Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետությունում վարակի դեպքեր գրանցած կորոնավիրուսի, դրա հետ կապված մի շարք արտակարգ միջոցառումների և երեխաներին վարակից զերծ պահելու մասին Yerkir.am-ը զրուցել է մանկաբույժ, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի Վերակենդանացման, անհետաձգելի բուժօգնության ամբիոնի վարիչ Արթուր Մարտիրոսյանի հետ:
-Պարոն Մարտիրոսյան, կորոնավիրուսն արդեն համարվում է համաշխարհային համաճարակ, թվում է՝ թափ է առնում նաև Հայաստանի Հանրապետությունում: Վտանգված են նաև երեխաները. ի՞նչ է հարկավոր նրանց վիրուսից հեռու մնալու համար:
-Ժնևում կորոնավիրուսի պանդեմիա հայտարարվեց, մենք էլ հիմա ունենք մեր կատարվելիք գործողությունների շրջանակը, որը պետք է խստորեն իրականացվի, որպեսզի խուճապը չանի իր գործը:
Դրա համար հենց երեկ հայտարարվեց, որ նախադպրոցական, դպրոցական և ուսումնական հաստատությունները փակվում են՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով, բայց թե ինչքան ժամանակով, կորոշվի կառավարության նիստում:
-Մարտի 1-ին հայտարարվեց վիրուսի առաջին դեպքի մասին, որից հետո բոլոր ուսումնական հաստատությունները 7 օրով փակվեցին, այնինչ այդ վիրուսի ինկուբացիոն շրջանը 14 օր է: Ի՞նչ տրամաբանությամբ փակվեցին ուսումնական հաստատություները հենց 7 օրով, եթե անհրաժեշտ է 14 օր:
-Դեռ փետրվարի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեցի, որ անհրաժեշտ է խուսափել մարդաշատ վայրերից, հանդիպումներից և պահպանել շնչական հիգիենայի տարրական կանոնները: Կարծիք հայտնեցի որ գոնե մի 10-15 օր անհրաժեշտ է ընդհատել ուսումնական պրոցեսները: Վիրուսի ինկուբացիոն շրջանը մինչև 15-25 օր է: Իսկ թե ինչու 7 օրով փակվեցին, պետք է հարցնել իրավասու անձերին, որոնք այդ որոշումը կայացրել են:
-Որոնք են ծնողների՝ երեխաներին վիրուսից պաշտպանելու առաջնային անելիքները:
-Երեխաները, եթե արդեն տանն են, կգտնվեն հարաբերական իզոլացման մեջ և ավելի ապահով կլինեն: Պետք է.
1. Խուսափել բոլոր միջոցառումներից (հանդեսներ, ծննդյան տոներ և այլն),
2. Կիրառել հասարակ հիգիենիկ միջոցառումներ՝ տուն մտնելուց հետո ձեռքերը լվանալ, զուգարանից օգտվելուց հետո լվացվել, ձեռքերով չտրորել աչքերը, խուսափել ձեռքերը պարբերաբար քիթը, բերանը տանելուց, դրսի կոշիկներով չմտնել սենյակներ, որտեղ երեխաներն են,
3. Հաճախակի օդափոխել սենյակները, կատարել խոնավ մաքրում թույլ ժավելաջրով կամ որևէ ախտահանիչ լուծույթով (տան դռան բռնակներ, սեղաններ, հատակ, համակարգչի ստեղնաշար և մյուս մակերեսներ),
4. Անհրաժեշտ է 15-20 րոպեն մեկ տալ ջուր երեխաներին (և ծնողները նույնպես) կում անելու ձևով, որպեսզի որպեսզի լորձաթաղանթը միշտ մնա խոնավ, իսկ վիրուսներն անցնելով ստամոքս, քայքայվեն ստամոքսահյութից,
5. Ջերմության, հազի և որևէ այլ կլինիկական նշանների առկայության դեպքում երեխային առանձնացնել և անմիջապես դիմել տեղամասային մանկաբույժին:
Թերևս սրանք են այն հիմնական միջոցառումների ցանկը, որն անհրաժեշտ է պահպանել և մշտապես հետևել մասնագետների խորհուրդներին:
-Դեղատներում դիմակ և ախտահանող միջոցներ չկան: Ինչո՞վ է կարելի փոխարինել դրանք:
-Դեղատների մի զգալի մասում կա, ես ինքս այսօր, հատը 30 դրամով, Շրջանայինում գտնվող «Նատալի ֆարմի» դեղատնից գնել եմ 2 դիմակ, իսկ եթե դիմակ չեն կարողանում ձեռք բերել, կարելի է տանը ութ շերտ ծալված թանզիֆով պատրաստել, ոնց որ մենք էինք պատրաստում ուսանողական տարիներին, երբ չկար միանվագ գործածման դիմակ հասկացությունն անգամ: Պարզապես 4 ժամը մեկ բավական է այն լվանալ և արդուկել՝ նորից գործածելու համար:
Պետք է սպիրտով մաքրել ձեռքերը, եթե չկա՝ ալկո գել, կամ էլ օգտագործել թույլ ժավելաջրի լուծույթը: Սենյակների բռնակներին ամրացնել ժավելաջրով թրջված թանզիֆի կտորներ, որոնք դրանք պարբերաբար կխոնավեցնեն այդ լուծույթով:
-Դիմակները, վերջիվերջո, մարդուն ապահովու՞մ են վարակի՞ց, թե՞ ոչ:
-Դիմակներն անհրաժեշտ են, որպեսզի հիվանդ մարդու արատաշնչած օդի մեջ պարունակվող վիրուսը չտարածվի շրջապատում: Այն ավելի շատ պետք է կրի հիվանդ մարդը, իսկ կորոնավիրուսը անթափանց է N 95 դիմակի կրելու դեպքում, որը մեր դեղատներում չի էլ վաճառվում: Բաց տարածքում առողջ մարդու կողմից դիմակ կրելը անիմաստ է, իսկ փակ տարածքներում, որտեղ կան մարդկանց կուտակումներ (հասարակական տրանսպորտ, ձեռնարկություն, բուժհաստատություն, հիվանդ մարդու խնամող անձ և այլն) ցանկալի է դիմակների կրումը՝ խուսափելու համար հնարավոր վիրուսային վարակներից (ոչ միայն կորոնավիրուսից): Որոշակի արդյունավետ է oքսոլինի քսուկը քթի լորձաթաղանթին քսելը, որը մոտ 60 տոկոսով կանխում է վիրուսի թափանցմանը բջիջների մեջ:
Կիրառելով վերոնշյալ միջոցները, դուք բավականին կիջեցնեք վիրուսային վարակներով հիվանդանալու ռիսկը ձեր և ձեր հարազատների շրջանում:
Գևորգ Գյուլումյան