Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը. հայտնում է Yerkir.am-ը։
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ կողմից «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից Արցախում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը, ԱԳՆ-ից պատասխանել են.
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից «The HALO Trust» կազմակերպության ներկայացրած՝ Արցախում մարդասիրական ականազերծման ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է՝ համաձայն նախանշված ժամանակացույցի ու հատկացված բյուջեի եւ ավարտվել 2020 թվականին:
Սակայն մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռեւս ավարտված չեն, եւ պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները: Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, քանի որ ապահովում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը, տեղաշարժը եւ պայմաններ է ստեղծում տնտեսական եւ սոցիալական գործունեության համար:
Այս համատեքստում ափսոսանք է առաջացնում ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը:
Հարկ է նշել, որ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ կողմից արտաքին ֆինանսական հատկացումների վերաբերյալ օրինագծի նախագծի շուրջ քննարկումները, եւ 75 կոնգրեսականներ նամակով դիմել են Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ կոչ անելով 2021 թ. բյուջեում նախատեսել ֆինանսական միջոցների տրամադրումը Արցախում ականազերծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար։
Միաժամանակ, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ դիտարկում են Արցախում այլ նախագծերի իրականացման հնարավորությունը: Լիահույս ենք, որ ամերիկյան կառավարությունը կշարունակի աջակցել Արցախում զարգացման եւ մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված այլ ծրագրերի իրագործմանը։
Ցանկանում ենք նաեւ մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել ԱՄՆ ժողովրդին եւ կառավարությանը՝ երկար տարիներ Արցախին ցուցաբերվող օժանդակության համար, որոնց արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։