կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 17:52
Հասարակություն

Սողոմոն Թեհլերյանի եւ Նիկոլ Դումանի ձեռագիր նամակները՝ նվեր ՀՅԴ պատմության թանգարանին

Հայ Յեղափոխական Դաշնակցության պատմության թանգարանը բացառիկ նմուշներ է նվեր ստացել։ Պատմաբան, ՀՅԴ արխիվների գլխավոր հետազոտող Երվանդ Փամբուկյանը հավաքել, թանգարանին է հանձնել Նիկոլ Դումանի ձեռագիր նամակների բնօրինակները։ 

«24 նամակ, որոնք Նիկոլ Դումանը գրել է իր ծանոթներին, բարեկամներին։ Արաբյանները, որոնց գրել է Նիկոլ Դումանը, պահել են այդ նամակները, եւ նրանց մահից հետո բարեկամը հանձնել է Կահիրեի «Հուսաբեր» պարբերականի խմբագրություն։ Խմբագրությունը նամակները պահպանել է, ավելին՝ հոդված գրել այն ստանալու մասին։ Երկար ժամանակ ես փնտրում էի բնագրերը։ Եգիպտոսում խառը տարիներ էին, այդ նամակները չէի գտնում ո՛չ ՀՅԴ Կենտրոնական արխիվում՝ Բոստոնում, ո՛չ Կահիրեում։ Հանկարծ իմացա, որ դրանք մեր ընկերներից մեկի՝ դոկտոր Սուրեն Բայրամյանի մոտ են: Նա ինձ 9 տարի առաջ նամակների պատճենը տրամադրեց, ապա իմ խնդրանքով եւ իր համաձայնությամբ նամակները հանձնվեցին ՀՅԴ Երեւանի թանգարանին»,- Yerkir.am-ին պատմեց ՀՅԴ արխիվների գլխավոր հետազոտող, խմբագիր Երվանդ Փամբուկյանը։

Նիկոլ Դումանը, Երվանդ Փամբուկյանի խոսքով, այս նամակները Արաբյաններին է ուղարկել եգիպտական Հելվան քաղաքից, որտեղ գնացել էր բուժման նպատակով։ Նամակագրությունը Արաբյանների եւ Նիկոլ Դումանի միջեւ շարունակվել է նաեւ 1910-1912թթ․։ Նամակները բոլորովին վերջերս լույս են տեսել նաեւ առանձին գրքում։

ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը Yerkir.am-ին ասաց՝ այս նամականին թանգարանի եւ հայոց պատմության համար մասունքի արժեք ունի։

«Առաջին դեպքը չէ, որ Երվանդ Փամբուկյանը թանգարանը հարստացնում է Դաշնակցության պատմության մասունքներով։ Մենք շատ քիչ բան ունենք Նիկոլ Դումանից։ Թանգարանը այս մասունքներով հարստանում է, եւ հարստանում է հայ ժողովրդի պատմությունը, որին նվիրված օգնում է Երվանդ Փամբուկյանը»,- նշեց Անուշ Ամսեյանը։

Երվանդ Փամբուկյանը թանգարանին հանձնեց նաեւ Սողոմոն Թեհլերյանի ձեռագիր թղթածրարը։ ՀՅԴ արխիվների հետազոտողը Yerkir.am-ին ասաց, որ այդտեղ կա 32 նամակ:

«Այս նամակները Սողոմոն Թեհլերյանը գրել է Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքից։ Այս նամակները 1951-1953 թվականներին են վերագրվում, երբ Կահիրեի «Հուսաբեր» օրաթերթը հրատարակության էր պատրաստում Սողոմոն Թեհլերյանի հուշերը Թալեաթ փաշայի ոչնչացման մասին։ Մենք դրա հարյուրամյակն ենք ապրում, եւ այդ առիթով նպատահարմար գտա, որ այս նամակները հանձնվեն ՀՅԴ Երեւանի պատմության թանգարանին»,- նշեց Փամբուկյանը։

 Մանրամասն՝ տեսանյութում