Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինական Ուհան քաղաքի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն` Առողջապահության քաղաքային կոմիտեն խորհրդակցական հավաք է կազմակերպել նահանգային և մունիցիպալ մասնագետների համար, որպեսզի պատասխանի մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերում են կորոնավիրուսով վարակված, բայց ակնհայտ ախտանշաններ չունեցողներին. տեղեկացնում է yerkir.am-ը` «Խուանցյու շիբաո» թերթին հղումով:
Ներկայացնում ենք հիմնական հարցերին տրված պատասխանները:
1. Ովքե՞ր են առանց ախտանշանների վարակակիրները
«Նոր կորոնավիրուսային վարակի պրոֆիլակտիկայի և վերահսկողության ծրագրի» (վեցերորդ հրատարակություն) համաձայն` առանց ախտանշանների վարակակիրների մոտ հիվանդությանը բնորոշ ախտանշանները` ջերմաստիճանի բարձրացում, հազ, ցավ կոկորդում և այլն, ի հայտ չեն գալիս, սակայն շնչուղիներում և քսուքներում հայտնաբերվում են հարուցիչներ կամ Covid-19-ի IgM տիպահատուկ հակամարմիններ:
2. Ինչպե՞ս են հայտնաբերում առանց ախտանշանների վարակակիրներին
Առանց ախտանշանների վարակակիրներին հիմնականում հայտնաբերում են հիվանդների հետ սերտ շփումներ ունեցած մարդկանց շրջանում ստուգումների իրականացմամբ, զանգվածային համաճարակաբանական ուսումնասիրությունների և վարակի աղբյուրների մոնիտորինգի ժամանակ:
3. Առանց ախտանշանների վարակակիրներն արդյո՞ք կարող են փոխանցել վիրուսը
Առանց ախտանշանների վարակակիրները նույնպես կարող են վարակի աղբյուր լինել, և կա վիրուսի փոխանցման որոշակի ռիսկ: Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ «եղած տվյալների համաձայն`կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է ախտանշաններ ունեցող մարդկանցից»: Այսպիսով` առանց ախտանշանների վարակակիրները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն:
4. Ինչո՞ւ առանց ախտանշանների վարակակիրները չեն ընդգրկվում հիվանդության հաստատված դեպքերի թվի մեջ
«Նոր կորոնավիրուսային վարակի պրոֆիլակտիկայի և վերահսկողության ծրագրի» (յոթերորդ` փորձնական հրատարակություն) համաձայն` հիվանդության ենթադրյալ և հաստատված դեպքերը պետք է ունենան կլինիկական դրսևորումներ: Առանց ախտանշանների վարակակիրներին, որոնք հիվանդության կլինիկական դրսևորումներ չունեն, անհրաժեշտ է 14 օր մեկուսացնել և իրականացնել հետագա հետազոտումը: Եթե առանց ախտանշանների վարակակրի մոտ մեկուսացման շրջանում ի հայտ գան հիվանդության ախտանշաններ, դա կհամարվի հիվանդության հաստատված դեպք:
5. Առանց ախտանշանների վարակակիրների մոտ կարո՞ղ են ի հայտ գալ հիվանդության ախտանշաններ
Առանց ախտանշանների վարակակիրների փոքր մասի մոտ հետագայում ի հայտ են գալիս հիվանդության ախտանշաններ: Մեծ մասամբ այդ մարդիկ ինքնուրույն են ապաքինվում:
6. Ի՞նչ գործողություններ իրականացնել առանց ախտանշանների վարակակիրների հետ
«Նոր կորոնավիրուսային վարակի պրոֆիլակտիկայի և վերահսկողության ծրագրի» (վեցերորդ հրատարակություն) համաձայն` առանց ախտանշանների վարակակիրները 14 օր պետք է գտնվեն կարանտինում, որի ավարտից հետո անցկացվում են երկու հաջորդական ԴՆԹ-թեստեր` 24 ժամից ոչ պակաս ընդմիջմամբ: Եթե թեստերի արդյունքները բացասական են, կարանտինը դադարեցվում է: Եթե մեկուսացման շրջանում ախտանշաններ են ի հայտ եկել, մարդուն պետք է անհապաղ հոսպիտալացնել:
7. Ի՞նչ միջոցառումներ է պետք իրականացնել առանց ախտանշանների վարակակիրներից վարակվելու ռիսկը նվազեցնելու համար
Երբ խոսքը վերաբերում է բնակչության լայն շրջանակներին, ամենաարդյունավետը դիմակներ կրելն է, միմյանց միջև հեռավորություն պահպանելը, ձեռքերի հաճախակի լվացումը և մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից խուսափելը: