| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տարածաշրջանային իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ֆրանսիայի և Եվրոպական Միության միակ նպատակը խաղաղության և վստահության մթնոլորտի վերականգնումն է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։
«Միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա իսկապես լուծել մնացած բոլոր հարցերը, որոնք բխում են այս իրավիճակից։ Այդ իսկ պատճառով է, որ ԵՄ-ն ուղարկել է դիտորդական առաքելություն, որը քաղաքացիական առաքելություն է, զինված առաքելություն չէ։ Առաքելության նպատակն է տեղում արձանագրել իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ երկրներին ունենալ ուղիղ, առաջին ձեռքից վկայություններ տեղի վիճակի մասին։ Առաքելությունը մեր կարծիքով շատ օգտակար է, և այս առաքելության աշխատանքի շնորհիվ է նաև, որ կարողանալու ենք առաջ գնալ խաղաղության ճանապարհով»,- ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։
Կատրին Կոլոնան նշել է, որ իր համար կարևոր էր Ջերմուկ այցելելը, որպեսզի մի կողմից աջակցությունը հայտնի ԵՄ դիտորդական առաքելությանը, որը կարևոր աշխատանք է կատարում, մյուս կողմից տեղում սեփական աչքերով տեսնի իրավիճակը։ «Մենք իրավիճակի մասին, բնականաբար, տեղեկանում ենք փաստաթղթերի հիման վրա, սակայն տեղում սեփական աչքերով տեսնելն էլ շատ կարևոր է, և այս այցով ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր աջակցությունն ու զորակցությունը բարեկամ հայ ժողովրդին»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ ավելի լավ ես հասկանում, երբ տեսնում ես քո աչքերով։ «Տեսնելով առաջխաղացումն այս նոր դիրքերի վրա՝ ավելի լավ ենք իրավիճակը հասկանում»,- ասաց նա։