Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հասարակության գիտակից և, հուսով եմ, մեծամասնություն կազմող հատվածի համար ակնհայտ է և հասկանալի, որ հայատյացությունն Ադրբեջանում ոչ մի տեղ չի կորել, և ոչ միայն չի կորել, այլև պատերազմից հետո ավելի մեծ մասշտաբների է հասել, որովհետև նրանք պարտվածի բարդույթից ազատվեցին, և նրանց վարքագիծը շատ ավելի ագրեսիվ դարձավ, ատելության քարոզը շատ ավելի սաստկացավ, ինչը կարող ենք տեսնել և՛ Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական՝ արդեն գրոտեսկի հասնող ելույթներում, և՛ իրենց լոբբիստների շրջանակում, և՛ մամուլում, և՛, որպես հետևանք, արտացոլված նաև հասարակական մակարդակում», - «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ընդգծեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ այս պայմաններում անհրաժեշտ համարելով հայ հասարակության՝ զիջողի, վախեցածի և համակերպվողի արմատացող կեցվածքը փոխելը։
Այս առումով, սակայն, ըստ փորձագետի, հատկանշական է հենց Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որը, ցավալիորեն, համահունչ է Ադրբեջանի քաղաքականությանը։
«Տարիներ շարունակ մենք միջազգային հանրությանը փորձում էինք բացատրել, թե ինչու է մեզ համար բարդ, երբեմն՝ անհնարին Ադրբեջանի հետ համակեցությունը, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ դա ավարտվում է հայերի ջարդերով և բռնությամբ։ Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և մեր պետությունը միջազգային մակարդակում ներկայացնող անձանց հռետորաբանությունը շատ նման է, և մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը նրանք փոխանցում են նույն մեսիջները, որոնք չեն բխում հայ ազգի և մեր պետության շահերից։ Ադրբեջանի և մեր իշխանությունները, զուգահեռաբար, վարում են մեզ համար շատ վնասակար քաղաքականություն՝ մեր հասարակության ուղեղում «նստեցնելով» այն միտքը, որ հետևանքներն անխուսափելի են, և այն ամենը, ինչը կատարվեց, անվերադարձ է, ու ռևանշի, դեօկուպացիայի մասին մտքերը նույնիսկ հայ հասարակությունից պետք է արմատախիլ արվեն, մենք պետք է համակերպվենք այս իրականության հետ»,- ասաց փորձագետը։
Սա, ըստ նրա, հոգեբանական մեծ խնդրի է վերածվում, ինչը պետք է կանխել, քանի որ հարկավոր է նոր սերնդին ազգանպաստ դաստիարակություն տալ։ Ապատիայի փուլը, Անժելա Էլիբեգովայի խոսքով, պետք է փակել, չխոսել միայն կորուստներից և «անխուսափելի» իրականությունից, մտածել կորցրածը վերադարձնելու մասին։ Հասարակության հետ, ըստ նրա, պետք է խոսել։
«Հասարակության համար պետք է վերջապես հասկանալի լինի, թե ինչու են մեզ համար անընդունելի «Շուշին դժբախտ ու դժգույն էր», «Սյունիքը սովետական քարտեզներով Ադրբեջանինն է» անհեթեթ, անմարդկային հիմարությունները»,- ընդգծեց Անժելա Էլիբեգովան։
Ադրբեջանը, փորձագետի խոսքով, ցանկացած պարագայում է շարունակելու իր սադրանքները, և որքան Հայաստանը չհակազդի դրանց, այնքան դրանք շատանալու են մեր տարածքում, իսկ Ադրբեջանի ծրագրերն՝ ավելի լրջանալու։