կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-10 21:30
Քաղաքական

Վերջին ջոկերն են խաղի մեջ մտցնում․ Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանի մասին

Վերջին ջոկերն են խաղի մեջ մտցնում․ Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանի մասին

Մենք բոլորս մի մեքենայի մեջ ենք, ավտո վարողը քիչ չէ՝ խմած է, ղեկին էլ ծխում է, մի հատ էլ՝ հեռախոսով խոսում է, մի հատ էլ՝ մտել է դիմացի ճանապարհով 150-ի տակ քշում է․ բա չասե՞նք՝ ախպեր, սաղիս գլուխը կուտես՝ քոնն էլ հետը, արի իջիր, մի հատ նորմալ քշող բերենք․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքի մասին, թե՝ արտակարգ դրության պայմաններում քննադատում են իշխանություններին։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը նրա վրա թողել է ոչ օբյեկտիվ, միակողմանի գնահատականի տպավորություն։

Երբ Տեր-Պետրոսյանը գրում է՝ առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ, Էդուարդ Շարմազանովը հիշում է հենց նրա «ձեռագիրը»։

«Հայաստանում ատելության պապան Տեր-Պետրոսյանն է․ 2008 թ-ին Տեր-Պետրոսյանն էր ասում «մոնղոլ-թաթարներ», Տեր-Պետրոսյանի թիմն էր ասում «ղարաբաղցի-հայաստանցի», Տեր-Պետրոսյանն է իր բերանով ասել «ով օպերայի հրապարկում չէ՝ տականք է»․․․ ինչի՞ մասին է խոսքը։ Նույնն էլ իր հոգեզավակը՝ երկրի գործող ղեկավարը»,-ասաց նա։

Շարմազանովը հռետորական հարց ուղղեց Տեր-Պետրոսյանին՝ իսկ ո՞վ է Հայաստանում ատելություն քարոզում, ներքաղաքական հաշիվներ մաքրում, ո՞վ է Հայաստանում պատերազմը թողած՝ կորոնավիրուսի  և տնտեսական ու սոցիալական մարտահրավերների դեմ, պատերազմ վարում քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Իրենց ցանկացած քննադատության մեջ կա առաջարկ՝ վստահեցրեց Շարմազանովը, մինչդեռ իշխող թիմը, նրա դիտարկմամբ, կորոնավիրուսի դեպ պայքարելու փոխարեն, ողջ ռեսուրսը դրել է ընդդիմադիրներին լռեցնելու վրա, այն դեպքում, որ ընդդիմության 90 տոկոսը ձեռք է մեկնել, որ հաղթահարվի այս պատերազմը։

«Ո՞րտեղ է տեսել, որ կառուցողական առաջարկների շղարշի ներքո ատելություն լինի․ Սերժ Սարգսյանի գրասենյակը և անձամբ ինքը կոնսոլիդացիայի կոչով հայտարարություն են տարածել, մինչ այդ՝ ես խոսել եմ կոնսոլիդացիայի մասին մինչև արտակարգ դրությունը, Աշոտյանը արտաքին քաղաքականության մասով առաջարկներ է ներկայացրել, «Լույս» հիմնադրամը ներկայացրել է․․․ է՞լ ինչ պետք է արվեր»,-տարակուսեց նա։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկրի ղեկավարը մարտի 16-ին է արտակարգ դրություն հայտարարել, այնինչ ինքը դեռ մարտի 14-ին հատուկ գրառումով կոչ է արել բոլորին՝ մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները, չքննադատել իշխանությանը և միասին փորձել դիմակայել մարտահրավերին։

«Տեր-Պետորսյանը մեկ ամիս հետո է դրա մասին ասել։ Իսկ մենք կոնսոլիդացիայի մեր կոչերի  փոխարեն ստացել ենք անհարկի պայքար ընդդիմախոսների դեմ, դրա փոխարեն ստացել ենք ԱԺ-ում խայտառակ օրենք, դրա փոխարեն ստացել ենք Փաշինյանի կողմից արտակարգ դրությունը օգտագործելով՝ ընդդիմադիրների դեմ ավելի ուժգին պայքար»,-ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը մատնանշում է Տեր-Պետրոսյանին պատկանող մամուլի պահվածքը ամբողջ այս տարիների ընթացքում․ «Գիտե՞ք ինչն է զարմանալի, որ Հայաստանում ատելության քարոզի կնքահայրը իր հոգեզավակի հետ՝ այսօրվա ղեկավարի, փորձում է քար նետել ուրիշների վրա․ գոնե Հանրապետականն ու Դաշնակցությունը հայտարարել են, չէ՞, որ՝ եկեք միասնաբար հաղթահարենք այս կորոնավիրուսը։ Երբ մենք ասում ենք՝ միասնաբար, մենք նկատի չունենք Նիկոլ Փաշինյան, բան, Նիկոլը կլիներ, Պողոսը կլիներ, թե Պետրոսը կլիներ, էսօր պատերազմ է, կարո՞ղ է գնամ՝ Նիկոլի դեմ կռվեմ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե, Աստված մի արասցե, Ադրբեջանը պատերազմ սկսի, օրվա իշխանությունը Ադրբեջանի դեմ պատերազմը թողնելու է ու սկսի պատերազմել էլի՛ մեր դեմ՝ սևերի-սպիտակների, հեղափոխականների-հակահողափոխականների»։

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը հենց հիմա որոշել Փաշինյանի թիկունքին կանգնել՝ Էդուարդ Շարմազանովի համար անհասկանալի է․ «Երևի ռևանշիստների պլանը աստիճանաբար չի իրագործվում․․․․ չեմ կարող ասել, մի բան ակնհայտ է, որ մարդկանց գործն այնքա՛ն լավ չէ, որ վերջին ջոկերն են խաղի մեջ մտցնում»։

Նրա դիտանկյունից՝ այսօրվա վարչապետը բացի իրենից որևէ այլ հեղինակություն չի ճանաչում, նույնիսկ մեկ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին ճանապարհել է․ «Երբ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպեցին Ղարաբաղի հարցով, ինքն ասաց՝ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպեցի, բայց ինքն ինձ ոչ մի նոր բան չասաց, ես ամեն ինչ գիտեի»։

Շարմազանովը չի բացառում, որ այժմ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է հրապարակայնորեն դիմել Նիկոլ Փաշինյանին, որովհետև առանձին չի ստացվել հանդիպել՝ նա չի ընդունել իրեն, չէ՞ որ իր հոդվածում Տեր-Պետրոսյանը Փաշինյանի անունը չի էլ տալիս։

Պետական այրին վայել վարք դրսևորելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին լավ կլիներ հենց ինքը հետևեր՝ ընդգծում է Էդուարդ Շարմազանովը․ «Եթե այդքան պետական մտածողության կրող եք, բան չունեմ ասելու, պրն․ Տեր-Պետրոսյան, եթե դուք խոսում եք պետականությունից, ապա՝ երկրորդ նախագահը անազատության մեջ է, միջնորդեք, խոսեք, թող խափանման միջոցը փոխվի։ Երկրորդ նախագահը ռիսկային խմբում է՝ 65 տարին անց է, էդ մարդու խափանման միջոցը փոխեք»։

Շարմազանովն ինքը՝ այս հարցով 2 անգամ դիմել է իշխանություններին։

«Խոսում է հանրաքվեների մասին, սահմանադրական փոփոխությունների մասին, ես չգիտեմ՝ գույքի բռնագրավման օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին․․․ ա՛յ ընկեր ջան, հիմա դրա ժամանակն է՞»,-տարակուսեց նա։

Եթե Տեր-Պետրոսյանը հիացած է, որ պետությունը առնվազն երկու շաբաթ կորցրել է կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե Տեր-Պետրոսյանը հիացած է, որ Փաշինյանը իր լայվի առյուծի բաժինը հատկացնում է էլի՛ ներքաղաքական պայքար մղելուն, եթե Տեր-Պետրոսյանը հրացած է, որ ԱԺ-ում խայտառակ օրենք են ընդունում, մենք ի՞նչ է՝ ասենք ամեն ինչ լա՞վ է՝ ասաց Շարմազանովը։

