Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի պանդեմիայից հետո աշխարհն ուրիշ կլինի: Ոչ այնքան պանդեմիան, որքան մարդկության արձագանքը դրան վկայում է, որ չափազանց գլոբալացված աշխարհը ճգնաժամից դուրս կգա ոչ այնպիսին, ինչպիսին նախքան այդ էր:Ինչպիսի՞ փոփոխություններ են հնարավոր միջազգային հարաբերություններում, ի՞նչ միտումներ են թափ հավաքում. ըստ yerkir.am-ի՝ վերլուծում է «Վզգլյադ» թերթը:
Աշխարհը հետևում է կորոնավիրուսի տարածմանը ուղիղ հեռարձակման ռեժիմով: Երբ 2003-ին մոլեգնում էր ատիպիկ թոքաբորբը, իսկ 2009-ին՝ խոզի գրիպը, մարդկությունը դեռ այսքան «միասնական» չէր. համացանցի հասանելիությունը համատարած չէր, առցանց կյանքն էլ բնականոն չէր Երկիր մոլորակի բնակիչների մեծ մասի համար:
Իսկ ներկայումս ինչպես հիվանդության բռնկմանը, այնպես էլ դրան արձագանքին հետևում է ամբողջ մարդկությունը, ինչն էլ մի մասի մոտ խուճապային տրամադրություններ է առաջացնում, դա էլ իր հերթին ազդում է մյուսների ու իշխանությունների գործողությունների վրա: Կարանտինային և սահմանափակող միջոցառումներն էլ հանգեցնում են համաշխարհային տնտեսության անկմանը, որն արդեն սկսվել է, սակայն դեռ անվերադարձ բնույթ չունի:
Երկրները մեկուսանում են միմյանցից, իսկ գլոբալացումը մի մասն անիծում է, մյուս մասը՝ համարում պանդեմիայի դեմ պայքարի միակ միջոց: Ամեն դեպքում՝ որոշ ժամանակ անց ճգնաժամը կավարտվի: Ենթադրենք ամռանն արդեն պանդեմիան կընկրկի, և երկրները կսկսեն դասեր քաղել այն ամենից, ինչ եղել է դրա դեմ պայքարի ընթացքում:
Արդեն հասկանալի է, որ գլոբալացումը, որի ճգնաժամի մասին վաղուց էին խոսում ինչպես դրա հակառակորդները, անպես էլ կողմնակիցների մի մասը, չի դիմանում մարդկության դեմ ուղղված իրական սպառնալիքներին, այլ միայն խորացնում է դրանք: Եվ բանը միայն ինքնաթիռների ուղևորների կողմից կորոնավիրուսի արագ տարածումը չէ, այլ այն, որ դրա դեմ պայքարի ոչ մի համամոլորակային ծրագիր գոյություն չունի:
Իսկ գլոբալացման գլխավոր արժանիքը, ըստ նրա կողմնակիցների, հենց սպառնալիքների ու մարտահրավերների դեմ՝ սով, հիվանդություններ, պատերազմներ (այլմոլորակայինների հարձակումն էլ՝ ըստ նախասիրությունների), մարդկության ուժերի համախմբման մեջ է: Միասնական համաշխարհային կառավարություն, իմաստունների կամ մարդկության ամենազարգացած հատվածի իշխանություն՝ կարևոր չէ, թե որը, բայց այդ վերնախավը, ըստ գլոբալացման գաղափարի, ամուր ձեռքով մարդկությանը պետք է դուրս բերեր բոլոր փորձությունների ու փոթորիկների միջից ու տաներ դեպի թվային, բազմամշակութային, հետհումանիստական ապագա: Ոչ մի նման բան չի դիտարկվում վերջին ամիսներին: Նույնիսկ գլոբալացման ավանգարդը, դրա հեղինակը՝ ատլանտյան Արևմուտքը, մեկուսացել է Եվրոպայից, Եվրամիություն էլ, որպես այդպիսին, չկա, գործողությունների դաշտը զիջել է ազգային կառավարություններին:
Բնականաբար, գլոբալացման կողմնակիցների տեսանկյունից, դա տեղի է ունենում այն պատճառով, որ այն ոչ թե վատն է կամ թույլ, այլ՝ փոքր ու դեռևս ոչ կատարյալ: Սակայն Արևմուտքում ապրող մարդկյանց մեծ մասի եզրակացությունն է՝ միայն ազգային պետությունը կարող է պաշտպանել իր քաղաքացիներին աղետներից, իսկ վերազգային կառույցները կեղծ են ու ձրիակեր: Մնացած աշխարհում էլ ինտեգրման նկատմամբ վերաբերմունքը մոտավորապես նույնը կլինի՝ ինչի՞ համար են վերազգային կառույցները, եթե ճգնաժամի ընթացքում ոչինչ անել չեն կարող:
