Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ՌԴ քաղաքացիների դեպքում ազգությունը շահարկելն անթույլատրելի է: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա տեսաուղերձով դիմել է ժամանակավորապես Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին: Տեսաուղերձը հրապարակվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական կայքում։
«Հարգելի համերկրացիներ, մենք մեծ աղետի ենք բախվել․ կորոնավիրուսի համավարակը կյանքեր, երկրներ ու մարդկանց է փոխում։ Առանձնահատուկ խնդիրների առաջ են կանգնած նրանք, ովքեր ստիպված են տնից հեռու՝ արտերկրում մնալ։ Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի հարցը գտնվում է ՌԴ կառավարության, արտգործնախարարության և այլ իրավասու դաշնային մարմինների ուշադրության կենտրոնում։ Ձեր վերադարձին աջակցելը Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հիմնական խնդիրն է, որի լուծումն ուղղակիորեն կախված է համաճարակաբանական իրավիճակի զարգացումից»,- հայտնել է Սերգեյ Կոպիրկինը։
Ըստ նրա՝ վիրուսի դեմ պայքարի շրջանակում շատ երկրներ՝ այդ թվում նաև Ռուսաստանը, անհրաժեշտ են համարել դադարեցնել հաղորդակցությունն այլ պետությունների հետ:
Այսօր, ըստ նրա, աշխատանքներ են տարվում Վրաստանի սահմանով ՌԴ քաղաքացիների տարանցումը հնարավոր դարձնելու ուղղությամբ․ «Կցանկանայի նշել, որ դրա ընթացակարգն ու պայմանները վրացական կողմն է որոշում, որը ելնում է երկրում համաճարակաբանական անվտանգության նկատառումներից։ Հարցի շուրջ վերջնական համաձայնության կգան Ռուսաստանի և Վրաստանի իրավասու մարմինները՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակի զարգացումը․ դեսպանատունն անհապաղ տեղյակ կպահի ձեզ այդ մասին։ Մեր մշտական վերահսկողության տակ է գտնվում նաև հնարավոր ավիաչվերթների իրականացումը Ռուսաստանի քաղաքացիների համար․ նման որոշում կայացվում է դաշնային օպերատիվ շտաբի մակարդակով, ուստի տեղեկատվության առկայության դեպքում կրկին անհապաղ տեղյակ կպահենք ձեզ»։
«Հարգելի հայրենակիցներ, մեզ համար շատ կարևոր է ձեզ հետ հետադարձ կապն ու շփումը, ինչի հետ կապված՝ դեսպանատունը շնորհակալություն է հայտնում մեր աշխատանքին ըմբռնումով մոտեցող Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք հասկանում են, որ ստեղծված աննախադեպ իրավիճակում դիվանագիտական առաքելության աշխատակիցները, արտգործնախարարությունը և այլ դաշնային իշխանության մարմինների աշխատակիցներ հնարավոր ամեն բան անում են ռուսաստանցիների՝ հայրենիք վերադարձը հնարավոր դարձնելու համար»։
Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին այդ հարցում աջակցության համար: Ըստ նրա՝ ժամանակ առ ժամանակ դեսպանատանը մեղադրում են անգործության և քաղաքացիների շահերն արհամարհելու համար: Կոպիրկինը նշել է, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր հաղորդագրություններին, որոնք իրենք ստանում են մեծ քանակությամբ:
«Մենք նաև տեսնում ենք, որ սոցիալական ցանցերում երբեմն հայտնվում է տեղեկատվություն, որը խեղաթյուրում է իրականությունը և միտված է այն աշխատանքի սաբոտաժին, որն իրականացնում է դեսպանատունը քաղաքացիների խնդիրները լուծելու ուղղությամբ: Կցանկանայի ընդգծել, որ ստեղծված բարդ իրավիճակից ելք փնտրելու ընթացքում անթույլատրելի են շահարկումներն ազգային հողի վրա: Ես անգամ կասեի՝ ազգամիջյան տարաձայնություն սերմանելը: Դա արժանի քայլ չէ մեր եղբայրական ժողովուրդների համար»,-նշել է Կոպիրկինը: