կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 09:37
Քաղաքական

2020. Համավարակ եւ պատերազմ

2020. Համավարակ եւ պատերազմ

(Տարվա ամփոփում)

2020 թվականը հայոց պատմության մեջ կմնա որպես համավարակի, պատերազմի, հազարավոր զոհերի և պարտության տարի:

Այն Արցախի՝ հայկական երկրորդ հանրապետության տարածքի շուրջ 75 %-ի կորստի տարին էր, որը Հայաստանի, Արցախի և ողջ հայության համար ստեղծեց բոլորովին նոր իրավիճակ. վերացավ անվտանգային այն համակարգը, որի ստեղծման համար պահանջվել էր 32 տարի, մեծ ջանքեր ու նվիրում և որի համար նվիրաբերվել էին հազարավոր կյանքեր։

Տարին սկսվեց Հայաստանի իշխանությունների նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստություններով և մեկնարկով: Նախատեսում էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունների դադարեցման հարցով ապրիլի 5-ին անցկացնել հանրաքվե։ Դատական իշխանության նկատմամբ լիարժեք վերահսկողություն հաստատելուն ուղված այս հանրաքվեի անցկացման որոշումը խորհրդարանի կողմից կայացվեց օրենքի խախտումներով և արժանացավ ընդդիմության և փորձագիտական հանրության խիստ քննադատությանն ու դիմադրությանը: Ընդդիմադիր ուժերը կոչ արեցին բոյկոտել և չմասնակցել հանրաքվեին: Միաժամանակ ուժգնանում էր կորոնավիրուսի համաճարակի վտանգը, սակայն իշխանությունները՝ վարչապետից ու առողջապահության նախարարից սկսած, ոչ միայն անտեսում էին վտանգը, այլև ծաղրում դրա սպառնալիքը, ինչը իշխանության մեծագույն սխալներից էր և հանգեցրեց համավարակի լայնածավալ տարածմանն ու բազմաթիվ մարդկանց հիվանդանալուն և մահվանը: Սպառնալիքի ուժգնացման և համաշխարհային ընդգրկման իրավիճակից դրդված, Հայաստանի իշխանությունները միայն մարտի 16-ին հայտարարեցին արտակարգ դրություն և ձեռնարկեցին համավարակի սպառնալիքները մեղմելու միջոցառումներ՝ այստեղ ևս թույլ տալով բազմաթիվ սխալներ: Հայաստանը հայտնվեց՝ աշխարհում համավարակի տարածման ցուցանիշով 50 առաջատար երկրների ցանկում: Տարեվերջում վարակվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, հասավ 157349-ի, իսկ մահացածներինը՝ 2752-ի։

Ձեռնարկված միջոցառումները արդյունավետ չէին, քանզի սկզբնապես իշխանության անլուրջ մոտեցումները և սխալ քայլերը թուլացրել էին բնակչության զգոնությունը: Իշխանություններին ընդդիմության, մասնավորապես ՀՅԴ-ի կողմից մեկնված համագործակցության ձեռքն ու արված բազմաթիվ առաջարկությունները մերժվեցին, և Հայաստանը այդպես էլ չկարողացավ էականորեն բարելավել կորոնավիրուսի տարածման ցուցանիշները և մեղմել դրա հետևանքները։ Սեպտեմբերի 11-ին մինչև 2021 թ. հունվարի 11-ը հայտարարվեց կարանտին։ Սակայն սեպտեմբերի 27-ից սկսված Արցախյան նոր լայնամասշտաբ պատերազմը համավարակի խնդիրները գրեթե մառացության մատնեց։ Հայությունը մխրճվեց պատերազմի և հետպատերազմյան մղձավանջի մեջ։

Հուլիս 12-21-ը Տավուշում տեղի ունեցան սահմանային միջադեպեր, որոնց արդյունքում Հայաստանի զինված ուժերը այդ հատվածում բարելավեցին ռազմավարական բնագծերը: Վարչապետ Փաշինյանն այս հաջողությունը՝ 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ 800 հեկտարի կորստի ֆոնին փորձեց օգտագործել իր քաղաքական PR-ի համար. այդ գործողությունների մասնակից շուրջ 71 զինծառայողներ և սպաներ արժանացան «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների, ինչն աննախադեպ էր Հայաստանի զինված ուժերի պարգևատրումների պատմության մեջ:

Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային հարթակներում հանդես եկան Հայաստանի դեմ ուղված բազմաթիվ նախաձեռնություններով, ադրբեջանական բանակի պաշտոնյաներից մեկը նույնիսկ սպառնաց հարվածել Մեծամորի ատոմակայանին: Խնդիրն այն էր, որ Տավուշի սահմանային հաջողությունները սպառնալիք էին ստեղծել Ադրբեջանի նավթամուղների և տրանսպորտային ռազմավարական հանգույցների նկատմամբ: Թուրքիան անթաքույց կանգնեց Ադրբեջանի կողքին. ավելին, հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանն ու Թուրքիան նախաձեռնեցին աննախադեպ միասնական զորավարժություններ, Նախիջևան և Ադրբեջանի այլ շրջաններ տեղափոխվեց մեծաթիվ թուրքական զինուժ, այդ թվում օդուժ և ծանր զրահատեխնիկա՝ անմիջական սպառնալիք ստեղծելով Արցախի և Հայաստանի համար: Հայկական Սփյուռքը, մասնավորապես ՀՅԴ կառույցները, իրենց ներուժն ի սպաս դրեցին աշխարհի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ կազմակերպելու, դիվանագիտական և տեղեկատվական հարթություններում հայկական շահերը պաշտպանելու և թուրք-ադրբեջանական տանդեմին հակադարձելու գործում։

Օգոստոսի 10-ին ավարտված զորավարժություններից հետո թուրքական զինված ուժերը չհեռացան Ադրբեջանի տարածքից. ակնհայտ էր, որ խիստ մեծ էր պատերազմի վտանգը, սակայն Հայաստանի և Արցախի իշխանությունները համարժեք քայլեր չգործադրեցին՝ մեծացնելու զույգ պետությունների անվտանգության ապահովումն ու հանրության նախապատրաստության աստիճանը: Ընդդիմության կողմից բազմիցս բարձրաձայնված վտանգների և դրանց կանխման մասին առաջարկները մնացին անարձագանք: Մասնավորապես, Դաշնակցությունը բազմիցս հանդես էր եկել Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման առաջարկով, ինչպես նաև շարունակել Ազգ-բանակ ծրագիրն ու պահեստազորային պատրաստությունները՝ ՀՀ զինված ուժերի կազմում կազմավորելով պահեստազորային գումարտակ, կամավորականների ջանքերով ստեղծելով նաև «Կամավորական շարժում» ՀԿ-ն: Միջազգային ճակատում ևս Դաշնակցությունը շարունակում էր իր ոչ պաշտոնական դիվանագիտական աշխատանքները. դեռևս փետրվարի 24-28-ը Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը, որը մեկ անգամ ևս վերահաստատեց միջազգային հարթակում Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության և առաջ մղման, Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությմաբ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հանձնառությունը:

Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններում ևս Դաշնակցությունը հանդես եկավ միասնության, համերաշխության, ուժերի մեկտեղման ծրագրերով, սակայն ընտրություններում հաջողություններ գրանցեցին Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի կուսակցությունները, որոնց աջակցում էին Հայաստանի իշխանությունները. Արցախի նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը: Խորհրդարանում Դաշնակցությունը ունեցավ 3 մանդատ։

Դեռևս օգոստոսից համացանցում լուրեր էին տարածվում, որ Թուրքիան Սիրիայից Ադրբեջան է տեղափոխում ահաբեկիչների, սակայն Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին այդ լուրերին: Ավելին, Հայաստանում և Արցախում շարունակվում էին դեռ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո ծայր առած հասարակության պառակտման, ընդդիմադիր գործիչների, նախկին նախագահների ու այլ պաշտոնյաների, բանակի նախկին գեներալների հալածանքներն ու շինծու դատավարությունները. սևերի-սպիտակների, ներկաների-նախկինների արհեստական բաժանումներով պառակտված հասարակությունը էապես թուլացավ պատերազմի նախօրյակին։ Իշխանություններին քննադատելուց և կառավարության հրաժարականը պահանջելուց հետո հալածանքներ սկսվեցին խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. գործը հասավ նրա պատգամավորական լիազորությունների կասեցմանն ու կալանավորմանը։ Իշխանությունները նոր թափ էին հաղորդել ազգային արժեքների, մասնավորապես կրթական ոլորտում հայագիտական առարկաների՝ հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի և հայ գրականության դեմ պայքարին։

