Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Բաքվի ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակցությունների ժամանակ իսրայելական պատվիրակությունը պնդել է Սիրիայում թուրքական ռազմաբազաների ստեղծման անթույլատրելիությունը՝ դրանք ընկալելով որպես «կարմիր գծերի» խախտում: Թուրքական կողմն իր հերթին կոչ է արել Իսրայելին «անհապաղ դադարեցնել Սիրիայի վրա սադրիչ հարձակումները, որոնք սպառնում են երկրի տարածքային ամբողջականությանը եւ ապակայունացնում նրա անվտանգությունը», գրում է թուրքական Daily Sabah պարբերականը:
Թուրք-իսրայելական բանակցությունների մասին նախօրեին խոսել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Անկարան շահագրգռված չէ զինված դիմակայության մեջ մտնել տարածաշրջանի ոչ մի պետության հետ, իսկ հնարավոր հակամարտությունները կանխելու համար Նա առաջարկել է Սիրիայում հրեական պետության հետ կոորդինացիոն մեխանիզմ ստեղծել, որը նման է այն մեխանիզմին, որը Թուրքիան ունի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ: Ընդ որում՝ թւրք նախարարը նշել է՝ իսրայելական իշխանությունների հետ տեխնիկական բանակցություններն ուղղված չեն հարաբերությունների կարգավորմանը:
Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է՝ Ադրբեջանում անցած շաբաթ կայացած բանակցությունների ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները համաձայնության չեն եկել Սիրիայում՝ լարվածությունը կանխելու հարցում։ Երկու երկրների պատվիրակությունների միջեւ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ Հրեական Պասեք տոնից հետո, որը նշվելու է ամբողջ շաբաթ։ «Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների լրացուցիչ փուլը տեղի կունենա Պասեքից հետո․.. Նման որոշում է կայացվել երեկ կողմերի միջեւ տեղի ունեցած բանավեճի ընթացքում, որը տեղի է ունեցել Ադրբեջանում, այն բանից հետո, երբ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել Սիրիայում լարվածության եւ պատերազմը կանխելու միջոց գտնելու շուրջ», - ասվում է Kan կայքի հրապարակման մեջ:
Պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ Թուրքիան թույլ չի տվել իսրայելական պատվիրակությամբ ռազմական ինքնաթիռին թռչել թուրքական օդային տարածքով՝ Բաքու հասնելու ճանապարհին։ Արդյունքում ինքնաթիռը Թուրքիայի տարածքով արեւմուտքից անցել է Սեւ ծովով։ Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնել է՝ Թուրքիայի եւ Իսրայելի պատվիրակություններն առաջին հանդիպումն են անցկացրել Սիրիայում հակամարտությունները թույլ չտալու մեխանիզմի քննարկման շուրջ: Անկարայում ավելի վաղ հայտարարել էին, որ Թուրքիան եւ Իսրայելը հարաբերությունները պահպանում են միայն տեխնիկական մակարդակով, շփումները երբեմն պաշտոնական բնույթ չեն կրում։ Իսրայելը մեղադրում է Թուրքիային հարեւան Սիրիայում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու փորձերի եւ այնտեղ ռազմաբազաներ ստեղծելու մտադրության մեջ՝ հայտարարելով նման սցենարների անթույլատրելիության մասին: Նեթանյահուն հայտարարել է, որ կդիմի ԱՄՆ-ին, եթե Սիրիայի տարածքում Թուրքիայի հետ հնարավոր հակամարտության կարգավորման հարցում միջնորդական ջանքերի կարիք լինի: Իսրայելի իշխանությունները նաեւ բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա որեւէ զինված խմբավորումների հայտնվելը Սիրիայի հարավում: Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին ամիսներին բազմիցս հարձակվել են Սիրիայում ռազմական ենթակառուցվածքների վրա:
Ֆիդանը, ով նախկինում գլխավորում էր թուրքական հետախուզությունը, իր հերթին հայտարարել է՝ Անկարան տրամադրված չէ հակամարտության ոչ Իսրայելի, ոչ էլ Սիրիայի ցանկացած երկրի հետ:
2024ի դեկտեմբերին Ասադի ռեժիմի անկումից հետո Նեթանյահուն հայտարարել էր՝ Գոլանի բարձունքներում Սիրիայի հետ ուժերի անջատման մասին համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել 1973ի Դատաստանի օրվա պատերազմից անմիջապես հետո, ուժը կորցրել է, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը։ Նա նաեւ ընդգծել է՝ պաշտպանության նախարարի հետ եւ նախարարների կաբինետի լիակատար աջակցությամբ ՑԱԽԱԼ-ին հրաման է տվել զբաղեցնել սահմանազատման գոտին եւ այն վերահսկող դիրքերը: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է՝ իսրայելցի զինվորականները անորոշ ժամանակով կմնան Սիրիայի բուֆերային գոտում: Նեթանյահուի պնդմամբ՝ գործերի նման վիճակը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել Գոլանի բարձունքներում անվտանգությունն ապահովելու այլ միջոց:
Գոլանի բարձունքները մինչեւ 1967թ Սիրիայի կազմում էին։ Վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելական զորքերը գրավեցին այս տարածքը, 1973ի Դատաստանի օրվա պատերազմի արդյունքում կողմերը կնքեցին զինադադարի եւ զորքերի տարանջատման համաձայնագիր: 1974ին Գոլանի բարձունքներում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետերը։ Սահմանային գիծը սիրիական կողմից ստացել է «Բրավո» անվանումը, Իսրայելի կողմից անցնում էր «Ալֆա» գիծ։
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ռազմական բախումը չի բխում կողմերից որեւէ մեկի շահերից, կարծում է մերձավորարեւելյան հետազոտությունների կենտրոնի նախագահ Մուրադ Սադըգզադեն: Ասադի ռեժիմի տապալումից եւ Սիրիայից Իրանի հեռանալուց հետո երկրում առաջացած վակուումը սկսեց սրընթաց լցնել Թուրքիան։ Իսկ դա, փորձագետի խոսքով, արագացրել է տարածաշրջանային ուժերի կողմից Արաբական Հանրապետությունում իրենց սահմանները նշելու անհրաժեշտությունը։ Այսօր այդ երկրները փաստացի սկսել են Սիրիան բաժանել ազդեցության ոլորտների։
Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչների միջեւ բանակցություններում առեւտրի հիմնական առարկա կարող է դառնալ քրդական հարցը, ենթադրում է Դյուրեն։ Նրա կարծիքով՝ հենց Իսրայելի եւ ԱՄՆ – ի աջակցությունը Սիրիայի քրդերին հիմնական խթան է թուրքական կողմի համար։ «Անկարան մտավախություն ունի, որ այդ խնդիրը կարող է դուրս գալ վերահսկողությունից, իսկ տեղի քրդերը արտաքին ուժերի աջակցությամբ ձեռք կբերեն քաղաքական սուբյեկտայնություն։ Հենց այս հարցն է ստեղծում ռազմական բախման վտանգ։ Եթե կողմերը պայմանավորվեն այդ խնդրի շուրջ, ապա նրանք արագ ընդհանուր լեզու կգտնեն այլ թեմաների շուրջ», - կարծում է փորձագետը։
Դամասկոսն այս պահին ի վիճակի չէ կանգնեցնել երկրի փաստացի բաժանման գործընթացը ազդեցության ոլորտների, շարունակում է Սադիգզադեն։ Ու թեեւ Սիրիայի նոր իշխանությունները խիստ կախված են Թուրքիայից անվտանգության ոլորտում, նրանք, ըստ արեւալագետի, թուրքական խամաճիկներ չեն։
Նագելի կոմիտեի՝ Իսրայելի պաշտպանական ծախսերի ուսումնասիրման կառավարական հանձնաժողովի 2025ի հունվարի 6 - ի զեկույցում ասվում է՝ հրեական պետությունը «կարող է բախվել նոր սպառնալիքի, որը կառաջանա Սիրիայում», գուցե նույնիսկ ավելի վտանգավոր, քան իրանամետ կազմավորումների ակտիվությունը: Այդ սպառնալիքը, ըստ կառավարական փորձագետների, Սիրիայի պոտենցիալ վերածումն է սուննի արմատականների հենակետի, որոնք լիակատար կախվածության մեջ կմտնեն Թուրքիայից եւ կհրաժարվեն ընդունել «Իսրայելի գոյությունը»:
Թուրքական «պրոքսի»-ների ազատ ակտիվությունը Սիրիայի տարածքում կարող է հանգեցնել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ճակատային բախման, նախազգուշացրել են Նագելի կոմիտեում:
Իսրայելում իրենց համար ամենամեծ վտանգը տեսնում են Անկարայի եւ Դամասկոսի կողմից համատեղ պաշտպանական դաշնագրի մշակման մեջ։ Turkiye թերթի տվյալներով՝ այս նախագիծը նախատեսում է թուրքական ռազմական օգնության ավելացում եւ սիրիական տարածքում առնվազն երկու թուրքական ավիաբազա տեղակայել: Այս գործարքի քննարկումների շրջանակներում աշ-շարայի վարչակազմը խնդրել է մատակարարել առաջադեմ մարտական դրոններ, ՀՕՊ միջոցներ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ավիաբազաներին, Turkiye-ի տվյալներով՝ պետք է տեղակայվի առնվազն 50 F-16 կործանիչ, որպեսզի ապահովվի սիրիական օդային տարածքի պաշտպանությունը իսրայելական ավիացիայից:
Ըստ Reuters գործակալության՝ այս խորապատկերին Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ Սիրիայում թուրքական ակտիվությունը մարտահրավեր է նետում իր ազգային շահերին։ Գործակալության տվյալներով՝ այդ խորհրդակցությունների շրջանակներում Նեթանյահուի կառավարությունը փորձել է համոզել Վաշինգտոնին, որ Ռուսաստանի վերահսկողության տակ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման 720-րդ կետի եւ Լաթաքիայի նահանգի Հմեյմիմ ավիաբազայի պահպանումը, ի հեճուկս ԱՄՆ Կոնգրեսի անդամների բողոքի, հակակշիռ է թուրքական ազդեցության ամրապնդմանը:
Այսպիսով, այս պահին անկայուն հավասարակշռություն է ստեղծվել Սիրիայի բաժանման համար Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ մղվող պայքարի ընթացքում:
Հաշվի առնելով Թրամփի վարչակազմի հետ Իսրայելի ռազմավարական դաշինքը՝ Նեթանյահուի վարչակարգի Սիրիայում առկա դիմակայությունում հաղթելու շանսերը բարենպաստ են թվում:
Թիմուր Գարաեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի