կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 11:00
Քաղաքական

Տավուշում արդեն շուրջ 150 ընտանիքի օժանդակություն է ցուցաբերվել. Իշխան Սաղաթելյանը` ՀՅԴ-ի նախաձեռնությունների մասին

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այս օրերին բավականին բարդ է, և ՀԵՄ-ն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը մի ծրագիր են սկսել, որով հսկայածավալ աշխատանքներ են իրականացնում սահմանամերձ գյուղերում` կապված կորոնավիրուսի տարածման հետ, և անապահով ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով օգնություն ցուցաբերում. «Հորիզոն» պարբերականի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Տավուշի մարզում արդեն շուրջ 150 ընտանիքի օժանդակություն է ցուցաբերվել, առաջիկա օրերին կլինեն Վայոց ձորի մարզում, և այդպես շարունակ: Հաշվի առնելով նաև բազմաթիվ քաղաքացիների` օգնություն ստանալու դիմումները` ՀԵՄ-ը հանդես կգա հայտարարությամբ. հաշվեհամար է բացվելու, որպեսզի նրանք, ովքեր ցանկություն ունեն օգտակար լինելու Հայաստանի սահմանամերձ և ընդհանրապես տարբեր համայնքների հայրենակիցներին, իրենց մասնակցությունը և օժանդակությունը ցուցաբերեն»,- տեղեկացրեց նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությանը, որն օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում դատապարտել էր, Իշխան Սաղաթելյանը պարզաբանումներ արեց. «Հայոց ցեղասպանության թանգարանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում «Հիշում ենք և պահանջում» կարգախոսից, որը նաև լոգոյի տեսք ուներ, հրաժարվում էր «պահանջում ենք» հատվածից և նոր լոգո էր մեջտեղ բերել, որում միայն «հիշում ենք» հատվածն էր: Սա, անշուշտ, մեզ համար ցավոտ և վրդովեցուցիչ էր: Մենք անմիջապես համապատասխան հայտարարություններ արեցինք` փորձելով հասկանալ` սա արդյո՞ք նոր քաղաքականության սկիզբ է, նոր վերաբերմունք է, այսինքն` դիտավորություն, թե՞ պատահականություն է: Բնականաբար, շատ կոշտ քննադատության ենթարկեցինք Հայոց ցեղասպանության թանգարանի հայտարարությունը, և երկուշաբթի արդեն թանգարանը նոր հայտարարությամբ հանդես եկավ` հրաժարվելով իր այդ կարգախոսից և վերականգնելով նախկինը, ինչը ողջունել է: Պարզապես կցանկանանք, որ նման կարևոր հարցերին թանգարանը վերաբերվի զգոնությամբ, լրջությամբ և Հայ դատի պայքարի հետևողականության առումով որևէ կասկածի տեղ չթողնի»:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելից կապակցությամբ ջահերով երթի` այս տարի անցկացվելիք ձևաչափին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը հայտնեց, որ 20 տարի շարունակ ավանդաբար իրականացվող ջահերով երթն այս տարի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պատճառով նույն ծավալով տեղի չի ունենալու: «Բայց ունենք մի քանի այլ գաղափարներ, որոնք առաջիկա օրերին կներկայացնենք, թե ապրիլի 23-ի և 24-ի ծրագրերն ինչպես ենք պատրաստվում իրագործել: Անշուշտ,  անկախ երկրում ստեղծված իրավիճակից, ոգեկոչման  ու պահանջատիրության միջոցառումներն անելու ենք»,- շեշտեց նա:

Ամփոփելով խոսքը` ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ այսօր ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհն է կանգնած մարտահրավերների առջև` առողջապահական, սոցիալ-տնտեսական և այլն: «Հայաստանում այս խնդիրներն ավելի ցավոտ են` նկատի ունենալով մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, և յուրաքանչյուրն իր տեղում, իր հնարավորություններով ու կարողություններով պետք է օգտակար լինի, որպեսզի այս իրավիճակից միասնաբար դուրս գանք: Ես այսօր տեսնում եմ նաև, թե ամբողջ աշխարհում ՀՅԴ Կենտրոնական կոմիտեները, քույր միությունները, ուղեկից կազմակերպություններն ինչ հսկայածավալ աշխատանք են իրականացնում հայկական համայնքներում, և շատ ողջունելի է ու պատահական չէ, որ ՀՅԴ-ն առաջնագծում է ամբողջ աշխարհում, որովհետև մեր համայնքները մեր աջակցության, մեր ամենօրյա աշխատանքի ակնկալիքն ունեն: Հայաստանի պարագայում այլ է, որովհետև մենք ունենք պետություն, գործադիր իշխանություն, որը պարտավոր է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակից նվազ կորուստներով երկիրը դուրս բերելու համար: Բոլորին ցանկանում եմ համբերություն, կամք: Այս դժվարությունը ևս միասին կհաղթահարենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն` տեսանյութում: