Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհի մի շարք երկրներ մեծ ջանքեր են գործադրում՝ կանխարգելելու մեծ տարածում գտած կորոնավիրուսը, որը բռնկվել է Չինաստանի Ուհան քաղաքում. հայտնում է Yerkir.am-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել նոր կորոնավիրուսի պատճառով, որի հետևանքով աշխարհում ավելի քան 2800 մարդ է զոհվել: Այս պահին գրանցվել է վարակի ավելի քան 82,000 դեպք, որոնց մեծ մասը Չինաստանում:
Ի՞ՆՉ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ
Ըստ ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք առաջացնում են հիվանդություններ՝ սկսած սովորական մրսածությունից մինչև ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են սուր սուր շնչառական համախտանիշը (SARS) և մերձավորարևելյան շնչառական համախտանիշը (MERS):
Այս վիրուսներն ի սկզբանե փոխանցվել են կենդանիներից մարդկանց: Օրինակ ՝ SARS-ը ասիական ցիվետից մարդկանց է փոխանցվել, մինչդեռ MERS-ը՝ ուղտերի մի տեսակից:
Եվս մի քանի հայտնի կորոնավիրուսների տեսակներ շրջանառվում են այն կենդանիների մեջ, որոնք դեռևս չեն վարակել մարդկանց:
«Coronavirus» անվանումը գալիս է լատիներեն «corona» բառից, որը նշանակում է թագ, քանի որ էլեկտրոնային մանրադիտակի տակ վիրուսի պատկերը արևային կորոնա կամ թագ է հիշեցնում:
Կորոնավիրուսային նախադեպը, որը Չինաստանի իշխանությունների կողմից հայտնաբերվել է հունվարի 7-ին և ստացել է COVID-19 անունը նոր տեսակ է, որը նախկինում չի հայտնաբերվել մարդկանց մոտ: Դրա մասին քիչ բան է հայտնի, բայց մի բան հաստատ է՝ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ մարդուց մարդ:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
ԱՀԿ տվյալներով ՝ վարակի նշաններից են ջերմությունը, հազը, շնչառության թուլությունը և շնչառության դժվարությունները:
Ավելի ծանր դեպքերում վիրուսը կարող է հանգեցնել թոքաբորբի, մի շարք օրգանների անբավարար գործունեության և նույնիսկ մահվան:
Ինկուբացիոն շրջանից մինչև վարակի և ախտանիշների առաջացման միջև ընկած ժամանակահատվածը կարող է տևել 1-14 օր: Վարակված մարդկանց մոտ մեծ մասամաբ ախտանշաններն ի հայտ են գալիս հինգից վեց օրվա ընթացքում:
Այնուամենայնիվ, վարակված հիվանդները կարող են լինել նաև ասիմպտոմատիկ, այսինքն՝ նրանք չդրսևորել որևէ ախտանիշ՝ չնայած իրենց համակարգերում վիրուս ունենալու փաստին:
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՄԱՀԱՑՈՒ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ
Գրանցված ավելի քան 2800 մավան արդյունքներով՝ նոր տիպի կորոնավիրուսից մահացության դեպքերը գերազանցել են 2002-2003 թվականների SARS-ի բռնկման ցուցանիշներին, որը նույնպես ծագել էր Չինաստանում:
SARS-ը սպանել էր վարակվածների մոտ ինը տոկոսին՝ ամբողջ աշխարհում գրեթե 800 մարդ և միայն Չինաստանում ավելի քան 300 մարդ: MERS-ը, որն այնքան էլ տարածված չէր, ավելի մահացու էր՝ սպանելով վիրուսով վարակվածների մեկ երրորդին:
Չնայած նոր կորոնավիրուսը Չինաստանում ավելի տարածված է, քան SARS-ը, դեպքերի թվով, մահացության մակարդակը մնում է զգալիորեն ցածր՝ մոտավորապես երկու տոկոսով, նշում է ԱՀԿ-ն:
Ի՞ՆՉ Է ԱՐՎՈՒՄ ՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մոլորակի գիտնականները լծված են պատվաստանյութ մշակելու գործին, բայց նրանք նախազգուշացրել են, որ դժվար թե զանգվածային օգտագործման համար այն հասանելի լինի մինչև 2021 թվականը:
Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունները արդյունավետորեն փակել են Ուհան քաղաքը և սահմանափակումներ են դրել ճանապարհորդությունների վրա:
Շատ միջազգային ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել չվերթները դեպի Չինաստան: Որոշ երկրներ արգելել են Չինաստանի քաղաքացիներին մուտք գործել իրենց տարածք, ևս մի քանիսը Ուհանից տարհանել են իրենց քաղաքացիներին:
Ո՞ՐՏԵՂԻՑ Է Ի ՀԱՅՏ ԵԿԵԼ ՎԻՐՈՒՍԸ
Չինաստանի առողջապահական մարմինները դեռ փորձում են հասկանալ, թե որն է վիրուսի ծագման աղբյուրը, բայց, ըստ նախնական ընթադրությունների, այն հավանաբար առաջացել է Ուհանի ծովամթերքի շուկայից, որտեղ վայրի բնության բարիքներն «ապօրինի վաճառվում են»:
Փետրվարի 7-ին չինացի հետազոտողները պնդել են՝ վիրուսը կարող էր վարակված կենդանիների տեսակից մարդուն փոխանցվել ապօրինի շրջանառվող պանգոլինների միջոցով, որոնք Ասիայում թանկարժեք են սննդի և բժշկության համար:
Գիտնականները մատնանշել են նաև չղջիկներին ու օձերին՝ որպես վիրուսի հնարավոր աղբյուր:
ԱՐԴՅՈ՞Ք ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՄԱՇԽԱՐԱՀԱՅԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿՀԱՆԳԵՑՆԻ
ԱՀԿ-ն հունվարի 30-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վիրուսի բռնկումը առողջության պահպանման համաշխարհային արտակարգ իրավիճակի է հանգեցրել:
Բարձր մակարդակի տագնապը հնչեցնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հաստատվել են Չինաստանից դուրս մարդ-մարդ փոխանցման առաջին դեպքերը:
Առողջապահության միջազգային ազդանշանի նպատակն է կոչ անել աշխարհի երկրներին՝ համաձայնեցնելու իրենց պատասխաններն ու լուծումները ՄԱԿ-ի առողջապահական գործակալության ղեկավարության ներքո:
2005 թվականից ի վեր թվով 5 առողջապահական արտակարգ իրավիճակներ են գրանցվել, երբ ՄԱԿ հռչակագիրը պաշտոնականացվել է. դրանք են՝ խոզի գրիպը՝ 2009-ին, 2014-ին՝ պոլիոմիելիտը, 2014-ին ՝ էբոլան, 2016-ին՝ «Զիկա»-ն, և նորից 2019-ին՝ էբոլան:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Հոդվածը՝ Al Jazeera-ի
Թարգմանությունը՝ Yerkir.am-ի
Մայա Ավետիսյան