կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-09 14:21
Աշխարհ

Ձանձրույթի համավարակ. տանը նստելը ծայրահեղությունների կարող է մղել, այդ թվում` քաղաքական. Project Syndicate

Ձանձրույթի համավարակ. տանը նստելը ծայրահեղությունների կարող է մղել, այդ թվում` քաղաքական. Project Syndicate

Տանը նստելու և կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները խստորեն կատարելու հրամանը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ. ձանձրացող մարդիկ ավելի են հակված ռիսկային վարքագծի` լինի օրենքների ու կանոնների խախտում, թե`սեփական առողջությունը ռիսկի ենթարկել: Ձանձրույթը մարդկանց կարող է մղել քաղաքական ծայրահեղությունների: Yerkir.am-ը ներկայացնում է անգլիացի հայտնի հոգեբույժ Ռաջ Պերսոյի հոդվածը` հրապարակված ամերիկյան Project Syndicate պարբերականում: 

Ամբողջ աշխարհում մարդիկ ստիպված են տանը մնալ` Covid-19-ի համավարակը կանգնեցնելու համար, բայց զգույշ եղեք` գոյություն ունի մեկ այլ ախտ, որի վարակիչ հատկությունն ավելի մեծ է, քանի ինչ-որ վիրուսինը: Մարդկանց առողջության համար լուրջ սպառնալիք է ձանձրույթը:

Հնարավո՞ր է, որ, ֆիզիկական սպառնալիքի մասին մտահոգության աճին զուգընթաց, թերագնահատվի հոգեբանական վնասը, մասնավորապես` բացասական հոգեկան վիճակները, օրինակ` ձանձրույթը:

Որոշ հոգեվերլուծաբանների կարծիքով` երբ ձանձրույթը դառնում է մշտական, կարող է ալիսոզ նյարդային հիվանդության վերածվել: Ձանձրույթը պատմականորեն ասոցացվում էր աշխատանքի վայրում առօրեականությունից հոգնելու հետո, սակայն ներկայիս միալարության համավարակը անսովոր տարբերակն է այն բանի, որը հոգեբանները կոչում են «ազատ ժամանակի ձանձրույթ»: Բազմաթիվ մարդիկ նախկինում նման ձանձրույթի չեն բախվել, և նրանց համար դժվար է:

Հայտնի է, որ ուժեղ ձանձրույթը կարող է հանգեցնել հիմնախնդիրների մեծ փնջի` մոլի խաղեր, ավտոմեքենայի արագ վարում, ալկոհոլիզմ, թմրամոլություն, դեպրեսիա, ինքնասպանություն, պսիխոզ, պարանոյա, գրգռվածություն, ագրեսիվություն, նույնիսկ` սպանություն:

2018 թվականին «Դատափորձագիտական գիտությունների ամսագիր» («Journal of Forensic Sciences») պարբերականում հրապարակվել էր Այդահոյում 16-ամյա երկու դեռահասների կողմից իրենց համադասարանցուն դանակի 30 հարվածով սպանելու դրդապատճառների հետազոտության մասին հոդված: Եզրակացության մեջ նշվում էր, որ այնպիսի գործոնները, ինչպիսիք են ձանձրույթից ազատվելն ու սուր զգացումների պահանջարկը, ընդհանուր են ազատ ժամանակն անցկացնելու բազմաթիվ ձևերի համար` ինչպես օրինական, այնպես էլ  նորմերից շեղվող:

Ձանձրույթը հետազոտությունների նոր բնագավառ չէ: Ֆրիդրիխ Նիցշեն «Հակաքրիստոս» աշխատությունում նշում էր, որ «նույնիսկ աստվածներն են զուր պայքարում ձանձրույթի դեմ»:

Նորագույն հոգեբանական հետազոտություններն ի հայտ են բերել ձանձրույթի ևս մի միտում` այն մարդկանց մղում է քաղաքական ծայրահեղությունների, ռիսկի դիմելու մեծ պատրաստության ու իմպուլսիվության: Եթե այդ միտումը վերարտադրվի տնային տնտեսությունների մակարդակով, ապա նույնիսկ այն բանից հետո, երբ կորոնավիրուսի համավարակը սկսի տեղի տալ, մենք կմնանք հոգեբանական և քաղաքական` հիմնավորապես փոփոխված լանդշաֆտում:

2016 թվականին հոգեբաններ Վիջնանդ վան Թիլբուրգը` Էսեքսի համալսարանից, և Էրիկ Այհոուն` Լիմերիկի համալսարանից, «Սոցիալական հոգեբանության եվրոպական ամսագիր»-ում հրապարակեցին «Քաղաքական ծայրահեղությունների հակում` ի պատասխան ձանձրույթին» հոդվածը: Ըստ նրանց` նախկինում ընդունված էր համարել, որ ընտրազանգվածին քաղաքական ծայրահեղությունների են մղում «գոյատևման սպառնալիքները»: Օրինակ` դեմագոգները, որոնք շեշտադրում են հասարակության համար օտարերկրացիների կամ քավության այլ նոխազների կողմից եկող սպառնալիքը, ընտրազանգվածի շրջանում վախ են առաջացնում: Սակայն Թիլբուրգն ու Այհոուն պարզել են, որ ձանձրույթը, որն առաջանում է, երբ մարդկանց առջև շատ ձանձրալի խնդիրներ են դրվում, հանգեցնում է զգալի քաղաքական բևեռացման: Ըստ նրանց` ավելի արմատական քաղաքական հայացքներ ունեցողները պնդում են, որ լավ են հասկանում աշխարհը, թեև նրանց բացատրությունները կարող են չափից դուրս պարզեցված լինել կամ` ընդհանրապես սխալ: Իրավիճակում, երբ բախվում ենք խոշոր սպառնալիքի, հոգեբանությունը ստիպում է մեզ ձգտել որոշակիության ու հետևողականության, մինչդեռ  ձանձրույթը սադրում է իմաստի որոնումներ, որն օգնելու է բացատրել իր իսկ առաջացրած քաղաքական շեղումները:

Այս եզրակացությունները նշանակում են, որ ներկայիս համավարակը «կրկնակի անեծք» է, այն աշխարհն ավելի է մղում դեպի քաղաքական ծայրահեղականության: Բացի կարանտինից ու մահերից, Covid-19-ն իր հետ բերել է ևս մի լուրջ` գոյատևման սպառնալիք` զանգվածային ձանձրույթ:

The New School համալսարանից Ջիլիան Ուիլսոն հաստատել է Թիլբուրգի և Այհոուի եզրակացությունը, որ ձանձրույթը մարդկանց մղում է քաղաքական ծայրահեղությունների, նաև պարզել` ձանձրույթը ծայրահեղականություն է առաջացնում պահպանողականների, այլ ոչ` լիբերալների շրջանում: Դրա հետևանքը կարող է լինել Դոնալդ Թրամփի և Բորիս Ջոնսոնի նման ծայրահեղ աջ առաջնորդների ընտրազանգվածների ընդլայնումը: Իսկ դա կարող է հանգեցնել ավելի ավտորիտար քաղաքականության, ավելին` ֆանատիկոսության, ընդ որում ` զանգվածային մասշտաբների:

Եվս մի հետազոտություն, հրապարակված  «Որոշումների կայացման վարքագծային ասպեկտներ» ամսագրում (Journal of Behavioral Decision Making), պարզել է, որ ձանձրացող մարդիկ ավելի շատ են դիմում ռիսկի ֆինանսների, էթիկայի,  ազատ ժամանակն անցկացնելու, բժշկության ու անվտանգության ոլորտներում: Դա բացատրվում է  ձանձրույթի պատճառով ինքնակառավարման թուլացմամբ:

Այս բոլոր հետազոտությունները կարելի է նախազգուշացում համարել` տունը նստելու և վարակի դեմ պայքարի կանոնները կատարելու հրամանը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ. ձանձրացող մարդիկ ավելի են հակված ռիսկային վարքագծի` լինի օրենքների ու կանոնների խախտում, թե`սեփական առողջությունը ռիսկի ենթարկել: Մենք կարող ենք չհասկանալ, սակայն հիմնական պատճառը, որ արձակուրդ ենք վերցնում, այն է, որ իրադրության փոփոխությունը ձանձրույթի դեմ դեղամիջոց է: Մոտակա ժամանակահատվածում մենք զրկված ենք այդ դեղամիջոցից, չենք կարող փոխել իրադրությունը, նույնիսկ եթե փողոց դուրս գանք ըստ անհրաժեշտության կամ առանց դրա: Ավտորիտար ղեկավարներն ու բռնապետերն արդեն  կարող են ուրախանալ այն աջակցության համար, որը, հնարավոր է, շուտով կունենան: