կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-07 18:04
Քաղաքական

Հարցի բուն իրավատերը՝ Արցախը, դուրս է մղված բրյուսելյան բանակցություններից․ Հրաչ Վարժապետյան

Հարցի բուն իրավատերը՝ Արցախը, դուրս է մղված բրյուսելյան բանակցություններից․ Հրաչ Վարժապետյան

Բրյուսելյան հայտարարությունը տակավին շատ տարտամ է՝ տողատակեր կարդալու խնդիր կա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արեւմտյան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը՝ խոսելով նախօրեին Բրյուսելում տեղի ունեցածլ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման մասին, որը տևել է 3 ժամ և արդյունքում ընդունվել է Հայտարարություն։

Հրաչ Վարժապետյանը կարծում է՝ փաստաթղթում հստակ ոչինչ չկա բացի սահմանազատման-սահմանագծման վտանգավոր հարցից, որտեղ ևս մանրամասները նշված չեն՝ ո՞ր տրամաբանությամբ է տեղի ունենալու սահմանազատումը, միջազգային ո՞ր օրենքի հիման վրա և այլն։  Այս անորոշության տակ նա թաքնված մի նոր կապիտուլյացիայի վտանգավոր հարցեր է տեսնում։

«Այս բոլոր բանակցություններից նախ՝ հարցի բուն իրավատերը՝ Արցախը, դուրս է մղված։ Մի նոր անձնատվության վտանգ եմ տեսնում, որովհետև, ցավոք սրտի, այդ բոլոր նախադրյալները ունենք։ Նախապես ունեցանք անվստահություն այս իշխանությունների հանդեպ, որոնք պիտի վարեն չակերտյալ «խաղաղության» բանակցությունները։ Եվ ո՞ր խաղաղության մասին է խոսքը, երբ Ադրբեջանը գրեթե ամենօրյա դրությամբ Արցախի սահմանի վրա զինվորական ոտնձգություններ է կատարում, կրակոցներ են տեղի ունենում։ Գազատար խողովակի խափանումը թշնամական վերաբերում է՝ հայատյաց քաղաքականության դրսևորում Ադրբեջանի կողմից, ինչպե՞ս կարելի է նման կացության մեջ խաղաղության մասին խոսել թշնամի պետության հետ»,-ասաց Հրաչ Վարժապետյանը։

Մյուս հարցը, նրա դիտարկմամբ, այն է, որ գործող իշխանություններն իրենց անցած ճանապարհով մեզ վստահություն չեն ներշնչում իրենց դավադիր քաղաքականությամբ, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով, և դրա շարունակությունն է, որ նա տողատակում տեսնում է բրյուսելյան բանակցություններում։

«Այս է, որ մտահոգիչ է, այս ձևով է, որ մենք կդիտենք հարցերը, և անշուշտ այս բոլոր տարտամ և մութ հայտարարությունների տակ մեր բոլորի միտքը կերթա թաքուն անձնատվության, նոր կապիտուլյացիայի, նոր դավադրական արարքի սկիզբը, որ մեզ համար, բնականաբար, մերժելի է և այս բոլորի դեմ մենք մեր ձայնը բարձրացնելու ենք անկասկած»,-ասաց Հրաչ Վարժապեյանը։

Նա վստահեցրեց, որ պայքարի իրենց ջահը վար չեն դնելու։ Հստակ հայտարարեց, որ թուրքի և ադրբեջանցու հետ բարեկամությունը մերժելի են, քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը իրենց հայատյաց քաղաքականության վերջը չեն դրել։

Աննա Բալյան