Նա արձանագրեց, որ ամբողջ աշխարհում քաղաքական կոնսոլիդացիայի կոչ անում է քաղաքական իշխանությունը, մինչդեռ մեր իշխանությունից քաղաքական ուժերին ուղղված կոնսոլիդացիայի խոսք ոչ տեսել է, ոչ լսել։

«Աժ նիստերը նայեք, էլի, ոնց են իրենց պահում «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորներ թեկուզ խորհրդարանական ընդդիմության նկատմամբ․ մեկը չկա՞, ասի՝ արա՛, դուք ձեզնից ի՞նչ եք ներկայացնում, Նիկոլը երկու օր գրիպ ընկնի (չնայած՝ Աստված չանի, թող առողջ լինի), բայց երկու օր գրիպ ընկնի՝ ձեր տեղը իմացող չկա, արա՛․․․ մեծ մասի»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։

Երբ Նիկոլ Փաշինյանը մեծամիտ կեցվածքով ասում է՝ հպարտ եմ «Իմ քայլը» խմբակցությամբ, Էդուարդ Շարմազանովի համար անհասկանալի է՝ ինչո՞վ է հպարտ, «Իմ քայլը» խմբակցությունը, բացի պարգևավճար ստանալուց, ի՞նչ է արել։

Այն, որ պարգևավճարների ֆոնդի մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանը, Էդուարդ Շարմազանովն իբրև լավություն չի ընկալում․ «Բա աշխատավարձերն ուղղեին մեզ նման, երբ որ ապրիլյան պատերազմից հետո 2-3 ամիս իշխանական բոլոր պատգամավորներս Թալիշի ֆոնդին էին աշխատավարձերը փոխանցում, թե չէ՝ պարգևավճարներ․․․ բայց իրենց պարգևավճար հասնում է՞, ի՞նչ են արել, որ պարգևավճար են ստանում»։

Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունը դարձյալ ակտիվանալու փո՞րձ է, թե՞ ոչ, Էդուարդ Շարմազանովի համար էական չէ․ նա համարում է, որ Հայաստանում իշխանազավթում է եղել և իշխանության են եկել 1997 թ-ից Ղարաբաղի հարցի փուլային տարբերակի կողմնակիցները՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով։

«Իսկ Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան․․․ այդ փաթեթային, ազգային լուծման կողմնակիցները ժամանակավորապես հեռացել են իշխանությունից»,-ասաց նա։

Այն, որ Փաշինյանը փուլային լուծման կողմնակից է, Շարմազանովի համար հասկանալի էր Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան հանդիպումից, երբ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի աչքերին նայելով ասաց՝ այս խնդիրը պետք է ունենա փուլային լուծում, իսկ ՀՀ վարչապետը չասաց, որ Հայաստանը փուլային լուծմանը դեմ է․ «ՀՀ վարչապետը չընդդիմացավ, Տիգրան Մեծից էր խոսում, իր միկոհեղափոխությունից էր խոսում, բայց չընդդիմացավ»։  

Դրա փոխարեն հայտարարում է, որ մեզ պետք է լուծում, որը ձեռնտու կլինի նաև Ադրբեջանին․ «Իսկ Ադրբեջանի ժողովրդին ի՞նչն է ձեռնտու՝ ծովից ծով Հայաստա՞նը»։

Շարմազանովը վստահ է, որ այս ամենի թիրախը Արցախն է։

«Այսօր Արցախում ավելի վտանգավոր բաներ են տեղի ունենում, այսօր Արցախում արդեն փորձում են վրանային պայքար, փորձում են անել այն, ինչ Հայաստանում եղել է մի քանի տարի առաջ, ուզում են ապակայունացնել իրավիճակը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է միասնական, ուժեղ Արցախ, որտեղ լինի կենտրոնացված իշխանություն։ Այսօր Արցախում վտանգը Հայաստանից ուղարկված սորոսականությունն է։ Ընտրություները լինեն-չլինեն, իրենք փորձելու են դա անել։ Դրա համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ օրինական ընտրված իշխանություն և պետական ինստիտուտների կայացում»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Աննա Բալյան