Միջազգային և միջպետական հարաբերությունների առումով ևս իշխանությունները որևէ էական հաջողություն չէին կարողացել գրանցել։ Ընդհակառակը, էականորեն վատացել էին Ռուսաստանի և Իրանի հետ փոխհարաբերությունները։ Փորձագիտական շրջանակների և քաղաքական գործիչների կողմից բարձրաձայնվում էր, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանին ռազմամթերքի մատակարարումները։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը՝ ահաբեկիչ վարձկանների և Թուրքիայի անթաքույց աջակցությամբ խախտեց զինադադարը և լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի սահմանների ուղղությամբ: Հարձակումն իրականացվում էր երկու հիմնական ուղղություններով՝ հյուսիսային և հարավային: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ իրենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով անցել են հակահարձակման, նույնիսկ չթաքցնելով, որ զինադադարը հենց իրենք են խախտել:

Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք: Պաշտոնական տեղեկատվությունը, հիմնականում, ներկայացվում էր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի կողմից։

Ընդդիմադիր կուսակցությունները հայտնեցին, որ դադարեցնում են ներքաղաքական պայքարը և իրենց ողջ ուժերը կենտրոնացնում պատերազմում հաղթելու համար: ՀՅԴ Բյուրոն և Հայաստանի Գերագույն մարմինը հանդեց եկան հայտարարություններով և կոչերով, հայտարարելով, որ բոլորս այս պահից զինվոր ենք, և Դաշնակցության համաշխարհային կառույցի ողջ ներուժը ի սպաս է դրվում պատերազմում հաղթելու համար: Սեպտեմբերի 27-ին ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկների կողմից ստեղծված «Կամավորական շարժում» ՀԿ-ի կոչով ՀՅԴ կամավորները հավաքվեցին Արամ Մանուկյանի արձանի մոտ և կոչ արեցին՝ միանալ հայոց բանակին. նույն օրը առաջին վաշտը անմիջապես մեկնեց ռազմաճակատ։ Հայությունն աշխարհի բոլոր ծայրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամին էր փոխանցում գումարներ, ցուցաբերում բազմակողմանի այլ օժանդակություն՝ պատերազմի կարիքները հոգալու համար. «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի ընթացքում հավաքվեց ավելի քան 170 միլիոն դոլար։

Սփյուռքի համայնքների ջանքերով աշխարհի տարբեր քաղաքներում իրականացվեցին բազմաթիվ ակցիաներ՝ Ադրբեջանին, Թուրքիային և ահաբեկչական ուժերին սանձելու, Հայաստանին և Արցախին աջակցելու, Արցախի անկախությունը ճանաչելու նպատակով։ Ողջ հայությունն իր ուժերը լարեց դիմակայելու նաև տեղեկատվական պատերազմում։ ՀՅԴ համաշխարհային կառույցը կրկին ամբողջ ներուժով լծվեց համահայկական և միջազգային տարողությամբ աշխատանքների։ Շրջանառության մեջ դրվեց «Հաղթելու ենք» կարգախոսը, պատերազմը վերածվեց իրական Հայրենական պատերազմի, և թվում էր՝ թիկունքն ու ռազմաճակատը լարել են ողջ ներուժն, ու հաղթանակը, իրոք, հնարավոր է, առնվազն թվում էր, որ պատերազմից դուրս կարող ենք գալ ոչ մեծ կորուստներով։ Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, վերջին տարիներին բանակից հեռացված փորձառու գեներալներն ու հրամանատարները ևս փորձեցին լծվել գործի՝ իրենց փորձառությամբ աջակցելու գործող պաշտոնյաներին ու հրամանատարներին։ Այդ նպատակով շատերը մեկնեցին Արցախ՝ տեղում օժանդակելու համար։ ՀՅԴ-ն շարունակեց կամավորագրման և պատրաստի պահեստոզորայիններին ռազմաճակատ ուղարկելու գործընթացը, և շուրջ 400 ՀՅԴ կամավորներ այդ շրաջանակում մեկնեցին ռազմաճակատ և պատվով կատարեցին իրենց գործը՝ տալով բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։

Չնայած ընդհանուր ոգևորությանը, համացանցում հայտնվում էին բազմաթիվ տեսանյութեր հայկական տարբեր բնակավայրերի գրավման, գերեվարումների և այլ բռնարարարքների տեսարաներով։ Ծանր վիրավորում ստացավ նաև Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը:

Միջազգային հանրությունը, այդ թվում Մինսկի խմբի համանախագահող երկրները, հանդես եկան դատապարտող հայտարարություններով և հրադադար հաստատելու պահանջներով։ Պատերազմի առաջին 10 օրերին ակնհայտ էր, որ հյուսիսում կորսված են Թալիշն ու Մատաղիսը, իսկ հարավում թշնամին Ջաբրայիլի ուղղությամբ ճեղքել էր պաշտպանությունը և Արաքսի հովտով, նաև դրանից հյուսիս շարժվում էր Հադրութ, Կուբաթլու և Զանգելան։

Հյուսիսում թշնամու առաջխաղացումը հաջողությամբ կասեցվեց, սակայն հարավում դիմադրությունը գրեթե փլուզվեց։ Ջաբրայիլի ուղղությամբ հայկական բանակը կրել էր մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ։ Թշնամին ինտենսիվ հրետակոծում էր մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, նաև Արցախի այլ քաղաքներ և գյուղեր, օգտագործվում էին նաև արգելված զինատեսակներ, օդուժ, անօդաչու թռչող սարքեր։ Թիրախավորվեց Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտները, այդ թվում ծննդատունը։ Հոկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի ջանքերով, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվեցին հաստատել հումանիտար հրադադար, սակայն այն չգործեց. հոկտեմբերի 18-ն ևս հակամարտող կողմերը պայմանավորվեցին հաստատել հումանիտար հրադադար, որը ևս չպահպանվեց։ Հրադադար հաստատելու 3-րդ փորձը ձեռնարկվեց հոկտեմբերի 26-ին՝ ԱՄՆ միջնորդությամբ, սակայն այն ևս խախտվեց։ Ադրբեջանը՝ Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների աջակցությունից և իր հաջողություններից ոգևորված, չէր պահպանում հրադադարը։ Հայկական կողմին արված զիջումների առաջարկություններն էլ մերժվում էին վարչապետ Փաշինյանի կողմից։

Պատերազմի հենց սկզբից ակնհայտ էր, որ հայկական բանակը ադրբեջանականին զիջում է նորագույն զինատեսակներով՝ հատկապես օդում։ Թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ների դեմ պայքարը անարդյունավետ էր՝ չնայած հաջողվել էր շարքից հանել մեծ թվով սարքեր։ Հայկական բանակը զիջում էր նաև ծանր հրետանային միջոցներով, որոնք վճռական դեր խաղացին պատերազմի ընթացքում: Հետո պարզ դարձավ, որ Արցախի պաշտպանության բանակի հակաօդային ուժերի շուրջ 50 և հրետանու 40 տոկոսը թշնամու կողմից շարքից հանվել է պատերազմի հենց մեկնարկին։ Ոչ մխիթարական լուրեր էին ստացվում հայկական մոբիլիզացիոն ներուժի անարդյունավետ զորահավաքի և գործադրման ուղղությամբ։ Հետագայում պարզ դարձավ, որ Արցախյան պատերազմի փորձառու բարձրաստճան նախկին հրամանատարներին իշխող վարչախումբը չի թույլատրել մասնակցել պատերազմի վարման գործողություններին:

