Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 28-ին՝ Եռաբլուրում Yerkir.am-ի լրագրող Լիանա Սարգսյանի հարցին՝ «դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է», Փաշինյանը, պատասխանել է. «Մի րոպե, թղթի վրա գրեք մեջբերումը, իմ մեջբերումը կբերեք Դուք անձամբ՝ թղթի վրա, որ ես դա հայտարարել եմ, և ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»:
Լիանա Սարգսյանը հունվարի 29-ին՝ ընդունելով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանը, պաստառի վրա գրել էր վարչապետի ԱԺ ամբիոնից հնչեցրած միտքը՝ «ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով» և մոտեցել էր կառավարության շենքին, որտեղ բողոքի ակցիա էին իրականացնում նաև նոյեմբերի 9-ի համաձայնագրի արդյունքում տները կորցրած քաշաթաղցիները։
Լիանա Սարգսյանը 20 րոպե ժամանակ էր տվել վարչապետին, որպեսզի վերջինս կատարի իր խոստումը։ Այդ ընթացքում կառավարության շենքին են մոտեցել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները և հարձակվել են լրագրողի վրա՝ հրելով խլել պաստառն ու պատռել այն։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խոսեց Լիանա Սարգսյանի հետ, որն իր խոսքում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն՝ իր կարծիքով, ուղղորդված էին այնտեղ գտնվում և ուղղորդված էլ հարձակվել են իր վրա։ Նա նաև հավելեց, որ միջադեպից հետո, ոստիկաններն ընդունել են, որ լրագրողի վրա հարձակվողը փաստացի վնասել է Լիանային պատկանող գույքը և առաջարկել են ոստիկանությունում դիմում գրել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ խոսքի ազատության դեմ անհանդուրժողականությունը մեծացել է, և նմանատիպ միջադեպերի պատասխանատվությունը կրում են իշխանությունները, որոնք, իրենց հերթին, պարբերաբար թիրախավորում են լրատվականներին ու լրագրողներին՝ այդպիսով լրագրողների վրա հարձակվելու հիմքեր ստեղծելով։
Այս իշխանությունների կառավարման ընթացքում, լրագրողների և լրատվական գրասենյակների վրա հարձակումներն այդպես էլ իրավական որևէ գնահատականի չեն արժանացել, իսկ այսօր ոստիկանները, փաստորեն, ընդունելով, որ հարձակվող կողմը սխալ է, սպասել են մինչև լրագրողը դիմում գրի։ Ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող կնոջը բերման պետք է ենթարկեին, եթե անգամ դեպքի առնչությամբ դիմում չէր գրվել։
«Մեդիա պաշտպանը» նախաձեռնությունը անհանգստացնող է համարում ստեղծված իրավիճակը և հորդորում է լրագրողներին ու լրատվական համայնքին միասնական պայքարել ամենաթողության դեմ։
Հիշեցնենք, որ այսօր «Շուշին՝ ա) ադրբեջանական է, բ) հայկական է» տարբերակները պաստառի վրա նշելով՝ Yerkir.am-ի լրագրող Լիանա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, անձամբ ներկայացել է Կառավարության շենքի բակ և ընթերցել վարչապետի հայտարարությունը ԱԺ ամբիոնից՝ «ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։ Լրագրողը հայտարարել է՝ ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կկատարի իր խոստումը, կիջնի և պաստառի վրա գրված տարբերակներից մեկը կընտրի՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական։
Շրջակայքում գտնվող՝ Նիկոլ Փաշինյանի համակիր կանանցից մեկը, սակայն, հափշտակեց պաստառը, պատռեց ու սկսեց հարվածներ հասցնել և հրհրել լրագրողին։
Լիանա Սարգսյանը ամփոփեց ակցիան․ «Բռնությամբ ձեռքիցս խլեցին պաստառը, պատռեցին։ Այստեղ իրավիճակը բավականին վախեցնող է, այս իրավիճակը այլևս անհանդուրժելի է։ Ցանկացած պատեհ առիթի կարող եմ վարչապետին նորից այդ հարցադրումը անել, քանի որ ես, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ, ի վերջո, հասկանալ՝ մեր վարչապետը Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական»։
Տես նաև՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովողները հրում և մեկուսացնում են Շուշիի մասին հարց տված լրագրողին:
Տես նաև՝ Դատախազությունը ուսումնասիրում է Yerkir.am-ի լրագրողի պաստառը պատռելու հանգամանքը: