզ բացատրությունը հավանակաբար այն է, որ Թուրքիան օգտագործում է իր աշխարհաքաղաքական դիրքը, ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի դաշնակիցը լինելու հանգամանքը և այլն: Բայց ես կարծում եմ, որ այստեղ մենք գործ ունենք նաև թուրքական դիվանագիտության հետ, որը դարեր շարունակ կարողացել է շատ նրբորեն և խորամանկորեն սողոսկել տարբեր պետությունների շահերի մեջ՝  լարելով մեկին մյուսի դեմ, օգտագործելով իր շահերի համար: Եվ սա էլ իր նշանակությունն ունի:

- Ղարաբաղյան հարցում Թուրքիան ակնառու ձևով հանդես է գալիս որպես ադրբեջանական շահերի պաշտպան, Թուրքիան մեծացնում է իր ռազմական ներուժը Նախիջևանում: Հայաստանն ունի՞ անելիք այս սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ: 

- Թուրքիան բոլոր դիվանագիտական հարթակներում իր բոլոր հնարավորություններն օգտագործում է Ադրբեջանին օգնություն ցույց տալու համար: Ցավոք սրտի, նրա այս մոտեցումը չի սահմանափակվում միայն դրանով, միայն Ադրբեջանին պարզորոշ, ակնհայտորեն օգնություն ցույց տալով, այլ նաև նա փորձում է սողոսկել միջնորդների, ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահողների շրջանակը, այսինքն՝ դառնալ նաև միջնորդ: Սա մի կողմից բացահայտ լկտիություն է, մյուս կողմից նույնպես խորամանկ քայլ է: Ես կարծում եմ, որ չնայած Թուրքիան ձեռնարկում է այնպիսի գործողություններ, որոնցից է այդ երկրում վերջերս տեղի ունեցած հանդիպումը համանախագահողների ներկայացուցիչների հետ, բայց  շատ լավ հասկանում է, որ ինքը շանս չունի, որովհետև պարզ է, որ Հայաստանը երբեք չի համաձայնի դրան: Բայց նա անընդհատ դա անում է: Սա առաջին դեպքը չէ: Այս տասնյակ տարիների ընթացքում բազմաթիվ փորձեր են եղել: Իր այդ գործողություններով փորձում է ցույց տալ, որ Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի դաշնակիցն է, այլև տարածաշրջանում կարևոր դեր ունի, և առանց իրեն ոչինչ չի լինի: Սա Թուրքիայի քաղաքականության մի հատվածն է կամ մի արտահայտումն է, որը ես Արևելյան եմ անվանում: Սիմվոլների վրա է Թուրքիան աշխատում: Փորձում է իր հզորության մասին միշտ ավելին ցույց տալ, քան իրականում է: Իր դերն է ուզում բարձրացնել: Հիշենք Էրդողանի հայտարարությունները Սիրիայում, երբ նա վերջնաժամկետ դրեց, վերջնագիր հայտարարեց: Այսինքն՝ Թուրքիան միշտ փորձում է ցույց տալ, որ հիմա էլ գոյություն ունի իր օսմանյան անցյալը: Ղարաբաղի հարցում է ինքը փորձում այդպես գործել: Ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք, բայց  դա շատ լավ իմանալով, ուսումնասիրելով, հետազոտելով: Մենք մի այլ հանգամանքի նկատմամբ էլ միշտ պետք է աչալուրջ լինենք: Թուրքիան իր քաղաքականության մեջ, մասնավորապես` տարածաշրջանում, Ադրբեջանին կարող է օգտագործել իր նպատակների համար, սրել իրադրությունը սահմանի վրա, դրդել Ադրբեջանին ավելի ագրեսիվ գործողությունների Հայաստանի կամ Արցախի դեմ: Սա նաև թուրքական դիվանագիտության խաղի մի մասն է՝ Ադրբեջանին օգտագործել և ուղղորդել Հայաստանի կամ Արցախի դեմ: Այնպես որ սրան էլ մենք պետք է պատրաստ լինենք: Մասնավորապես ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացումը, Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողությունների ակտիվացումը Հայաստանի հետ սահմանի վրա կապված են դրա հետ:

- Այս համատեքստում որքանո՞վ են արդարացված և որպես թիրախներ ճիշտ ընտրված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ինչպես և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները: Սրանք սոսկ բարոյական բավարարության խնդիրնե՞ր են մեզ համար, թե՞ ավելին: 

