Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Աժ-ում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի նախագիծ էր քննարկվում, որով քրեական պատիժ է նախատեսվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հարցականի տակ կդնեն ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ըստ էության՝ այն ազգային, պետական անվտանգության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություն է: Բայց իշխանությունը, ի դեմս ՔՊ խմբակցության, դեմ է այս օրենքին: Հիմնավորումնն էլ այն է, որ նախագծի հեղինակը ընդդիմությունն է:
Իշխանության կողմից պատկերացրած խորհրդային քարտեզը մինչև օրս հասու չդարձավ հասարակությանը, մինչև օրս չի հստակեցվել, թե Խորհրդային Հայաստանի սահմանները որտեղով են անցնելու. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի իշխանություն-Ադրբեջան, ըստ էության, ժողովրդի թիկունքում ընթացող բանակցություններին:
«Այս իշխանությունները չեն հայտնում, թե երկրում ստեղծված իրավիճակը մեզ ուր է տանելու, չեն հայտնում այն կարմիր գծերի մասին, որոնք Հայաստանը երբեք չի հատելու: Այստեղից էլ պարզ է դառնում, որ իշխանությունները չեն ցանկանում ընդունել նման նախագիծ, անկախ նրանից՝ ընդդիմությո՞ւնը դա կառաջարկի, թե՞ իրենք: Այս նախագիծը բխում է ՀՀ շահերից, և տարակուսելի է՝ իշխանությունը ինչո՞ւ է խուսափում ընդունել նախագիծը: Եթե մի բան ի շահ հայրենիքի է, ապա մի կողմ են դրվում բոլոր տարակարծությունները, և հանդես են գալիս միասնական: Տվյալ պարագայում իշխանության այն մոտեցումը, ըստ որի՝ ինչ ընդդիմությունն է առաջարկում, ուրեմն «բոբո» է, ոչ միայն ընդունելի չէ, այլև բացահայտում է իշխանության բուն նպատակն ու էությունը»,- ասաց Արթուր Ղազարյանը:
Ադրբեջանական կողմը դարձյալ խափանել է Արցախ մտնող գազատար խողովակի աշխատանքը՝ արցախահայությանը կանգնեցնեով լուրջ հումանիտար աղետի առջև: Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ամբողջ արցախահայությանը հումանիտար աղետի առաջ կանգնեցնել:
«Այս օրերին Արցախում դիտավորյալ գազ փակելը տեռակտ է: Այո՛, Հայաստանի իշխանությունները պետք է կոշտ արձագանքնեն այն ամենին, ինչ այսօր Ադրբեջանը անում է Արցախում: Մյուս կողմից՝ գերտերությունները, միջազգային հանրությունը, որը կուրծք է ծեծում Ուկրաինայի համար, կարող է մեկ տողով արձագանքել Արցախում կատարվող իրադարձություններին: Բայց ոչինչ չի ասում: Իսկ թե ինչ է ցանկանում կորզել Ադրբեջանը նման պրովոկացիաների գնալով, սա այլ հարց է: Անկեղծ ասած, չեմ պատկերացնում այդ կեղծ, թվացյալ խաղաղության դարաշրջանը, կասկածում եմ, որ այն կբխի Հայաստանի շահեից: Դա թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշած կեղծիքն է, որով ցանկանում են ոչնչացնել Հայաստանը. սա է նրանց նպատակը»,- եզրափակեց Արթուր Ղազարյանը:
Լենա Կարապետյան