Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստաբան Արկադյա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր պաշտպանյալի՝ ՌԴ քաղաքացի, այս օրերին ՀՀ-ում կալանավորված Միսակ Լազարյանի հնարավոր արտահանձնումը բացառող հանգամանքների և օրենսդրական երաշխիքների մասին։ Փաստաբանն այդ առիթով ցիտել է նաև միջազգային որոշ հանրագրեր՝ միաժամանակ հիմնավորելով, որ ստեղծված իրադրության պահմաններում պետք է փոխվի նաև նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը.
«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թ. Մինսկի կոնվենցիայի 60-րդ հոդվածի, ինչպես նաև «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ նույնիսկ այն պարագայում, եթե ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր բավարարի Մ. Լազարյանին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդությունը, ապա միևնույն է, Մինսկի կոնվեցիայի 60-րդ հոդվածով նախատեսված բացառության հիմքով հանձնումը չի կարող կատարվել:
Այսինքն, քանի դեռ ՀՀ Միգրացիոն ծառայության կողմից ապաստան ստանալու վերաբերյալ Մ. Լազարյանի խնդրանքը բավարարելու կամ մերժելու կապակցությամբ չի կայացվել վերջնական որոշում (ասել է թե՝ այն դեպքը, երբ հանձնումը չի կարող կատարվել), ապա այդ պայմաններում չի կարող կատարվել հանձնման գործառույթ:
Հետևաբար՝ այս պարագայում, երբ առկա է հանձնման կատարումը բացառող հանգամանք, ապա անձը չպետք է գտնվի անազատության մեջ:
Հանձնման դեպքում կալանք կիրառելու համար անհրաժեշտ է երկու պայմանի միաժամանակյա առկայություն՝ 1) հանձնման պահանջ, 2) հանձնման կատարմանը խոչընդոտող հանգամանքի բացակայություն:
Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ խոսքը ապօրինի խոչընդոտների մասին չէ, այլ բացառապես օրենսդրական և իրավական խոչընդոտների:
Այսինքն, միայն հանձնման պահանջը դեռևս բավարար չէ անձին կալանավորելու համար, անհրաժեշտ է նաև հանձնման կատարմանը խոչընդոտող հանգամանքի բացակայություն, որի դեպքում միայն արդարացված կարող է համարվել հանձնման ենթակա անձի պատշաճ վարքագիծը ապահովելու նպատակով կալանավորումը:
Ելնելով վերոգրյալից, ինչես նաև հաշվի առնելով որ Մ.Լազարյանի պարագայում ոչ միայն առկա է հանձնման կատարմանը խոչընդոտող հանգամանք (ապաստան ստանալու խնդրանքով վարույթ), այլև չկա որևէ ողջամիտ հիմնավորում, որ Մ. Լազարյանը ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել հանձնման գործընթացին:
Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին Yerkir.am-ն անդրադարձել էր ՀՀ Գլխավոր դատախազության՝ ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնելու մտադրությանն ու Լազարյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը։ Լազարյանը մեղադրվում է դեռևս 2011 թ. ՌԴ Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ադրբեջանցիների կողմից հրահրված վիճաբանությանը հաջորդած զինված հարձակման ժամանակ ինքնապաշտպանության նպատակով ադրբեջանցիներից մեկին պատկանող ատրճանակից ադրբեջանցուն մահացու հրազենային վիրավորում պատճառելու մեջ։
2012 թվականից Հայաստանում գտնվող Լազարյանը ձերբակալվում է 2020 թ., սահմանվում է 40-օրյա կալանք, իսկ ապրիլի 2-ին դատախազությունը դիմում է դատարան՝ երկու ամսով կալանավորելու համար։ Միսակ Լազարյանը մոտ 17 օր գտնվում էր հացադուլի մեջ։
Yerkir.am-ի անդրադարձից և այդ առթիվ ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդականի ներկայացրած պարզաբանումներից հետո, Միսակ Լազարյանի շուրջն այս օրերին տեղի ունեցող դատավարական և արտահանձնման գործընթացների ողջ թնջուկի վերաբերյալ փաստաբան Արկադյա Գևորգյանը Yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանել էր ստեղծված իրավիճակը։
Փաստաբան Գևորգյանը և ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ ապրիլի 4-ին դիմել էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ բարձրաձայնելով Լազարյանի չհանձնման և ՀՀ-ում ապաստան տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերը։ Թաթոյանը նշել էր, որ վարույթ կնախաձեռնվի, պարզաբանումներ ստանալու համար գրություններ կուղարկվեն, իսկ հացադուլի հարցը կգտնվի ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում։
Ապրիլի 6-ի առավոտյան Արկադյա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Միսակ Լազարյանը դադարեցրել է հացադուլը։ Նույն օրը փաստաբանը Yerkir.am-ին տված հարցազրույցում խոսել էր Միսակ Լազարյանի արտահանձնման գործընթացը կասեցնելու, ՀՀ-ում կիրառված խափանման միջոցը փոխելու և ապաստանի տրամադրման ուղղություններով իրականացվող քայլերի մասին։