Հադրութը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելուց հետո՝ մնաց թշնամու հսկողության տակ: Հոկտեմբերի կեսերին թշնամական ուժերը արդեն գրավել էին Իշխանաձոր գյուղը՝ սպառնալիք ստեղծելով Սանասարի (Կուբաթլու) և Բերձորի (Լաչին) համար։ Միաժամանակ Հադրութից թշնամու զորքերը հոկտեմբերի վերջերին շարժվել ու հայտնվել էին Շուշիի մատույցներում։ Հոկտեմբերի 25-ին ընկավ Կուբաթլուն. թնամին մոտեցավ Սյունիքի սահմաններին: Հոկտեմբերի 30-ին Արցախի նախագահը հայտարարեց, որ Շուշին վտանգի տակ է։ Այս ամբողջ ընթացքում, հայ հանրությունը սնվում էր պաշտոնական տեղեկատվությամբ՝ «Հաղթելու ենք» կարգախոսով։ Թշնամին պատերազմի ընթացքում մի քանի անգամ թիրախավորեց նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները. թուրքական F-16 ինքնաթիռից արձակված հրթիռից Հայաստանի տարածքում ոչնչացվեց հայկական Սու-25 ինքնաթիռը, հարվածներ հասցվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք բնակավայրերի. Վարդենիսի տարածքում ԱԹՍ-ն հարվածեց մարդատար ավտոբուսի: Հայկական զինված ուժերի կողմից հարվածներ հասցվեցին Գյանջայի օդանավակայանին և Գյանջա քաղաքի ռազմական օբյեկտներին. հայ հասարակությունը սպասում էր, որ Հայաստանը վերջապես կճանաչի Արցախի անկախությունն ու հարվածներ կհասցվեն Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող նավթամուղներին, ինչը տեղի չունեցավ պատերազմի 44 օրերի ընթացքում:

Վարչապետ Փաշինյանը, որ պատերազմի սկզբում խուսափում էր ՀԱՊԿ-ին և դաշնակից Ռուսաստանին դիմելուց, հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնությանը դիմեց՝ աջակցության խնդրանքով. որպես պատասխան ստացվեց, որ Հայաստանին վտանգ սպառնալու դեպքում այդ օժանդակությունը կլինի՝ համաձայն կնքված պայմանագրերի, միաժամանակ մատնանշվում էր, որ ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի տարածքից դուրս։ Հայաստանին աջակցություն չցուցաբերեցին նաև հարևան Իրանն ու Վրաստանը, ավելին, Վրաստանն արգելեց իր օդային տարածքով զինամթերքի տեղափոխումը, իսկ Իրանն իր տարածքում՝ Արաքսի ափին, տեղակայեց մեծաթիվ զորաբանակ՝ հնարավոր ներխուժումը կանխելու համար: Հետագայում պարզ դարձավ, որ Հայաստանը օժանդակության հարցով չի դիմել նույնիսկ Ֆրանսիային՝ ոչ պատերազմի ընթացքում և ոչ էլ հրադադարը կնքելու ժամանակ, իսկ Ռուսաստանը տրամադրել է այն անհրաժեշտ զինտեխնիկան ու զինամթերքը, ինչի համար դիմել է Հայաստանը:

Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում արդեն մարտեր էին մղվում Շուշիի համար. ադրբեջանցիները խնդիր էին դրել Ադրբեջանի դրոշի օրը՝ նոյեմբերի 9-ին, գրավել քաղաքը։ Հետագայում, ՌԴ նախագահ Վ. Պուտինի հարցազրույցից բացահայտվեց, որ մի քանի անգամ առաջարկություն է եղել Փաշինյանին, որոնց շրջանակում Շուշին պետք է մնար Լեռնային Ղարաբաղի կազմում, և միայն այնտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները, սակայն Փաշինյանը մերժել էր այդ առաջարկները։ Անմատչելի Շուշին, որ Արցախյան հաղթանակի խորհրդանիշն էր, ընկավ անսպասելի. նոյեմբերի 7-ին թշնամու հատուկ զորաջոկատները հայտնվեցին քաղաքում։ Նոյեմբերի 9-ին Արցախի նախագահի խոսնակը հայտարարեց, որ Շուշին անցել է թշնամու հսկողության տակ և վտանգված է մայրաքաղաք Ստեփանակերտի գոյությունը։

Մինչ այդ հայ հասարակությունը սպասում էր հուժկու հակահարվածի, լուրեր էին պտտվում, որ այդ հակահարվածով Արցախի տարածքում հարավից մխրճված զորաբանակին նախատեսվում է առնել շրջափակման մեջ՝ Կուբաթլուի, այնուհետ Շուշիի մատույցներում կասեցնելով նրա առաջխաղացումը։ Շուշիի անկման լուրը սառը ցնցուղ էր, հանրությունը մի քանի ժամ չէր հավատում լուրին։ Հաղթության ակնկալիքից ու ոգևորությունից խաբված հայ հանրությունը շոկի մեջ էր։

