Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք է տրվում: Այս առնչությամբ հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Անընդունելի է մասնավոր հեռուստաընկերությունների դեմ հերթական արշավը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք է տրվում:
Ըստ նախագծի հիմնավորման, Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելը բխում է հանրային շահերից և նպատակ ունի նպաստելու Հանրային հեռուստաընկերության կողմից իր սահմանադրական առաքելության պատշաճ իրականացմանը, այն է՝ տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովումը: Լրացուցիչ՝ Հանրային հեռուստատեսությանը նաեւ ըստ էության, հնարավորություն է տրվել սպոնսորական հաղորդումներ հեռարձակել։
Քանի որ Հայաստանի գովազդային դաշտը սահմանափակ է, այս հնարավորությունը բերելու է այս դաշտի վերաբաշխման և կտրուկ հարվածելու է մասնավոր հեռուստաընկերություններին, որոնք չունեն պետբյուջեից ֆինանսավորում և աշխատում են բացառապես գովազդային գումարների շնորհիվ։ Հանրային շահ ասվածը տվյալ դեպքում չի կարելի մեկնաբանել այլ կերպ, քան գործող իշխանության շահ, և այլակարծության համար գործող հեռուստատեսությունների հնարավորությունների սահմանափակում։
Առանց այն էլ հսկայական բյուջետային միջոցների տնօրինող Հանրային հեռուստատեսությունը պարզապես կարիք ունի էֆեկտիվ կառավարման, և այդ դեպքում իր վարկանիշով չէր զիջի մի քանի անգամ ավելի պակաս ֆինանսավորում ունեցող մասնավոր հեռուստաընկերությունների։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մասնավոր հեռուստաընկերությունների դեմ հերթական արշավն անընդունելի է համարում։ Սա մասնավոր ընկերություններում հնչող այլակարծությունը և ազատ խոսքը ճնշելու հերթական քայլն է։ Մասնավոր հեռուստաընկերությունները, եթե կորցնեն առանց այն էլ սուղ գովազդային բյուջեի մի հատվածը մեծ հավանականությամբ կկրճատեն իրենց գործունեությունը։ Իշխանությունները մասնավոր ընկերություններին փորձում էին զրկել եթերից հանրային մուլտիպլեքսից օգտվելու հնարավորությունից զրկելով, բայց այդ ցանկությունը բախվեց հանրային և մասնագիտական քննադատությունների պատին և փշրվեց և ահա հերթական փորձը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ ֆիքսում է և հայտարարում, որ իշխանությունները մամուլի ազատության սահմանափակման հետեւողական քաղաքականություն են վարում»։