կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-17 00:54
Քաղաքական

Դատախազությունն ազատ է արձակել Միսակ Լազարյանին, նրա նկատմամբ ԱԱԾ-ն նոր քրեական գործ է հարուցել

Դատախազությունն ազատ է արձակել Միսակ Լազարյանին, նրա նկատմամբ ԱԱԾ-ն նոր քրեական գործ է հարուցել

Ապրիլի 16-ի ուշ երեկոյան ՀՀ դատախազությունը վերացրել է ՌԴ քաղաքացի, այս օրերին ՀՀ-ում կալանավորված Միսակ Լազարյանի նկատմաբ կիրառված կալանավորումը. այս մասին Yerkir.am-ին հայտնեց նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ 

Ըստ փաստաբանի՝ հաշվի է առնվել երկու հանգամանք։ Առաջինը՝  ապաստանի հետ կապված վարչական վարույթի առկայությունը, որի պայմաններում արտահանձնման գործառույթը  ներկայումս հնարավոր չէ իրականացնել, առավել ևս՝ ՀՀ միգրացիոն ծառայությունը վարչական վարույթը կասեցնելու որոշում է կայացրել։

Մյուս հիմքը, ըստ փաստաբանի, ՀՀ ԱԱԾ-ում Միսակ Լազարյանի նկատմամբ նոր քրեական գործի հարուցումն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, որը հանձնման գործընթացը հետաձգելու հիմք է։ Հարուցված գործով որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

«Այսինքն, մինչև այդ գործի վերջնական ընթացքը չլուծվի, չեն կարող արտահանձնման հարց քննարկել»,- նշեց Արկադյա Գևորգյանը։

 

Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին Yerkir.am-ն անդրադարձել էր ՀՀ Գլխավոր դատախազության՝ ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնելու մտադրությանն ու Լազարյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը։ Լազարյանը մեղադրվում է դեռևս 2011 թ. ՌԴ Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ադրբեջանցիների կողմից հրահրված վիճաբանությանը հաջորդած զինված հարձակման ժամանակ ինքնապաշտպանության նպատակով ադրբեջանցիներից մեկին պատկանող ատրճանակից ադրբեջանցուն մահացու հրազենային վիրավորում պատճառելու մեջ։

2012 թվականից Հայաստանում գտնվող Լազարյանը ձերբակալվում է 2020 թ., սահմանվում է 40-օրյա կալանք, իսկ ապրիլի 2-ին դատախազությունը դիմում է դատարան՝ երկու ամսով կալանավորելու համար։ Միսակ Լազարյանը մոտ 17 օր գտնվում էր հացադուլի մեջ։

Yerkir.am-ի անդրադարձից և այդ առթիվ ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդականի ներկայացրած պարզաբանումներից հետո, Միսակ Լազարյանի շուրջն այս օրերին տեղի ունեցող դատավարական և արտահանձնման գործընթացների ողջ թնջուկի վերաբերյալ փաստաբան Արկադյա Գևորգյանը Yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանել էր ստեղծված իրավիճակը։

Փաստաբան Գևորգյանը և ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ ապրիլի 4-ին դիմել էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ բարձրաձայնելով Լազարյանի չհանձնման և ՀՀ-ում ապաստան տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերը։ Թաթոյանը նշել էր, որ վարույթ կնախաձեռնվի, պարզաբանումներ ստանալու համար գրություններ կուղարկվեն, իսկ հացադուլի հարցը կգտնվի ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում։

Ապրիլի 6-ի առավոտյան Արկադյա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Միսակ Լազարյանը դադարեցրել է հացադուլը։ Նույն օրը փաստաբանը Yerkir.am-ին տված հարցազրույցում խոսել էր Միսակ Լազարյանի արտահանձնման գործընթացը կասեցնելու, ՀՀ-ում կիրառված խափանման միջոցը փոխելու և ապաստանի տրամադրման ուղղություններով իրականացվող քայլերի մասին։

Մեկ այլ գրառմամբ  Արկադյա Գևորգյանն իր անդրադարձել էր Միսակ Լազարյանի հնարավոր արտահանձնումը բացառող հանգամանքների և օրենսդրական երաշխիքների մասին։ Փաստաբանն այդ առիթով ցիտել էր նաև միջազգային որոշ հանրագրեր՝ միաժամանակ հիմնավորելով, որ ստեղծված իրադրության պահմաններում պետք է փոխվի նաև նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը:

Փաստաբանն իր պաշպանյալի հնարավոր արտահանձնումը բացառող հանգամանքների մասին անդրադարձել էր նաև ապրիլի 12-ին։  Նա այդ առիթով ցիտել է նաև միջազգային որոշ հանրագրեր՝ միաժամանակ հիմնավորելով, որ ստեղծված իրադրության պահմաններում պետք է փոխվի նաև նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը։