կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 22:06
Աշխարհ

Իտալիա չմեկնել, իսկ այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ վերադառնալ. ՀՀ քաղավիացիայի կոմիտե

Իտալիա չմեկնել, իսկ այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ վերադառնալ. ՀՀ քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան։ Ըստ Yerkir.am-ի՝ հայտարարություն է տարածել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Հայտարարությունը՝ ստորև. 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան։
Իտալիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ միջոցառումների պատճառով Ռայանէյր ավիաընկերությունը որոշում է կայացրել կասեցնել բոլոր երկրներից դեպի Իտալիա ժամանող և Իտալիայից մեկնող չվերթերը։ Մասնավորապես, չվերթերը կասեցվելու են ս. թ. մարտի 14-ից սկսած (այսինքն վերջին չվերթը տեղի է ունենալու մարտի 13-ին) մինչև ապրիլի 8-ը (ներառյալ):

Ինչ վերաբերում է Իտալիա-Հայաստան ավիաչվերթին, ապա ընդգծենք, որ Ռայանէյր ավիաընկերության կողմից դեպի Հայաստան վերջին չվերթը տեղի ունեցավ այսօր ժամը 21:40: Հավանկանությունը մեծ է, որ այլ ավիաընկերությունները նույնպես նման քայլեր ձեռնարկեն և չեղարկեն թռիչքները Իտալիայից: Հետևաբար, կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան, քանի որ հետագայում հնարավոր է Իտալիայից մեկնող չվերթներ չլինեն:

Ռայանէյր ավիաընկերությունը կտեղեկացնի բոլոր տուժած ուղևորներին չեղարկումների և հաջորդ քայլերի մասին։

Նշենք, որ այն դեպքում, երբ ավիաընկերությունն է չեղարկում չվերթը, ուղևորներին պետք է առաջարկի այլընտրանքային տարբերակներ։ Ավիաընկերությունը կտեղեկացնի, թե ինչ հնարավորություններ կամ այլընտրանքային տարբերակներ են առաջարկվում։

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մարտի 10-ին գտնվել է Զվարթնոց օդանավակայանում, վերահսկել է Ռայանէյր ավիաընկերությամբ դեպի Իտալիա մեկնող և Իտալիայից ժամանող չվերթերը, տեղեկացրել COVID-19 կորոնավիրուսի վերջին զարգացումների մասին և հորդորել ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա»,- նշված է հայտարարության մեջ։