Հնարավոր է նաև հակառակը. գլոբալացման կողմնակիցները, դասեր քաղելով պանդեմիայից, համոզում են բոլորին, որ բոլոր հիմնախնդիրների պատճառն այն է, որ գլոբալացումը պակաս է եղել, և հարկավոր է ամբողջ մարդկությանն իրապես միասնական դարձնել:
Սակայն Եվրոպայում ազգայնականության հեղինակության աճն ավելի հավանական է: Հաշվի առնելով այն, որ այնտեղ արդեն վերջին տարիներին փախստականների հետ կապված ճգնաժամի ֆոնին էին աճում դժգոհությունները եվրաինտեգրումից և ազգային ինքնության «լղոզումից», ազգայնականները կարող են իշխանության գալ, իսկ որտեղ դա դեռ հնարավոր չէ, օրինակ՝ Գերմանիայում, կխորանա իշխող կուսակցությունների ճգնաժամը:
Կորոնավիրուսային ճգնաժամից մյուս եզրակացությունը նույնպես ակնառու է. այսպես կոչված՝ ավտորիտար համակարգերն ավելի արդյունավետ են ազատականներից: Չինաստանը, որը կորոնավիրուսի աղբյուրն է, իր պետական ու հասարակական կառուցվածքով բավական արագ կասեցրեց վիրուսի տարածումը: Ընդ որում՝ կարևոր է ոչ միայն այս կամ այն ազգի կազմակերպվածության մակարդակը, այլ նաև նրա պետության սոցիալ-տնտեսական կաթուցաձևը: Պետական վերահսկողություն, պետական սեփականություն, պետականորեն կազմակերպված բժշկություն՝ ահա, թե ինչին ուշադրություն կդարձնեն նրանք, որոնց մինչ այդ բավականացնում էին շուկայի անտեսանելի ձեռքի մասին հեքիաթները: Դա կհանգեցնի սոցիալիստների հեղինակության աճին:
Առանձին թեմա է խուճապային և գաղտնագիտական «տեղեկատվության» մեծ քանակը: Տեղեկատվական պատերազմի ակնառու օրինակ է, թե ինչպես կարելի է մի երկրի կամ գաղտնի ուժերի մեղադրել «կենսաբանական զենքի» ստեղծման ու տարածման մեջ:
Կորոնավիրուսը կազդի նաև ուժերի համաշխարհային հավասարակշռության վրա, առաջին հերթին՝ չինական ծագման պատճառով: Կորոնավիրուսը չինատյացություն սերմանելու համար կիրառելու փորձերը չի կարելի հաջողված համարել: Այո, որոշ երկրներում նախնական շրջանում չինացիների հանդեպ վախ կար, սակայն հետագայում, երբ աշխարհը տեսավ, որ Չինաստանի աննախադեպ գործողությունների արդյունքում վիրուսը «փակվեց» Ուհանում, և հիվանդներին հաջողությամբ բուժում են, այդ վախերը վերացան: Դրա փոխարեն մեծացավ հարգանքը չինական պետության ուժի և հնարավորությունների նկատմամբ՝ հատկապես եվրոպական պետությունների իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ ուշացած գործողությունների ֆոնին: Արդյունքում՝ Եվրոպան, ցուցադրելով ԵՄ միասնության թուլությունը, կորցնում է համաշխարհային կշիռը, իսկ Չինաստանը մեծացնում է իր ազդեցությունը:
ԱՄՆ-ում էլ ուժեղանում են Թրամփի ազգայնական-հակագլոբալիստները, ինչը նրան նոյեմբերին վերընտրվելու հնարավորություն կտա:
Սահմանների փակումը, ինչպես նաև «համաշխարհային ֆաբրիկա» Չինաստանում տարատեսակ արտադրությունների վիճակը այլ պետությունների կստիպեն վերանայել և բարձրացնել անվտանգության շեմը: Ամենափոքր հնարավորության դեպքում նրանք կձգտեն կենսական կարևոր նշանակություն ունեցող արտադրությունները տեղափոխել սեփական երկրներ: Ոչ ոքի չի հետաքրքրում, թե որտեղ են կարվում ջինսերը՝ Եթովպիայո՞ւմ, թե՞ Բանգլադեշում, սակայն բոլորին արդեն անհանգստացնում է դեղամիջոցների ու բժշկական սարքավորումների մշակման ու արտադրման վայրը, իսկ դա գիտություն է և բարձրտեխնոլոգիական արդյունաբերություն՝ այն, ինչը որոշում է իրապես մեծ տերության ուժն ու կարգավիճակը՝ սեփական սահմանների, դրամական համակարգի, սննդի անվտանգության վերահսկողությանը զուգահեռ: