Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Իտալիայում կորոնավիրուսի լավ տարածում գտնելու ֆոնին. հայտնում է Yerkir.am-ը:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»:
Նշենք՝ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարություն է տարածել առ այն, որ կորոնավիրուսի ֆոնին երկրի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվում, որոնք ուժի մեջ կմտնեն այսօր առավոտյան:
Հիշեցնենք՝ Իտալիան հայտնվել է աշխարհում 1-ին տեղում կորոնավիրուսից մահացության ցուցանիշուվ՝ այդ երկրում մահանում է վարակվածներից յուրաքանչյուր 20-րդը:
Մարտի 8-ին կորոնավիրուսից մահացածների թիվն երկրում կտրուկ աճել է՝ հասնելով 366-ի (7300 վարակվածի 4,96%-ը): Մեկ օրում 133 մարդ է մահացել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 10-ի ժամը 09.33-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 114.448 դեպք, որից 4026-ը՝ մահվան, և 64.156-ը՝ առողջացման:
Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: