կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-06 12:55
Հասարակություն

Թուրք զինվորները երեխաներին բռնում էին, սուրը ականջի ներքևից մտցնում վիզը

Թուրք զինվորները երեխաներին բռնում էին, սուրը ականջի ներքևից մտցնում վիզը

Անուշ Ավետիսյանի պատմությունը

 

Ալաշկերտ



Անուշ Ավետիսյանը Իրիցուգեղ գյուղից է: Հիշում է, որ քրդերն ու օսմանցիները հանկարծակի են հարձակվել, փախուստը հանպատրաստից է սկսվել, չգիտի, թե իր մեծ ընտանիքի անդամներն սպանված են, թե` գերի, նույնիսկ երեխաներին չէին խնայում: Ողջ մնացածներին տանում էին քրդական մի գյուղ, բայց ռուսները հասան ու փրկեցին, Երևան ուղարկեցին: 



«Պատմողն է Անուշ Աւետիսեան, Ալաշկերտի «Իրիցու գիւղ»-էն, այժմ կ՚ապրի Հին Նախիջևանի Աստապատ գիւղին մէջ:
1915 թ. մեծ պահքի առաջին շաբթուն, մեր գիւղի աղան (անունը չէր յիշեր պատմողը) 200 քիւրտով և օսմանեան 300-ի չափ զինուորներ յանկարծ մեր գիւղին վրայ եկան: Խուճապ էր, փախուստը սկսաւ. փախչողներու մի ստուար մասը գնդակահար եղան, շատերը անյայտացան: Այսպէս' իմ 4 տագրերն իրենց կիներով և մեծ տագերս 3 տղաները և մի աղջիկը ան հետ կորսուեցան, չգիտենք, սպաննուա՞ծ են, թէ՞ գերի տարուած: 300-Է բաղկա¬ցեալ մեր գիւղը յանկարծ ամայացաւ: Թիւրք զինուորները երեխաները կը բռնէին, սուրը ականջէն վարը' վիզին մէջը կը մխէին, միւս կողմէն դուրս կու գար, ապա սուրը կը քաշէին ե կոկորդը կտրելով կը սպաննէին, ոտքերու տակ կը կոխկրտէին և ապա մի երկրորդը, երրորդը, չորրորդը և այս-պէս շարունակաբար:

 


Ապա թիւրքերը մեզ' կանանց և երեխաներու ողջ մնացած մասը, առաջնորդեցին քիւրտական գիւղ Գոդակլու, ուր ռուսերն ու կամաւորները վրայ հասան և մեզ ազատեցին: Դեռ մենք գիւղին մէջ, մեր տաւար-ոչխարը, ունեցած-չունեցածը աւարի տուին: Ռուսերն ու կամաւորները մեզ ուղարկեցին Երևան:

 


Երկիր եղած ժամանակ մեր ընտանիքը 25 անձէ կը բաղկանար, այժմ մնացած են միայն 5 անձ, միւսները բոլորը կորսուած են: Այսքան ատեն ոչ մի խօսք իրենց մասին. անշուշտ, սպաննուած կը լինեն:

 


Մեր գիւղի ժողովուրդին մեծ մասը գացած են, գլխաւորաբար տղամարդիկ, բայց ռուսերը թոյլ չեն տար երթան իրենց տուները, կռուի պատճառով:

 


Պատմողը 39 տարեկան անգրագէտ կին մըն է»:


[Գրի առնող՝ Համբարձում Գալուստեան]


ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 424, թ. 16, բնագիր, ձեոագիր:


Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 233:

 

Աղբյուրը` armeniangenocide100