կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-18 15:13
Հասարակություն

100-ից ավելի բժիշկներ Լոնդոնին հորդորել են դադարեցնել Ասանժի խոշտանգումները

100-ից ավելի բժիշկներ Լոնդոնին հորդորել են դադարեցնել Ասանժի խոշտանգումները

Ամբողջ աշխարհից հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել վերջ դնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի տառապանքներին և նրան որակյալ բժշկական օգնություն ցուցաբերել. գրում է՝ ՏԱՍՍ-ը՝ The Lancet բժշկական ամսագրին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ համապատասխան խնդրագիրը 18 երկրներից 117 բժիշկների ստորագրություններով տեղ է գտել ամսագրում:

Փաստաթղթում դատապարտվում Է Ասանժին որակյալ բժշկական օգնություն ստանալու իրավունքից զրկելը, ինչպես նաև «նրա նկատմամբ հոգեբանական խոշտանգումների գործադրումը», ինչն անցյալ տարի հաստատել է ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը:

«Եթե Ասանժը մահանա բրիտանական բանտում, ինչի մասին զգուշացրել է ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը, նրան փաստացի տանջամահ կանեն: Այդ խոշտանգումների մեծ մասը տեղի է ունենում բանտի բժշկական բաժանմունքում: Մենք կառավարությանը կոչ ենք անում վերջ դնել խոշտանգումներին ու նրան բժշկական լավագույն օգնություն ցուցաբերել»,- պարազաբանվում է հայտարարությունում:

Հիպոկրատի երդվյալների պնդմամբ՝ WikiLeaks-ի հիմնադիրն ունի ֆիզիկական և հոգեկան տարբեր խանգարումներ, այդ թվում՝ դեպրեսիա։

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին նրանք նամակ են հղել բրիտանական ՆԳՆ-ի ղեկավարին՝ խնդրելով Ասանժին Լոնդոնի բանտից տեղափոխել Բելմարշի համալսարանական հիվանդանոց, բայց այն անպատասխան է մնացել:

Հիշեցնենք՝ Wikileaks-ի հիմնադիրը 2010թ. Շվեդիայում մեղադրվել է սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ։ Նա 2012թ․ հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով արտահանձնումից։ 2019թ․ ապրիլի 11-ի առավոտյան նրան կալանավորել են ԱՄՆ-ի հայցով։ Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար եւ դատապարտել է 11 ամսվա բանտարկության։ Արտահանձնման վերաբերյալ լսումները սկսվել են մայիսի 2-ին։