Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գիտխորհուրդը չհասկացավ, որ սա ազգային անվտանգության հարց է. հայկական ինքնության աղճատումը, նոր սերնդին առանց ինքնությունը կառուցող կարևոր բաղադրիչների մեծ կյանք ուղեկցելը լուրջ խնդիրներ է առաջացանում և՛ այդ մարդկանց և՛ պետականության համար: Նրանք ավելի շատ նախապատվությունը տվեցին իշխանությանը դուր գալու գաղափարին, քան՝ ազգային արժեքներին: Սրանից ավելի լուրջ բան չկա: Մենք լուրջ մտորելու տեղ ունենք»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵՊՀ գիտխորհրդի վերջին արտահերթ նիստին, ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
Մելքոնյանը հայտնում է, որ մինչ նիստի սկսվելն ինքը մոտավոր պատկերացնում էր՝ ինչ է տեղի ունենալու.
«Գիտխորհրդի նիստը, ճիշտն ասած, ինձ համար կանխատեսելիի սահմաններում էր: Ես այն երեք հարթության մեջ եմ դիտարկում.
Առաջին՝ կային մարդիկ, որոնք բարձրացված հարցին, այսինքն՝ հայագիտական առարկաների դասավանդման գերակայմանը կսատարեն լուռ կամ խոսքով, և այդպես էլ եղավ, մեկ-երկու նմանատիպ ելույթներ էլ եղան: Քվերակության ժամանակ էլ ակնհայտ դարձան այն մարդիկ, որոնց համար կարևոր է այդ առարկաների գերակայությունը:
Երկրորդ՝ ինձ համար հայտնի էր դեմ քվեարկող մարդկանց նախատրամադրվածությունը, որոնց գլխավորում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նա քննարկումը տարավ լրիվ սխալ ուղղությամբ կա՛մ միտումնավոր, կա՛մ իրոք չհասկանալով հարցի էությունը, փոխելով շեշտադրումները, իսկ երբեմն էլ շատ պարզունակ դատողություններ անելով: Դեմ քվեարկողների շարքերում, բնականբար, պետք է լինեին մարդին, որոնք պետք է հիմնավորում կամ արդարացում գտնեին իրենց այդպիսի քայլի համար: Այդ արդարացումներից մեկն էլ տարաբնույթ, կիսափիլիսոփայական հարցերն էին՝ թե ի՞նչ է նշանակում «գերակայություն», պետք է հստակ ֆիքսել դա, այլապես՝ մենք դեմ կքվեարկենք և այլն: Դա նույնն է, որ հարցնեին՝ ինչու՞ է աղմկում գետը, քանի որ գիտխորհրդում «գերակայություն» բառը բացատրել մարդկանց, որոնք տարիներով դեկաններ են և գիտության մեջ ունեն որոշակի վաստակ, կարծում եմ, տեղին չէր:
Երրորդը, բնականաբար հարմարվողականների շերտն էր, այսինքն մարդիկ, որոնք ուղղակի որոշեցին որևէ դիրքորոշում չարտահայտել և չքվեարկել, չմասնակցել քվեարկությանը կամ քվեարկությունից առաջ «հրատապ» գործեր ծագեցին նրանց մոտ և հեռացան»,- տեղի ունեցածը մեկնաբանում է բանախոսը:
Ռուբեն Մելքոնյանին մտահոգել է նաև գիտխորհրդի ուսանող անդամների դիրքորոշումը, որոնց մեծ մասը չէր ներկայացել գիտխորհրդի նիստին, ներկաներն էլ, բացի մեկից, կողմ չքվեարկեցին հայագիտությունը գերակա դարձնելու իր առաջարկին:
Նրա մոտեցմամբ՝ այդ նիստը շատ հարցերի պատասխաններ տվեց և՛ ներկայի, և՛ ապագայի համար.
«Այդ նիստը տխուր էր, բայց արտացոլում է այն պատկերը, որ տարիներ շարունակ ձևավորվել է ԵՊՀ-ում, ինչպես նաև համալսարանականների մի մասի այն մտայնությունը, որ պետք է սատարել բոլոր ժամանակների իշխանությանը, անկախ նրանից՝ դա ինչ իշխանություն է և ինչ է անում: Նրանց մոտ երբերմն-երբեմն նկատվում է, այսպես ասած, հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ձգտումներ: Ես, իհարկե, ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բոլորին էլ առանձին-առանձին հարգում եմ, խոսքս երևույթի մասին է, որոշ մարդկանց դիրքորոշման մասին է, որ շատ մտահոգիչ է»,- փաստում է նա:
Մելքոնյանը ևս մեկ անգատ ընդգծում է, որ իր առաջարկի մեջ ինքը որևէ անձական շահ չի հետապնդել, այլ առաջնորդվել է՝ սպասարկելով հայագիտության և ազգայինի շահերը:
«Այստեղ նեղ անձնական շահ չկար, ես նույնիսկ այստեղ կորպորատիվ շահ էլ չունեի, որովհետև եթե չդասավանդվեն հայոց լեզուն ու գրականությունը, պատմությունը, կավելանան մեր ֆակուլտետի մասնագիտական ժամերը, բայց գոյություն ունի ազգային մտածելակերպ, մոտեցում, որոնք պետք է ամենաբարձրում լինեն: Ես առանջնորդվում էի լավ քաղաքացու, ճիշտ քաղաքացու դաստիարակման տեսական հիմքերն ամրադպնելու ցանկությամբ, որովհետև լավ հայ քաղաքացին, լավ մասնագետը պետք է իմանա իր լեզուն, իր մշակույթը, իր պատմությունը, անկախ նրանից, նա ֆիզիկո՞ս է, միջազգայնագե՞տ, թե՞ աշխարհագրագետ»,- պարզաբանում է Ռուբեն Մելքոնյանը:
Զրույցի ընթացքում նա ևս մեկ անգամ հայտնեց, որ ինքը չի պատրաստվում Արևելագիտության ֆակուլտետի դասավանդման ծրագրից հանել հայագիտական արակաները, միաժամանակ գիտակցելով, որ դա հարցի լուծում չէ.
«Իմ ղեկավարած ֆակուլտետում ես կարող եմ որոշ քայլեր անել, որոշ քայլեր արդեն իսկ արված են, արվել են և արվելու են: Բայց ես դա համարում եմ կիսաքայլ, եթե ընդհանուր մթնոլորտն այդպիսին է, մի փոքր օջախում դա պահպանելը ինչ-որ սիմվոլիկ բան է պարունակում իր մեջ, բայց չի կարող գլոբալ խնդիր լուծել: Անպայմանորեն որոշակի քայլեր անելու եմ, սա այն հարթակն է, որտեղ չի կարելի նահանջել, անկախ այն հիասթափությունից, որ ես ապրում եմ գիտխորհրդի նիստից հետո: Ոչինիչ չի կարող կասեցնել, որ ազգային արժեքների, լավ քաղաքացի դաստիարակելուն միտված քայլեր անենք»:
Մելքոնյանը ողբերգական է համարում նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի գործունեությունը.
«Մեծ ողբերգություն է, որ մայր բուհի ռեկտորի աթոռն զբաղեցնող մարդը դեմ է կանգնում հայագիտությանն ու անսքող ուրախությամբ փաստում, որ հայագիտությունը գերակա դարձնելու նախագիծը չհաստատվեց:
Հայագիտության հասկացության մեջ մենք անպայմանորեն պետք է տեսնենք, մեր պետության անվտանգության հարցը, այո, սա ազգային անվտանգության հարց է: Մեր նման փոքր պետությունն ու ազգը, եթե հեռանում է իր ինքնությունից, դառնում է խիստ խոցելի և բնականաբար, մարտահրավերներին դիմագրավել չի կարող: Մի փոքրիկ օրինակ՝ այս գլոբալիզացիայի դարում ինչե՞րն են թիարախովորվում մեզ մոտ՝ ազգային արժեքներ, եկեղեցի, ընտանիք,լեզու, սովորություններ, և այլն, մի՞թե սա կարելի է պատահական համարել, նույնկերպ՝ մի՞թե կարելի է պատահական համարել, որ տարատեսակ ֆոնդերից ֆինանսավորվում են հատկապես այն ծրագրերը, որոնք գործում են թվարկվածների դեմ: Սա պայքար է: Թե մենք դրա որ կողմում պետք է լինենք, քննարկման ենթակա չէ, մենք պետք է լինենք մեր ազգային արժեքների կողքին, դա մեր և մեր սերունդների լինելիության միակ գրավականն է»,- նշում է բանախոսը:
Մելքոնյանից փորձեցինք ճշտել նաև այն հանգամանքի պատճառը, թե ինչո՞ւ են բնագիտական հոսքի ուսանողները հիմնականում դեմ հայագիտական առարկաների ուսուցմանը.
«Պատճառները շատ են, մեկը, օրինակ, մասնագիտությունից բխող թերագնահատումն է: Բացի այդ, նախարարությունն անըդհատ խոստանում է, որ դպրոցում վիճակը կբարելավվի, նրանք էլ մտածում են, որ իրոք, կբարելավվի: Բացի այդ անձնական, կորպորատիվ շահ կա, ֆակուլտետներում մտածում են, որ այդ ժամերը կուղղվեն մասնագիտական առարկաների դավաանդմանը: Դասավանդման ոչ լավ, հնացած մեթոդները, դասախոսական կազմի որոշ թերացումները նույնպես հանգեցրել են այս մոտեցմանը: Դա կարծրատիպ է ձևավորել: Այս խնդիրներն, ամեն դեպքում լուծելի են: Բայց այս մակերեսային խնդիրների պատճառով չի կարելի խփել խորքին»:
Ռուբեն Մելքոնյանն այս հարցի քննարկման համատեքստում հետաքրքրվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի փորձով, և զարմանքով բացահայտել, որ այնտեղի տնտեսագիտության ֆակուլտետում անցնում են անգամ ժամանակակից հայ գրականություն, ճիշտ է կամընտրական է, բայց նույնիսկ բիզնեսի ուղղությունն ընտրած մարդիկ ուսումնասիրում են հայ գրականության ժամանակակից փուլը:
«Նրանք ժամանակակից հայ գրկանություն ավելի լավ գիտեն, քան մայր բուհի որոշ ֆակուլտետներում, ԵՊՀ-ի որոշ ֆակուլտետներում նույնիսկ չի էլ դասավանդվում»,- զրույցը եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Մայրենի լեզվի օրը՝ փետրվարի 21-ին, ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստի ժամանակ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն առաջարկել էր գերակայություն տալ հայագիտական առարկաներին, որը մերժվել էր ձայների 30 դեմ, 13 կողմ հարաբերակցությամբ:
Գևորգ Գյուլումյան