Նոյեմբերի 9-ի երեկոյան Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը ստորագրեցին 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ ԼՂ հակամարտության գոտում նոյեմբերի 10 կեսգիշերին լիակատարդ դադարեցվում էին ռազմական գործողությունները, և կողմերը կանգ էին առնում իրենց զբաղեցրած դիրքերում. Ակնայի (Աղդամի) շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում էր Ադրբեջանին, ԼՂ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմը (1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա), ՌԴ խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։

ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը սահմանվում է 5 տարի՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին, ստեղծվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն, ՀՀ-ն մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձներ Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչինի) շրջանը: Լաչինի միջանցքը (մոտ 5 կմ լայնությամբ), որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ, շրջանցելու է Շուշին, մնալով ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում պետք է որոշվի ԼՂ և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով ավտոմոբիլային երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը, ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան ԼՂ տարածք և հարակից շրջաններ, պետք է իրականացվի ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում, տարածաշրջանում պետք է բացվեն բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի ԻՀ արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, որի վերահսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինների կողմից:

Փաստացի Ադրբեջանին անցան ոչ միայն ազատագրված 7 շրջանները, այլև Արցախի Հադրութի շրջանը, Ասկերանի և Մարտունու մի քանի գյուղեր, Շուշին, Թալիշն ու Մատաղիսը:

Հայաստանի և Արցախի համար այս ամոթալի և կապիտուլիացիոն հայտարարությունն ալեկոծեց հայ հասարակությանը։ Փաստաթուղթը ստորագրելիս վարչապետ Փաշինյանը չէր խորհրդակցել ոչ երկրի նախագահի, ոչ ԱԳ նախարարի, ոչ ԱԺ խմբակցությունների հետ, այնինչ խոստացել էր Արցախին վերաբերող որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ ծավալել լայն ժողովրդային քննարկումներ: Փաստաթղթի ստորագրման գիշերը մի խումբ քաղաքացիներ ներխուժեցին ՀՀ կառավարության, Աժ շենքեր և կառավարական ամառանոց. ծեծի ենթարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանիը։

Նոյեմբերի 10-ին Հայաստանի ընդդիմադիր 17 կուսակցությունների խորհուրդը հայտարարեց այդ ամոթալի փաստաթղթի անընդունելիության մասին ու հաջորդ օրը Ազատության հրապարակում հրավիրեց հանրահավաք: Նույն օրը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հեռանա, պետք է ձևավորվի ազգային իշխանություն, որը կկարողանա փրկել իրավիճակը: Նոյեմբերի 11-ին մեծաթիվ քաղաքացիներ հավաքվեցին Ազատության հրապարակում, ոստիկանության հետ տեղի ունեցան բախումներ, այնուամենայնիվ քաղաքացիներին և ընդդիմադիր ուժերին հաջողվեց անցկացնել բազմամարդ հանրահավաքը։

ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտեց հրադադարի այդ խայտառակ փաստաթուղթը և իրավիճակից որպես ելք, մատնանշեց Փաշինյանի անցնցում հեռացումը վարչապետի պաշտոնից, հայության ուժերի համախմբումն ու առկա խնդիրների միասնաբար լուծումը:

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն անցան գրեթե ամենօրյա բողոքի ակցիաներով՝ հանրահավաքներով, երթերով, հացադուլներով, գործադուլներով, դասադուլներով, փողոցներ փակելով և այլ գործողություններով։

17 կուսակցությունները, ընդլայնելով համագործակցության ձևաչափը, դեկտեմբերի 3-ին ձևավորեցին համահայկական և վերկուսակցական՝ «Հայրենիքի փրկության շարժում»: Վարջինիս խորհրդի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որպես անցումային կառավարության վարչապետ առաջարկվում էր ՀՀ նախկին վարչապետ ու պաշտպանության նախարար, Արցախյան շարժման առաջնորդներից Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Վերջինս, վարչապետ դառնալուն պես, պետք է կասեցնի իր կուսակցական գործունեությունը, չպետք է անձամբ մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին և չպետք է հավակնի վարչապետի պաշտոնին: Միաժամանակ նա ստանձնում էր պարտականություն՝ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ԸՕ-ի համապատասխան հավասար պայմաններ երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար: Շարժման համակարգողն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկան Սյունիքի համայնքապետերը, այնուհետ՝ Հայաստանի բազմաթիվ այլ համայնքների ղեկավարներ, ավագանիներ, երկրի նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ԵՊՀ-ն, Գիտությունների Ազգային Ակադեմիան, Մանկավարժական համալսարանը, Կոնսերվատորիան, մեծ թվով բժիշկներ, մտավորականներ, հանրության բազմաթիվ այլ շերտեր ու հանրահայտ գործիչներ։

Սփյուռքի 50-ից ավելի կառույցներ և կազմակերպություններ ևս հանդես եկան Փաշինյանի և Հայաստանի իշխանությունների հրաժարականի պահանջով։ Իշխանական «Իմ քայլը» ԱԺ խմբակցությունը լքեցին մի քանի պատգամավորներ, սակայն այն շարունակեց մնալ վարչապետի կարևոր հենարանը։ Ըստ էության, վարչապետը կառչեց աթոռից՝ հենարան ունենալով, հիմնականում, իր ԱԺ խմբակցությունն ու ոստիկանությունը։ ԲԴԽ նախագահը կոչ արեց դատավորներին՝ զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից և, իրոք, հաջորդող օրերին ոստիկանության կողմից նախաձեռնված անօրինական ձերբակալությունների և այլ գործողությունների պայմաններում բերման ենթարկվածներն ու մեղադրյալները արագ կերպով ազատ էին արձակվում ոստիկանության բաժանմունքներից և դատարանների դահլիճներից։ Ակնհայտ էր, որ իշխանությունը կորցրել էր և՛ ներքին, և՛ արտաքին գործընթացների վրա ազդելու կառավարման լծակները։ Անմխիթար էր նաև զինված ուժերի վիճակը. բանակը կորցրել էր իր արդյունավետ կառավարելիությունը, մարտունակությունը, զինտեխնիկայի գերակշիռ մասը։ Չնայած Պաշտպանության նախարարը հեռացավ պաշտոնից, սակայն նոր նախարարը ոչ մի էական քայլ չկարողացավ ձեռնարկել իրադրությունը շտկելու ուղղությամբ։

Իշխանությունները չկարողացան լուծել անհետ կորածների և գերիների ճակատագրի հետ կապված խնդիրները։ Ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվեցին միայն 44 գերիներ։ Հայկական կողմի զոհերի թիվը նշվում էր շուրջ 5000, վիրավորների թիվը՝ շուրջ 10000 հոգի։Նույնիսկ հրադադարի պայմաններում Արցախում 2 գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի սադրած գործողությունների արդյունքում գերի ընկան ևս 62 հայ զինծառայողներ, որոնց վերադարձի հարցը մնաց առկախված։

Հրապարակումներով, հարցազրույցներով, ասուլիսներով հանդես եկան պատերազմի մասնակից մի շարք բարձրաստճան զինվորականներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ։ Մասնավորապես, Փաշինյանի հասցեին ծանր մեղադրանքներով հանդես եկավ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, որը պատերազմի օրերին զինվորական ղեկավարման կետից դուրս էր հրավիրել Փաշինյանի կնոջը, որի պատճառով նա հեռացվել էր պատերազական գործողությունների կառավարման մասնակցությունից։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հնարավոր էր փրկել իրավիճակն ու հարավում Արցախի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերին առնել շրջափակման մեջ և թույլ չտալ նրանց առաջխաղացումը։ Ընդհանուր տրամաբանությունն ու բերվող փաստերը հանգեցնում էին այն եզրակացությանը, որ պարտվել է ոչ թե բանակը, այլ Հայաստանի և նրա գործակից Արցախի իշխանությունները։ Շրջանառվում էր տեսակետ՝ դավաճանական և պատերազմում պարտության տանող քայլեր ձեռնարկելու մասին։ Մասնավորապես, փաստեր էին բերվում, որ Փաշինյանը մի քանի անգամ հրաժարվել է ավելի բարենպաստ պայմաններով հրադադար կնքելուց, պատերազմի 4-րդ օրը կասեցրել է ակտիվ մոբիլիզացիոն զորահավաքը, հրաժարվել է դիմել ՀԱՊԿ-ին. շրջանառության մեջ դրվեց նաև մի հեռախոսազրույց, որում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բողոքում է, որ 10 օր է Հայաստանը օգնություն չի տրամադրել։

