Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը զրուցել է 168.am-ի հետ։
– ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, թե «Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ, որտեղ առանցքային են ԼՂ հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, բայց առաջին հերթին՝ բանակցվում է Շուշիի հարցը»: ՀՀ ԱԳՆ-ից այս դատողություններն իրականությունից հեռու համարեցին: Այս համատեքստում կխնդրեի հետադարձ հայացք գցել և հիշեցնել` Շուշիի հարցը երբևէ առանցքային եղե՞լ է բանակցային գործընթացում, որ հիմա հանկարծ պիտի նորից վերադառնային դրան: Այսինքն՝ դիվանագիտական դաշտում երբևէ Շուշիի ճակատագիրը վտանգված եղե՞լ է:
– Ժնևյան բանակցությունները, ընդհանուր առմամբ, փակ են եղել, բանակցությունների բովանդակությանը և արդյունքներին տեղյակ չենք, դժվար է այս պահին հստակ գնահատել, չնայած որոշ ենթադրություններ կարելի է անել՝ համանախագահողների, ինչպես նաև՝ հայ և ադրբեջանցի դիվանագետների կցկտուր խոսքերից։
ԼՂՀ-ում, առավելապես՝ ազատագրված տարածքներում, հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը ամենավտանգավոր քայլերից մեկը կարող է լինել այս բնույթի բանակցություններում։ Սա խորամանկ քայլ է ու ծուղակ կարող է լինել հայկական կողմի համար։ Բոլորն էլ հասկանում են, որ հայկական կողմի հետ հնարավոր չէ խոսել ռազմական ճանապարհով հարցի լուծման ուղղությամբ։ Եվ կարծես ընտրվել է հարցի «փափուկ» լուծման ուղին՝ «հայ և ադրբեջանցի ժողովուրդներին նախապատրաստել «խաղաղությանը»՝ համատեղ բնակություն հաստատելով ազատագրված տարածքներում։
Ակնհայտ է, որ նման պայմաններում հայերը չեն վերադառնալու Ադրբեջանի բնակավայրեր (Բաքու, Սումգայիթ, Գանձակ և այլն)։ Իսկ ազատագրված տարածքներում, նախքան արցախյան գոյամարտը՝ հայ բնակչությունը նոսր է եղել ու այսօր էլ, Ադրբեջանի 1988-1992թթ.-ի հայասպան քաղաքականության արդյունքում՝ սփռվել է աշխարհով մեկ կամ հիմնարար հաստատվել ՀՀ բնակավայրերում, որոնց մեծամասնությունն այլևս փախստականի կարգավիճակ չունի։ Բացի դա, հատկապես ազատագրված տարածքներում հայերի դուրսմղումը սկսվել էր դեռևս դարեր առաջ, մասնավորապես՝ 18-20-րդ դարերում, երբ սկզբում հարավից Արցախ ներթափանցեցին վաչկատուն թյուրքական ցեղերը և բռնությամբ հաստատվեցին Արցախի և Ուտիքի հատկապես դաշտային հայկական գավառներում ու բնակավայրերում՝ փոխելով կամ աղճատելով այդ տարածքների ժողովրդագրական պատկերը, այնուհետև՝ 1918-1920թթ.-ին, արհեստական ստեղծված Ադրբեջանի Հանրապետության հակահայկական քաղաքականության արդյունքում, որ ուղեկցվում էր նախագծված ջարդ-կոտորածներով, էլ ավելի հայաթափվեցին այդ գավառները, իսկ խորհրդային տարիներին Ադրբեջանի ԽՍՀ շարունակաբար վարած հակահայ քաղաքականության հետևանքով՝ այդ տարածքներում հայության փշուրներ էին մնացել։
Վառ օրինակ է Նախիջևանի ԻԽՍՀ-ն, որտեղ խորհրդային կարգերի հաստատման սկզբում դեռևս 44%-ը հայեր էին, բայց արցախյան գոյամարտից առաջ հազիվ բնակչության 1-2%-ն էին մնացել, որոնք էլ վերջնական դուրս մղվեցին 1988-1989թթ.-ին։
