Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի Դաշնության Ռայչիխինսկում 2011 թվականին ադրբեջանցու սպանության համար մեղադրվող Միսաք Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող այլ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։ Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն ասել է, որ Միսաք Լազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց էքստրադիցիոն կալանքը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի որոշմամբ:
«Նախ՝ նշեմ, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված՝ Լազարյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությամբ պայմանավորված, իսկ նման դեպքում քրեական դատավարության օրենքը այդ փուլի համար այլընտրանք չի թողնում:
Իսկ դատախազի կողմից խափանման միջոցի փոփոխման որոշման կայացումը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագով) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասել Աբրահամյանը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը նշել է, որ այս կապակցությամբ Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է՝ մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող վերոնշյալ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։
Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին Yerkir.am-ն անդրադարձել էր ՀՀ Գլխավոր դատախազության՝ ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնելու մտադրությանն ու Լազարյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը։ Լազարյանը մեղադրվում է դեռևս 2011 թ. ՌԴ Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ադրբեջանցիների կողմից հրահրված վիճաբանությանը հաջորդած զինված հարձակման ժամանակ ինքնապաշտպանության նպատակով ադրբեջանցիներից մեկին պատկանող ատրճանակից ադրբեջանցուն մահացու հրազենային վիրավորում պատճառելու մեջ։
2012 թվականից Հայաստանում գտնվող Լազարյանը ձերբակալվում է 2020 թ., սահմանվում է 40-օրյա կալանք, իսկ ապրիլի 2-ին դատախազությունը դիմում է դատարան՝ երկու ամսով կալանավորելու համար։ Միսակ Լազարյանը մոտ 17 օր գտնվում էր հացադուլի մեջ։
Yerkir.am-ի անդրադարձից և այդ առթիվ ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդականի ներկայացրած պարզաբանումներից հետո, Միսակ Լազարյանի շուրջն այս օրերին տեղի ունեցող դատավարական և արտահանձնման գործընթացների ողջ թնջուկի վերաբերյալ փաստաբան Արկադյա Գևորգյանը Yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանել էր ստեղծված իրավիճակը։
Փաստաբան Գևորգյանը և ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ ապրիլի 4-ին դիմել էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ բարձրաձայնելով Լազարյանի չհանձնման և ՀՀ-ում ապաստան տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերը։ Թաթոյանը նշել էր, որ վարույթ կնախաձեռնվի, պարզաբանումներ ստանալու համար գրություններ կուղարկվեն, իսկ հացադուլի հարցը կգտնվի ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում։
Ապրիլի 6-ի առավոտյան Արկադյա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Միսակ Լազարյանը դադարեցրել է հացադուլը։ Նույն օրը փաստաբանը Yerkir.am-ին տված հարցազրույցում խոսել էր Միսակ Լազարյանի արտահանձնման գործընթացը կասեցնելու, ՀՀ-ում կիրառված խափանման միջոցը փոխելու և ապաստանի տրամադրման ուղղություններով իրականացվող քայլերի մասին։
Մեկ այլ գրառմամբ Արկադյա Գևորգյանն իր անդրադարձել էր Միսակ Լազարյանի հնարավոր արտահանձնումը բացառող հանգամանքների և օրենսդրական երաշխիքների մասին։ Փաստաբանն այդ առիթով ցիտել էր նաև միջազգային որոշ հանրագրեր՝ միաժամանակ հիմնավորելով, որ ստեղծված իրադրության պահմաններում պետք է փոխվի նաև նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը:
Փաստաբանն իր պաշպանյալի հնարավոր արտահանձնումը բացառող հանգամանքների մասին անդրադարձել էր նաև ապրիլի 12-ին։ Նա այդ առիթով ցիտել է նաև միջազգային որոշ հանրագրեր՝ միաժամանակ հիմնավորելով, որ ստեղծված իրադրության պահմաններում պետք է փոխվի նաև նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը։
Ապրիլի 16-ի ուշ երեկոյան ՀՀ դատախազությունը վերացրել է ՌԴ քաղաքացի, այս օրերին ՀՀ-ում կալանավորված Միսակ Լազարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը. այս մասին հայտնել է նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։