կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-23 22:13
Քաղաքական

Քրեական գործ՝ «Հեղափոխության պահապանների» հրապարակած տեսանյութի հիման վրա

Քրեական գործ՝ «Հեղափոխության պահապանների» հրապարակած տեսանյութի հիման վրա

Yerkir.am-ը մարտի 12-ին տեղեկացրել էր, որ «Հեղափոխության պահապաններ» խմբի  անդամները, զինվորական հագուստներով, փնտրել ու գտել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական, իրենց խոսքով` հայհոյական արտահայտություններ թույլ տված տղամարդուն ու խմբով, սպառնալիքներ հնչեցնելով` պարտադրել էին վերջինիս ներողություն խնդրել։

Համացանցում տարածված տեսանյութից երևում էր, որ տարածքը մարդաշատ էր, «հեղափոխության պահապաններն» էլ չէին խորշում իրենց դեմքերը ցույց տալ ու հոխորտալ։

Yerkir.am-ի տեղեկություններով հրապարակման հիման վրա ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր էին նախապատրաստվում:

«Ստեղծված նյութերով Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննության»,-այա մասին 168.am-ին ասել են Ոստիկանությունից:  

Սույն հոդվածով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, անձը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: