Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Yerkir.am-ի զրուցակիցն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանը:
- Դեռ 1994-ին տված հարցազրույցում ասել եք, թե «այսօր դժվար է արվեստագետի համար»: 20 տարի է անցել, բայց այսօր էլ է դժվար արվեստագետի համար: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում:
-Գիտեք` արվեստագետի համար միշտ էլ դժվար է' անկախ հասարակական ու քաղաքական հանգամանքներից: Արվեստագետն ունի իր խնդիրը, որը միշտ հանդիպադրվել է այս կամ այն խոշոր ու մանր երեւույթներին: Արտաքուստ թվում էր, թե համեմատաբար ավելի խաղաղ պայմաններ էին խորհրդային տարիներին, հատկապես` 70-80-ականներին, բայց այնտեղ էլ ուրիշ արգելք կար` այն ժամանակ էլ ներքին վերահսկողությունը, կարծես, հաստատուն տեղ էր գրավում եւ խոչընդոտում էր ազատ ու անկաշկանդ արտահայտվելուն: Բայց, մյուս կողմից, ազատ ու անկաշկանդ արտահայտվել ուզողն անպայման իր գործն անում էր: Նույնիսկ, այսպես ասած, արտաքուստ ավելի բարենպաստ թվացող պայմաններում արվեստագետի աշխատանքը դժվար է, քանի որ ստեղծագործական աշխատանքը կռիվ է ինքդ քեզ հետ, եւ այդ կռվում պետք է կարողանաս արտաքին հանգամանքները հեռացնել քեզնից:
-Հաջողվո՞ւմ է այդ արտաքին հանգամանքները հեռացնել, թե՞ քանի գնում' ավելի դժվար է լինում դրան հասնել:
-Ինձ օգնում է փորձը: Կենցաղից, արտաքին աշխարհից պետք է ազատվես ստեղծագործելիս, կենցաղով չես կարող ապրել: Տարիների փորձը, տարբեր իրավիճակներում գտնվելու հանգամանքը մարդուն կոփում են, օգնում, որ մարդը կարողանա իր գերագույն կամ հիմնական անելիքը որոշակիորեն տարբերակի մյուս երեւույթներից: Կենցաղից ամբողջովին ազատված չես, երբեք մինչեւ վերջ չես մոռանում այդ մասին, բայց պետք է նվազագույնի հասցնել կապը, կապվածությունը:
-Բոլոր ժամանակներում էլ մտավորականներն իրենց կշիռն ունեցել են, բայց այսօր, կարծես, ինչ-որ բան էն չէԼ Մտավորականը հասարակության կողմից հարգանքի կարիք չունի՞:
-Այո, բայց ոչ թե անհատի մեջ է խնդիրը, այլ հասարակության: Երբ հասարակությունը դադարում է ապրել հոգեւոր արժեքներով, եւ առօրյան ամբողջությամբ կլանում է մարդուն իր ճիրանների մեջ, այստեղ, իհարկե, տուժում է մարդու հոգեւոր պահանջմունքը, հոգեւորը սեղմվում եւ մղվում է հետին պլան: Մարդկային, բարոյական բոլոր այն պահանջները, որ հարկավոր են մարդուն` ավելի քաղաքակիրթ աշխարհ մտնելու համար, նվազում են այս ամենի հետեւանքով: Հասարակությունն այս ամենից ավելի է տուժում, քան անհատը: Անհատը, վերջին հաշվով, կարող է ամփոփվել, առանձնանալ եւ իր կարեցածի չափով իր անելիքն անել: Սա նաեւ պետության մտահոգության առարկան պետք է դառնա, եթե ուզում էր, որ իր հասարակությունը քաղաքակիրթ դեմք ձեռք բերի:
-Այսինքն' այն, ինչ այժմ անհատը ստեղծում է, հասարակությանն այնքան էլ մոտ չէ՞, քանի որ անհատը կտրված է հասարակությունից:
-Ես համաձայն չեմ այն մտքի հետ, թե արվեստագետի գործը պետք է տվյալ ժամանակաշրջանի արտացոլանքը լինի: Արվեստագետի խնդիրն ու առաքելությունն, իմ կարծիքով, առավել է' աշխարհն ու մարդկանց դարձնել ավելի մարդկային եւ բարոյական: Անպայման չէ, որ խոտոր երեւույթներն արտացոլվեն արվեստի մեջ, արվեստագետի խնդիրն այդ ամենից վեր կանգնելն ու օգնելն է մարդուն, ոչ թե իջնելու այդ մակարդակին: Արվեստագետը պետք է իդեալը ցույց տա, բայց այդ իդեալը մեր օրերում կամ ուրիշ օրերում չի պատահում, իդեալը մարդու մեջ է: Իդեալը մարդկային ձգտում է' ապրելու համար ավելի ճիշտ աշխարհ «ստեղծել», որքան էլ այն հեռու կամ անհասանելի թվա:
-Նկատե՞լ եք' կարեւոր մարդիկ, կարծես, լուսանցքում են հայտնվել:
-Այո, դա մեր ժամանակը բնորոշող կողմերից մեկն է: Արվեստագետի խնդիրը հասարակության բարոյական առողջացումն է: Պատմության ընթացքում լինում են շրջաններ, երբ մարդիկ, ոսկու հեւքով տարված, ոսկի որոնողներ են դառնում' ժամանակի հրամայականը լքելով: Սակայն, մյուս կողմից, մեր պատմության մեջ հանդիպում ենք այնպիսի դրվագների, երբ մենք ավելի ծանր ու սոսկալի օրեր ենք ապրել, բայց անդավաճան մնացել քրիստոնեական սկզբունքներին ու արհամարհել նյութականը:
-Փաստորեն, կարեւոր մարդիկ լուսանցքում են' բավական չէ, ընչաքաղցությունն առաջին պլա՞ն է մղվել:
- Մարդկանց մոլուցքը դեպի նյութականը, պաշտոնը, իշխելու ցանկությունը շարունակում է ճնշում գործադրել հոգեւոր երեւույթների վրա: Արվեստագետը դրա համար էլ հաճախ կարող է հայտնվել լուսանցքում: Դժբախտաբար, ընչաքաղցությունն ու իշխելու մոլուցքն այսօր չեն վերահսկվում պետության կողմից, եւ ամենուրեք մենք տեսնում ենք անարդարություններ, հասարակական կյանքում բարոյականության անկում: Ուղղորդված ու կազմակերպված հասարակության պահանջն է այսօր, որ, ցավոք, չի իրականանում: Երբ հասարակությունը կազմակերպված է, եւ այն կազմակերպող ուժը նաեւ իշխանություն է դառնում, այդ դեպքում սոցիալական պայմանները չեն սրվում այն աստիճան, որ դրանք պատճառ դառնան մարդկանց կողմից առավել բարձր արժեքների անտեսմանն ու ոտնահարմանը: Մենք չենք կարողանում մեր անկախությունը գնահատել: Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, մտահոգիչ է' փոխանակ լիներ ներգաղթ, մարդիկ գնում ու գնում են, սփյուռքի գաղթօջախներում մեր հայրենակիցների վիճակը նույնպես մտահոգիչ է:
Կարինե Հարությունյան