Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայոց ցեղասպանության վերապրող, հայ մեծանուն վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպիչ, արևմտահայության գլխավոր ջարդարարներից Թալեաթ փաշայի գնդակահարման 99-ամյակի առիթով Yerkir.am-ը ներկայացնում է մեծ հայորդու վերհիշումներից մի հատված: Հուշագրության սույն հատվածում ներկայացվում են ճակատագրական այդ օրը՝ 1921 թ. մարտի 15-ին, իրականացված գործողությունները, որոնց արդյունքում՝ Բեռլինի Հարդենբերգ փողոցի թիվ 17 տան առջև ոչնչացվեց թուրք ջարդարարը:
«...Առավոտը սովորականից շուտ ելա. արևի շողերն արդեն հասել էին դիմացի շենքի պատուհանին: Հազիվ էի ավարտել թեյս և ուզում էի բազկաթոռը մոտեցնել պատուհանի եզրին, երբ հանկարծ դիմացի շենքի պատշգամբում տեսա Թալեաթին: Քարացա. նա՞ էր արդյոք: Այո՛...
Նա մեկ-երկու քայլ առաջ եկավ, ուշադիր զննեց մայթը՝ նախ վեր, ապա վար ու կարծես ինչ մտքերի ծանրության տակ գլուխը կախեց: Ըստ երևույթին թեթև չէր կյնաքը, գործած անապատում ոճիրից հետո: Համենայն դեպս, թեև անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ՝ Պոլսի Պատերազմական ատյանի և Հայ Յեղափոխական Դաշնակցության: Առաջինը նրա համար, հավանաբար, ուներ բարոյական նշանակություն. Փոխանակ վեր հանելու իր «ազգանվեր» մեծ գործը, հարազատ երկրի մեջ հարազատները դատապարտում էին նրան մահվան, իբրև սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ «թյուրիմացությունը» պարզել. ապագա սերունդները կհասկանային կատարված գործի արժեքը, եթե... Եթե չլիներ Հ. Յ. Դաշնակցության դատավճիռը: Այնուամենայնիվ, չկարողացավ այդ կուսակցության բոլոր ղեկավարներին բնաջնջել: Բայց ո՞վ մնաց իր ճանաչածներից: Փաստորեն մեկ հոգի – Գարեգին Փաստրմաճյանը: Չէ՞ր հիշում արդյոք իր վերջին զրույցը նրա հետ...
Լծակի պէս հաստ դաստակը վեր տարավ, ձեռքով ճակատը շփեց, ներս մտավ: Նայեցի ժամացույցին. 10 էր, Ուհլանտ գնալու սովորական իր ժամը: Զենքը առա վրա, պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ և փղի պես ծանրորեն սկսեց վար իջնել: Երբ դուրս ելա փողոց, դիմացի մայթով արդեն բռնել էր Ուհլանտի ուղին: Ստոր դատողությունն ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռիցս, բայց և հուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ:
- «Հասի՛ր, վազի՛ր. Անցի՛ր մյուս մայթը, ու շեղակի կռնակից, մեջքի՛ն, գլխի՛ն, շու՛տ, անցի՛ փողոցը»...
Մայթից իջա փողոց՝ հետևն անցնելու համար, բայց մի բան հետ մղեց ինձ. հազար անգամ պարզված բացորոշ բանը այդ պահին մեկենիմեկ կասկածելի թվաց. Նա՞ է արդյոք...
- «Անցի՛ր դիմացը, դիմա՛ցը, դիմա՛ցը, ուղղակի ճակա՛տին, շու՛տ, շու՛տ, շու՛տ, վազի՜ր»...
Դիմացի մայթով հավասարվեցի նրան, արագ քայլերով բավական առաջացա. Անցա նույն մայթը, որտեղից գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով՝ ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած՝ զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ...
Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն. ապա սղոցված կաղնու բնի պես երեսի վրա տապալվեց թնդյունով...
Քիչ դենը մի կին ճչաց ու գետին փռվեց. մի մարդ վազեց դեպի նա... Բնավ չէի կարող երևակայել, որ այդպիսի դյուրությամբ գետին պիտի փռվի գազանը: Մի վայրկյան մղում ունեցա բոլոր գնդակները պարպելու մեջքին, բայց փոխանակ կրակելու՝ ատրճանակս նետեցի: Սև, թանձր արյունը վայրկենապես լճացավ Թալեաթի գլխի շուրջ. կարծես ջարդված անոթից մազութ էր դուրս թափվում...
- Մարդ սպանե՜ց, լսեցի...
Նայեցի վեր, վար, դիմացը, ամեն կողմ մարդիկ կանգնած՝ նայում էին ինձ...
- Մա՜րդ սպանեց, բռնեցե՛ք, ճչաց մեկը՝ ցանցաձև պարզելով դեպի ինձ ձեռքերը...
Բայց լճացող արյունը կարծես դյութել էր ինձ»:
Սողոմոն Թէհլիրեան, վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), գրի առավ Վահան Մինախորեան, Բ. Տպագրություն, Գահիրէ, 1956, էջ 306-308: