|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության և անկախության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Պանթեոնում Հայոց Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։