կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 16:06
Տարածաշրջան

«Մի փամփուշտն արագ սուլոցով անցավ իմ ականջի մոտով». սպանության փորձ՝ ըստ պատգամավոր Հենզել Մկոյանի

Վրաստանի Խորհրդարանի` Ջավախքից ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մանրամասներ է ներկայացրել  մարտի 26-ին Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ, ըստ Հենզել Մկոյանի, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը կրակել է իր վրա, իսկ ինքը՝ ինքնապաշտպանվել։ 

Պատգամավոր Հենզել Մկոյանը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել (անվտանգության տեսախցիկների կողմից նկարահանված) միջադեպի մասին։ 

Ստորև ներկայացնում ենք Հենզել Մկոյանի գրառումը և կից տեսանյութը. 

«Սպանության փորձ

2020 թվականի մարտի 26-ին Ախալքալաքի բնակիչ 66-ամյա Սամվել Պետրոսյանը բառացի վիրավորանք հասցրեց իմ եղբոր որդուն՝ 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Մկոյանին։ Այս հարցի շուրջ միևնույն օրը՝ ժամը 15:00-ին, Գիորգի Պետրոսյանը՝ իր համախոհների հետ ընդդիմացավ Կարապետ Մկոյանին (իմ որդուն), որն ուղեկցում էր իր հորեղբոր որդուն։

Հակասությունը տեղի է ունեցել Գիորգի Պետրոսյանին պատկանող սրճարան «Gold»-ի և իմ տան մոտակայքում, այդ ձայները լսելով, վեճի հաշտեցման նպատակով ես դուրս եկա իմ տանից, իմ բարեկամներին և նրանց կողմնակիցներին խնդրեցի կազմալուծվել։ Ես իմ հարազատների հետ եկա դեպի իմ տան կողմը։ Իրավիճակը արդեն լուծված ու խաղաղված էր, երբ իր մեքենայով եկավ Սամվել Պետրոսյանը՝ Գիորգի Պետրոսյանի հայրը, ով Ախալքալաքի նախկին ոստիկանապետն էր, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր՝ «Ազգային շարժման» կուսակցության կողմից, դուրս եկավ մեքենայից, գնաց իր որդու ուղղությամբ, նրան ասաց ՝ «Դու գնա տուն,ես նրանց հետ կլուծեմ այս հարցերը»։
 
Դրանից հետո հետ դարձավ իմ ուղղությամբ, արագ բարձրացրեց հրազեն ատրճանակը և երեք անգամ կրակեց իմ ուղղությամբ, ես թեքվեցի, որպեսզի փամփուշտը ինձ չդիպչեր։ Մի փամփուշտն արագ սուլոցով անցավ իմ ականջի մոտով, երկրորդն ընկավ իմ ոտների տակ, երեք կրակոցից հետո նա իր ձեռքում առկա ատրճանակով այլևս չկարողացավ կրակել, քանի որ փամփուշտը խցանվել էր։ Այդ ընթացքում ես բարձրացրի իմ ատրճանակը և ինքնապաշտպանության նպատակով երկու անգամ կրակեցի դեպի օդ ուղղությամբ։ Այդ ընթացքում եկան ոստիկանության աշխատակիցները և զինաթափեցին Սամվել Պետրոսյանին։
 
Այս գործով հետաքննության ընթացքում Սամվել Պետրոսյանի և Գիորգի Պետրոսյանի տանը որոնման հետևանքով այնտեղից հանվել են 12 այլևայլ տեսակի հրազեն զենքեր, որոնք նա ոստիկանապետի պաշտոնում եղած ժամանակ խլել է հասարակ ժողովրդից, իսկ հետո, լինելով խորհրդարանի պատգամավոր, օրինականացրել է։
Այս ամենը հաստատված է վկաների ցուցմունքով և միջադեպի տեղում առկա տեսախցիկների գրանցումով»։
 
Նույն գրառման վրացերեն և ռուսերեն տարբերակներն՝ այստեղ։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Վրաստանի Խորհրդարանի նախկին պատգամավոր, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին և Վրաստանի Խորհրդարանի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր որդուն՝ Ա. Մկոյանին: Նրանք մեղադրվում են զենքի գործածմամբ խուլիգանության կատարման համար: Մեղադրանքը ներկայացվել է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով, ինչը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում:
 
Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են արձակվել. միմյանց վրա կրակել են «Վրացական երազանք» խմբակցության գործող պատգամավոր Հենզել Մկոյանը և «Միացյալ ազգային շարժման» նախկին պատգամավոր, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը, ով ներկայումս հանդիանում է Ախալքալաքի շրջանային ժողովի (Սակրեբուլոյի) պատգամավոր: Միջադեպին ներկա են եղել նաև նախկին ու ներկա պատգամավորների հարազատները։