- Ուզում եմ կանգ առնել մի քանի հանգամանքի վրա: Առաջինը, որ, այո´, ամբողջ աշխարհով մեկ պետք է շարունակել և ուժեղացնել պայքարը հանուն ցեղասպանության ճանաչման, դատապարտման և վնասների փոխհատուցման: Սա ինձ համար ակնհայտ է, և հայ համայնքները տարբեր երկրներում հետևողական այս ուղղությամբ աշխատում են: Այդ աշխատանքը պետք է շարունակել: Ես կարծում եմ, որ Հայաստանը` որպես հայոց պետականություն, այս քաղաքականությունը պետք է ավելի ակտիվ   հետապնդի: Սա միայն բարոյական խնդիր չէ, որովհետև շատ կարևոր է, որ մենք կարողանանք պատժի առաջ կանգնեցնել ցեղասպան պետությանը և նրա ժառանգորդ Թուրքիայի Հանրապետությանը: Պատիժը պետք է լինի հատուցման ձևով, ընդ որում, հատուցման ձևերը կարող են տարբեր լինել՝ բարոյականից, քաղաքականից, նյութականից, ֆինանսականից սկսած մինչև տարածքային: Սրանք բոլորն իրավական դաշտի խնդիրներ են: Պետք է դրանք հետապնդել և աշխատել դրանց վրա էլ ավելի մեծ եռանդով: Անդրադառնամ նաև երկրորդ հանգամանքին: Ես կարծում եմ, որ, շարունակելով այդ բնագավառում աշխատանքը, չպետք է մոռանալ Հայկական հարցի բուն էության մասին, որը հետևյալն է՝ հայոց պետականության վերականգնումը հայոց բնօրրանում՝ Հայկական բարձրավանդակում: Սա այն մեծ խնդիրն է, որը մեր ժողովրդի առջև կանգնած է: Դա, իհարկե, ո՛չ այսօրվա, ո՛չ վաղվա խնդիր է, բայց պետք է ուղենիշ լինի մեր ժողովրդի, մանավանդ երիտասարդության համար: Այս տարի Սևրի պայմանագրի հարյուրամյակն է, և ես կարծում եմ, որ այս տարին մենք պետք է օգտագործենք: Պետք է ոչ միայն գիտական միջոցառումներ լինեն, որ գիտական արժևորում տան այդ կարևոր իրադարձությանը, այլ նաև պետք է քաղաքական գնահատականներ տալ և ձգտել, որ այդ խնդիրները` կապված Սևրի հետ, կապված Հայկական հարցի հետ, դառնան օրակարգային մեր երիտասարդության համար: Ես շատ եմ դասավանդել և այսօր էլ դասավանդում եմ Երևանի տարբեր բուհերում և զգում եմ, որ երիտասարդության մոտ գիտելիքների պակաս կա այդ խնդրի վերաբերյալ: Եվ ես տեսնում եմ մեր սերնդի հիմնական խնդիրն է, որ Հայկական հարց ասված երևույթն իր դասական ձևով կարողանանք փոխանցել մեր երիտասարդ սերունդներին, որովհետև նրանք շարունակելու են պայքարը: Ես հույս ունեմ և հավատում եմ, որ այդ պայքարն ունի և ձեռք է բերում հաջողության հասնելու նոր հնարավորություններ՝ կապված այն իրադարձությունների հետ, որոնք հիմա տեղի են ունենում Մերձավոր Արևելքում: Այնպես որ ես երկու ուղղությամբ եմ մեր պայքարը տեսնում. մեկը՝ ցեղասպանության ճանաչում, դատապարտում եւ հատուցում ստանալու, մյուսը՝ հետազոտություններ իրավական, քաղաքագիտական, պատմագիտական հարթությունների վրա՝ կապված Հայկական հարցի, հայկական պահանջատիրության դասական  այդ ձևի հետ, որը 19-րդ դարի վերջից,  20-րդ դարի սկիզբ եղել է եվրոպական դիվանագիտության, մեր ժողովրդի, մեր քաղաքական կուսակցությունների կարևորագույն խնդիրը:

Հարցազրույցը պատրաստեց Մարիամ Հովսեփյանը

«Դրօշակ», թիվ 4 (1638), ապրիլ, 2020 թ.