Վերադառնալով հարցին՝ վստահ եմ, որ ազատագրված տարածքներ վերադարձողներն ադրբեջանցիները կլինեն, քանի որ նախորդող քառորդ դարում Բաքվի իշխանությունները մտածված նրանց պահել են փախստականի կարգավիճակում՝ հատուկ ճամբարներում, որպեսզի շահարկեն շատ փախստական ունենալու հանգամանքը, այն դեպքում, երբ Հայաստանի համեմատ՝ ունեին տնտեսապես ավելի բարվոք վիճակ և վաղուց կարող էին այդ մարդկանց կեցությունն ապահովել։ Ադրբեջանի նախկին հայ բնակչությունն այնքան շատ անշարժ գույք, տուն է հարկադրված թողել, որ կարող էին հենց միայն դրանով լուծել այդ մարդկանց ապրելու հարցը։ Բայց նրանց Ադրբեջանի բռնապետական իշխանություններն այդ վիճակում պահել են շահարկման համար և հիմա որպես խաղաքարտ՝ կփորձեն օգտագործել։ Ամփոփելով ԼՂՀ-ում «հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծման» հարցը, վստահությամբ կարող եմ ասել՝ եթե այդպիսի չարաբաստիկ քայլն իրականանա, վստահ եմ, որ նոր հայ-ադրբեջանական սահմանագիծը կանցնի այնտեղով, որտեղով կտեղակայվեն այդ գոտիների «անվտանգությունն» ապահովող «խաղաղապահ» ուժերը։
Իսկ Շուշիի հարց, որպես այդպիսին՝ առանձին քննարկելի բանակցային հարց չեմ հիշում, որ երբևէ գոյություն ունեցած լինի։ Այն տեղավորվում է ընդամենն ադրբեջանական կողմի ընդհանուր պահանջատիրության շրջանակում, այսինքն՝ Արցախի ինքնորոշման իրավունքը չճանաչելու, Արցախն Ադրբեջանի անքակտելի մաս համարելու և ադրբեջանցի բնակչության վերադարձն ապահովելու՝ իրենց անզիջում քաղաքականության շրջանակում։
– Դուք տարբերություն տեսնո՞ւմ եք «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» և «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպումների միջև: ՀՀ ԱԳՆ-ն ասում է, որ այս տերմինը գործածության մեջ է 1992 թվականից:
– Սկզբունքորեն նույն բանն է, եթե Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախի անկախ Հանրապետության հռչակման շրջանակում է դիտարկվում։ Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի օրինական անկախությունը, օրինական պետականությունը և արցախահայության օրինական ինքնորոշումը։ Եթե արցախահայությանը դիտարկում են համայնք ու հավասարեցնում շրջանառության մեջ դրված «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» շինծու հասկացության հետ՝ հետևաբար՝ պետք է ձեր նշած ձևակերպումները հստակեցնել բովանդակային իմաստով և ոչ մի պարագայում զուգահեռներ չտանել ու չհավասարեցնել այդ երկու անհամեմատելի հասկացությունները։ Արցախում չկա հայ համայնք, կա պետություն և այդ պետության բնակչություն՝ քաղաքացու կարգավիճակում։
– Ինչպե՞ս եք գնահատում Արցախում վերաբնակեցման քաղաքականությունը, ի վերջո, վերաբնակեցումն անվտանգության կարևոր բաղադրիչ է: Այստեղ կա՞ն թերացումներ:
– Արցախում վերաբնակեցման հարց չկա, քանի որ Արցախը մշտապես, հազարամյակներով ունեցել է բնիկ հայ բնակչություն։ Եթե խոսքը վերաբերում է պատմական Հայաստանի Արցախի, Ուտիքի և Սյունիքի երբեմնի հայկական գավառներին, որոնք վերջին 200-250 տարում բռնության կամ հատուկ վարված քաղաքականության արդյունքում հայաթափվել էին ու 25-26 տարի առաջ վերջնականապես ազատագրվել, վերադառնալով պատմական տերերին՝ հայերին, ու դառնալով վարչական շրջաններ կամ շրջանների մասեր Արցախի Հանրապետության կազմում, ապա այո, խնդիր կա։ Պետք է մշակվի այդ տարածքների վերաբնակեցման հայեցակարգ-ճանապարհային քարտեզ։ Ցավոք, հետզինադադարյան տարիներին կցկտուր-կարկատանային քաղաքականություն է եղել։ Բայց սա մեր պետականության անվտանգության հարցն է առաջին հերթին, և սա պետք է դիտարկել՝ որպես հրատապ լուծման կարիք ունեցող հարց։ Պետք է բոլորս հասկանանք մի բան. ազատագրված տարածքները բեռ չեն, այլ հակառակը՝ զարգանալու հնարավորություն։ Հետևաբար՝ ճիշտ է ու անքննարկելի այս հարցում ՀՅԴ կարգախոսը՝ «Զարգանալ՝ չզիջելո՛վ»։
– Արցախում սպասվող խորհրդարանական և հատկապես նախագահական ընտրությունների արդյունքները կարծես թե նախորդների համեմատ պակաս կանխատեսելի են, ինչը գուցե իր վատ կողմերն ունի: Չնայած բավականաչափ թեկնածուների մեջ գլխավոր դերակատարները 2-3-ն են, թերևս: Եթե կուսակցական (ՀՅԴ-Մ.Պ.) դիտարկումներից մի պահ հեռանանք, Ձեզ համար պա՞րզ են ընտրությունների պատկերի ընդհանուր ուրվագծերը, հնարավոր զարգացումները:
– Համամիտ եմ, որ կանխատեսելիությունը քիչ է, բայց ո՛չ, պարզ չեն։ Ուղղակի այս պահին անձնապես ապավինում եմ արցախահայության լայնախոհությանը և ողջամտությանը՝ ճիշտ ընտրություն անելու հարցում։ Արցախահայությունը հայության մեջ ամենից երկար ինքնիշխան պետականություն ունեցած հատվածն է՝ մինչև 387 թվականի բաժանումը՝ Մեծ Հայքի կազմում, այնուհետև՝ Աղվանքի (Առանշահիկների) ինքնուրույն թագավորության, հետագայում՝ Խամսայի Մելիքության և այլ կազմավորումների տեսքով։ Հուսով եմ, որ ճիշտ ընտրություն կկատարի թե խորհրդարանական, և թե նախագահի ընտրության հարցում՝ չվտանգելով իր իսկ գոյությունը և չթուլացնելով պետականությունը։ Արցախում ծայրահեղություններ, ցնցումներ և խամաճիկային իշխանություններ հաստատ պետք չեն։
– Համամի՞տ եք այն մտահոգություններին, որ Արցախում հեղափոխական տարրեր են նկատվում՝ ոչ դրական առումով:
– Ցավոք՝ այո։ Կեղծ օրակարգերով, կեղծ խաղաղասիրական ուժերն ընտրությամբ չպետք է ազդեցություն ձեռք բերեն։ Պատերազմը դեռևս չի ավարտվել, գինը շատ թանկ կարող է նստել ոչ միայն՝ Արցախի, այլ նաև՝ ողջ հայկական պետականության համար։ Մեզ հիմա համախմբվածություն է պետք։
– Տեղափոխվենք ռազմաքաղաքական հարթություն. ՀՀ ռազմական դոկտրինն ընդունվել է 2007-ին, որոշ ժամանակ առաջ խոսակցություններ եղան, որ նորի մշակման գործընթաց է սկսվելու, Ըստ Ձեզ՝ որպես ռազմական փորձագետ, ներկա արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում, նոր խաղացողների առկայության պարագայում, բացի մեր հիմնական սպառնալիքներից` Ադրբեջան, Թուրքիա, ի՞նչ նոր խնդիրներ և հանգամանքներ պիտի ներառվեն ռազմական նոր դոկտրինում:
– Տարողունակ հարց է, բայց փորձեմ համառոտ, ընդհանուր գծերով ասել։ Քանի դեռ պատերազմն Ադրբեջանի հետ չի ավարտվել, քանի դեռ մերձավորարևելյան տարածաշրջանը եռում է, քանի դեռ չի ավարտվել աշխարհի նոր վերաձևումը՝ հայկական պետականությունների ողջ տնտեսությունը պետք է հարմարեցվի պատերազմական իրավիճակին, մեծացվի ռազմական և դիվանագիտական զգոնությունը, բանակն օրեցօր հզորացվի, և ձևավորվի կուռ ու համերաշխ հանրություն՝ առաջիկա մարտահրավերներին դիմակայելու և, ոչ միայն՝ անկորուստ, այլև՝ նոր ձեռքբերումներով դուրս գալու ու առաջ գնալու համար։