Ծանր վիճակ էր Ադրբեջանին վերադարձվող Քարվաճառի և Բերձորի շրջաններում. բնակիչները իրենց գույքը հանելուց հետո այրում էին տները՝ թշնամուն չթողնելու համար։ Դժգոհության նոր ալիք բարձրացավ սահմանազատման գործընթացում՝ Սոթքի ոսկու հանքի շրջանում և Սյունիքում։ Հայաստանի պարտված իշխանությունները, կորցնելով բանակցելու և դիմակայելու ռեսուրսն ու կարողականությունը, ադրբեջանցիների նկատմամբ կատարում էին անտրամաբանական ու անընդունելի զիջումներ։ Սյունիքում 13 գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը զբաղեցրեց ռազմավարական կարևոր բարձունքներ՝ հասնելով Գորիս-Կապան մայրուղի և պահանջներ ներկայացնելով նաև հայկական Շուռնուխ և Որոտան գյուղերի տարածքների մի հատված նկատմամբ։

Իշխանությունների պահանջով հայկական ուժերը, որ մինչ այդ Կուբաթլուի և Զանգելանի ուղղությամբ առավել նպաստավոր դիրքեր էին զբաղեցնում, ստիպված հետ քաշվեցին։ Իշխանություններն իրենց քայլերը հիմնավորում էին՝ Հայակական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգնման պայմանավորվածությամբ, որը, իբր, բխում էր նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Սակայն 3 հանգամանք հաշվի չէին առնվում. նախ՝ սահմանազատման նման գործընթացներն այդպիսի արագությամբ և անփութությամբ չեն կատարվում, երկրորդ՝ նույնիսկ հայտարարությամբ նախատեսված է, որ հակամարտող ուժերը մնում են իրենց զբաղեցրած բնագծերում, և երրորդ, հարևան խորհրդային հանրապետությունների միջև սահմանները հաճախ փոփոխվել են և այդ փոփոխությունների քարտեզներով նույնիսկ անմտություն էր ադրբեջանցիներին նման բնագծերին մոտ թողելը։ Սահմանագիծը մոտեցավ նաև Կապանի օդանավակայանին, ըստ այդմ Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհը տեղ-տեղ հայտնվեց Ադրբեջանի հսկողության տակ։

Դեկտեմբերի 22-ին հայտարարվեց համահայաստանյան գործադուլ և դասադուլ։ Նույն օրը բազմամարթ հանրահավաք տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել էր եռօրյա սուգ։ Ամսի 20-ին ազատամարտիկներն ու զոհված ազատամարտիկների հարազատները խոչընդոտեցին Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Ոստիկանների միջոցով վարչապետը մի կերպ կարողացավ անցնել բողոքավորների միջով։ Հաջորդ օրը սյունեցիները խոչընդոտեցին վարչապետի այցը Գորիս, Կապան և Մեղրի՝ փակելով ճանապարհը։ Փաշինյանը ստիպված Սիսիանից հետ դարձավ Երևան։ Հայաստանի բազմաթիվ հանրահայտ իրավաբանների և փաստաբանների կողմից նախաձեռնվեց վարչապետ Փաշինյանին իրավական պատասխանատվության ենթարկելու գործընթաց։

Դեկտեմբերի 25-ին վարչապետը հայտարարեց, որ խորհրդակցությունների է հրավիրում շահագրգիռ քաղաքական ուժերին՝ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։ Սակայն «Հայրենիքի փրկության շարժումը» անմտություն համարեց այդ առաջարկը՝ պնդելով իր նախորդ առաջարկները։

Տարին ավարտվեց՝ քաղաքական մեծ անորոշություններով և սպասումներով, առանց տոնական տրամադրության, սգավոր, անհետ կորածների և գերիների վերադարձին սպասող բազմաթիվ ընտանիքների, մեծաթիվ տեղահանվածների առկայության պայմաններում։

Հայաստանի ներքաղաքական առաջնահերթությունը մնաց «Հայաստանն առանց Նիկոլի» պահանջը՝ անցնցում իշխանափոխությունն ու Հայաստանի և Արցախի վերազարթոնքի հույսը։

Արտակ Սարգսյան