կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 11:52
Տարածաշրջան

Թուրքիան և Ռուսաստանը չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել Սիրիայի շուրջ. ԱՄՆ-ն հրաժարվում է միջամտել

Թուրքիան և Ռուսաստանը չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել Սիրիայի շուրջ. ԱՄՆ-ն հրաժարվում է միջամտել

ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդատու Ռեբերտ Օ’Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ին դուր չի գալիս Սիրիայի Իդլիբ քաղաքում տեղի ունեցող զարգացումները:

«Իդլիբում վատ իրավիճակ է: Մենք ասել ենք ռուսներին ու թուրքերին, որ մեզ դա դուր չի գալիս: Բայց կախարդական փայտիկ չկա, որ դրան վերջ տանք», - հայտարարել է Օ’Բրայենը:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում իր զորքերով լուծել մի խնդիր, որը նրանք չեն ստեղծել: ԱՄՆ արտաքին քաղաքականության ղեկավար, պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր հերթին հայտարարել է, որ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջոֆրին ուղևորվել է Թուրքիա՝ սիրիական բանակի կողմից թուրքական զինուժի վրա հարձակումներին Անկարայի և Վաշինգտոնի պատասխանը կոորդինացնելու համար:

Թուրքիան դրանից առաջ հայտարարել էր, որ ակնկալում է ՆԱՏՕ-ի աջակցությունը՝ Իդլիբում ստեղծված լարվածության հետ կապված: Երկուշաբթի հայտնի էր դարձել, որ Սիրիայի օրինական կառավարության ուժերի կողմից արձակված հրետանային կրակի տակ էին հայտնվել թուրքական զորքերը, որի արդյունքում թուրքերն ունեցան 5 զոհ, 5 վիրավոր. դա վերջին երկու շաբաթվա ընթացքում նմանատիպ արդեն երկրորդ դեպքն էր: Դրան զուգահեռ Անկարայում թուրքական և ռուսական պատվիրակությունները բանակցությունների էին վարում սիրիական Իդլիբի շուրջ:

Բրիտանական Reuters գործակալությունն արդեն հայտնում է, որ Անկարայի բանակցություններն ավարտվել են և կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ Իդլիբի հարցում:

Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն էլ հայտարարել է, որ սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել 12 թուրքական դիտակետերից 4-ը, երկու ռազմական դիրքեր: Աքարը  նաև նշել է, որ չեն պատրաստվում իրենց զորքերը հեռացնել Սիրիայից:

Արաբական Sky News Arabia հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Թուրքիան դարձյալ նոր զորքեր է ուղարկում Սիրիա, ով վերջին շրջանում իրար հետևից գրանցում է հաջողություններ: